Պոնիչալա անունով երկիրը
Կոլտնտեսության 44 համարի ավտոբուսում ինձ սիրալիր կերպով տեղ է զիջում ադրբեջանցի մի տղա: Հետևում հայերեն են խոսում, կողքս մեկը ռուսերեն է խոսում: Լիքը լցված ավտոբուսը դանդաղ շարժվում է դեպի հարավ՝ Թբիլիսիի հեռսվոր արվարձաններ:
Պոնիչալան պատկանում է Թբիլիսիի Կրծանիսի շրջանին: Այն մինչ այժմ ընկալում են որպես ոչ ուրբանիստական բնակավայր: Նախկինում Գարդաբանի շրջանին էր պատկանում, որի բնակչությունը զբաղվում էր բանջարաբուծությամբ և անասնապահությամբ:
Ավելի ուշ՝ Ռուսթավիի մայրուղու կառուցմանը զուգահեռ, այստեղ սկսեցին աշխատել ֆաբրիկաներ: 70-ականների սկզբին բանվորներին խրախուսելու համար այս տեղանքում սկսեցին բարձրահարկ շենքեր կառուցել:
Այսօրվա դրությամբ ոչ մի խոշոր ձեռնարկություն՝ ոչ նախկին եռակցման գործարանը, ոչ ձկնային տնտեսությունը, չեն գործում:
Նրանց փլատակների վրա ձևավորվում են նոր ձեռնարկություններ: Ոմանք աղբանոցի վերածվող գործարանի տարածքը հարմարացրել են կահույքի, մյուսները՝ պատրաստի ապրանքի փաթեթավորման արտադրամաս հիմնելու համար, ոմանք էլ մետաղի թափոնի ընդունման կետ են բացել:
Այսպիսով, Պոնիչալան դանդաղ, բայց վերածնվում է որպես արդյունաբերական թաղամաս:
Թվում է, թե սա առանձին աշխարհ է՝ նույնությամբ կտրված ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Գարդաբանից:
Ավտոբուսի վերջին կանգառը վերին Պոնիչալայում իմ ճամփորդության սկիզբն է: Այստեղից ոչ հեռու գտնվում է Պոնիչալա երկաթգծի կայարանը: Պլատֆորմը չի գործում, սակայն կայարանի նախկին շենքը այժմ կարծես մահացած լինի: Կայարանի կիսաքուն աշխատակիցն ինձ հաղորդում է, որ այստեղով է անցնում գնացքը Հայաստանից:
Բազմաթիվ տարիներ շարունակ Պոնիչալայում կողք կողքի ապրում են վրացիներ և հույներ, ադրբեջանցիներ և հայեր: Հունական և հայկական շրջանները երկաթգծի կայարանի կողքն են: Մասնավոր բնակավայրի նեղ փողոցով քայլող տարեց բնակիչ Ալի Աջիբեկովը պատմում է անցած ժամանակների մասին: Նրա խոսքով, հույները լքել են այս շրջանը 90-ականներին:
«Այստեղ հույներն էին ապրում, — մատնացույց է անում նա, — տները վաճառեցին հեռացան: Մենք լավ հարաբերությունների մեջ էինք, չէինք վիճում:»
Ալին ասում է, որ Վրաստանը այն մարդկանց երկիրն է, ով այն իր հայրենիքն է համարում՝ անկախ կրոնից և դավանանքից:
Պոնիչալայում բոլոր կորպուսները նման են միմյանց, և այդ միօրինակությունն անգիտակցաբար վերադարձնում է խորհրդային ժամանակաշրջան:
Գլխաշորերով կանայք վաճառում են հագած հագուստ, որը կախված է մանկապարտեզի կողքը: Շարքով կանգնած են բազմաթիվ կրպակները, որտեղ ամեն ինչ վաճառում են, նաև ալկոհոլ, դրանք նման են Թբիլիսիում 90-ականների բացված կրպակներին: Դրանցից մեկի անունը «Բրոդվեյ է»:
Այստեղ է գտնվում նաև խնջույքների ձանձրալի տեսք ունեցող սրահը: Իսկ պլաստիկե հարդարանքով սրճարանում տեղի տղամարդիկ խեթ հայացքներ են գցում վրաս և հետաքրքրվում, արդյոք մարզպետարանից չեմ:
1980-90-ականներին Պոնիչալան իսկական գանգստերների բնակավայր էր: Այստեղ ազատ վաճառվում էր թմրանյութ, իսկ հարցերը լուծվում էին հրազենի միջոցով:
Այժմ էլ ամեն ինչ այնքան լավ չէ: Պոնիչալան հազվադեպ է հայտնվում կենտրոնական հեռուստաալիքների լրատվական ծրագրերում, այն էլ միայն քրեական խրոնիկաներում:
«Պոնիչալայում հարձակում է տեղի ունեցել. 47-ամյա տղամարդը կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ է ստացել:»
«Մոր վիզը կտրել են, երեխային՝ վառել. Վայրագ սպանություն Պոնիչալայում:»
«17-ամյա Սամիրա Բայրամովային փախցրել են Պոնիչալայից:»
«Պոնիչալայում սպանվել է 23-ամյա Պիկրատ Ահմեդովը,- ասվում է Ռուսթավի-2-ի 2016թ-ի լրահոսում:»
Տեղացիներն ասում են, որ երիտասարդությունը կորցրել է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, իսկ պետությունը մոռացել է նրանց մասին:
Նինան ամուսնուն կորցրել է օգոստոսյան պատերազմում: Թոշակը չէր հերիքում, այդ պատճառով էլ փոքր բիզնես է հիմնել՝ բաժակով օղի է վաճառում կիսաքանդ կրպակում: Գնորդները շատ են: Նրա խոսքով, մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում և ցավը խլացնում են օղիով:
Նինան մանրամասն և մեծ ոգևորությամբ պատմում է, որ 19 տարեկանում աշխատել է էլեկտրաեռակցման գործարանում, որքան լավ էր կյանքն այն ժամանակ և ինչպես այդ ամենը փոխվեց:
Պոնիչալայում ամենուր զգում ես ծանր սոցիալական կյանքի դեպրեսիվ լիցքերը: Դա զգացվում է նաև Սուրգուլաձեի փողոցում բնակվող 98-ամյա Կառլո Զարդիաշվիլիի ընտանիքում, որն ամեն օր սնվում է չունևորների ճաշարանում, և փողոցում խաղացող խղճուկ հագնված երեխաների, և մասնավոր տների ժանգոտած ճակատային հատվածի մեջ:
Պոնիչալայի բնակիչները առավոտ կանուխ ուղևվորվում են “քաղաք: Շատերն աշխատում են հագուստի և մթերքի շուկայում: Երեկոյան 8-ից հետո հասարակական տրանսպորտը լիքն է: Ռուսթավիի երթուղայինները մեծ թեթևություն են բնակչության համար: Դրանք աշխատում են մինչև ուշ գիշեր և անցնում են ներքին Պոնիչալայով:
Վերին Պոնիչալայում քաղաքային աղմուկն ավելի քիչ է: Առաջին անգամ այստեղ հայտնվելիս տարօրինակ զգացողություն է լինում՝ կարծես ոչ քաղաքում լինես, ոչ էլ գյուղում: Այս զգացողությունը հաստատվում է, երբ տեսնում ես կորպուսների միջև ասֆալտապատված բակերում առանձնացրած հողակտորներն ու բանջարանոցները: Այստեղ ոչ ոք չի զարմանա փողոցում քայլող կովեր կամ անտիկվար “Ժիգուլի մեքենա տեսնելիս:
Մթնում է: Պոնիչալայից վերադառնում եմ Ռուսթավիի երթուղայինով: Ուղևորները լռում են: Հին Թբիլիսիի հղկված փողոցներում զբոսաշրջիկների ուրախ խումբը գրավում է անցորդների ուշադրությունը և, չգիտեմ ինչու, Պոնիչալայի հետ կոնտրաստը կրկնակի ցավոտ է դառնում:
Հրապարակվել է 25.04.2016