«Պետք է ամեն ինչ սկսել զրոյից»․ հայ տնտեսագետը՝ իրանական շուկա մուտք գործելու մասին
Իրանական ապրանքների առևտրի կենտրոն Երևանում
Առաջիկա երկու ամիսների ընթացքում Իրանը մտադիր է Հայաստանի մայրաքաղաքում բացել առևտրի կենտրոն։ Այնտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 իրանական ընկերություններ։
Իրանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ Թեհրանում էլ հայկական ապրանքների նման կենտրոն բացվի։ Ներկա պահին այդ թեմայով բանակցություններ են ընթանում։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի գնահատմամբ՝ իրանական շուկան թերագնահատված է, կա համագործակցության պոտենցիալ, որը լիարժեքորեն չի օգտագործվում։
Հայ-իրանական տնտեսական կապերի ներկա փուլի մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության դիտարկմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։
«Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը»,- նշում է գերատեսչությունը։
Հաղորդվում է, որ Երևանում բացվելիք առևտրի կենտրոնը զբաղեցնելու է մոտ 18 հազար քառակուսի մետր տարածք, նախագիծն իրանական կողմի ֆինանսավորմամբ է իրականացվելու։
Եթե Թեհրանում հայկական ապրանքների առևտրի կենտրոն բացվի, ծախսերն իր վրա պետք է վերցնի Հայաստանը։
Երևան-Թեհրան առևտրային կապերի մասին
Հայաստանի արտաքին գերատեսչությունը պարբերաբար ներկայացնում է տվյալներ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ 2022 թ․-ի հունիսի վերջին թարմացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանն Իրան է արտահանում էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ, մետաղի թափոններ։
Իրանից ներմուծվող հիմնական արտադրատեսակներն են՝
- գազ,
- նավթամթերք,
- պոլիմերներ,
- պարարտանյութ,
- շինանյութեր։
ԱԳՆ կայքում հրապարակված աղյուսակից պարզ է դառնում, որ 2021 թ․-ին ներմուծման ծավալները գրեթե 6 անգամ գերազանցել են արտահանման ծավալներին։
Նշվում է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն է նպաստում նաև զբոսաշրջությունը․ Իրանից Հայաստան ժամանումների ցուցանիշներում շարունակաբար աճ է գրանցվում։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ իրանական շուկան մեծ է ու հետաքրքիր։
«Այս պահին թվային գնահատական տալ չեմ կարող, բայց ակհայտ է, որ կա համագործակցության պոտենցիալ, որը լիարժեքորեն չի օգտագործվում»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Քթոյանը։
Նրա խոսքով՝ հայ-իրանական համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել, սակայն առայժմ միակողմանի բնույթ ունի․ Հայաստանը մի քանի անգամ շատ ներմուծում է, քան արտահանում․
«Իրանական ուղղությունը կարող է օգտագործվել նաև Պարսից ծոց դուրս գալու համար։ Արտահանման առումով տարածաշրջանում էլի կան հետաքրքիր շուկաներ»։
Տնտեսագետի գնահատմամբ՝ իրանական շուկան որոշ առումներով թերագնահատված է՝ ի տարբերություն, օրինակ՝ ռուսական շուկայի։
«Մեր արտադրողների համար հարմարավետ չէ այնտեղ հարաբերություններ հաստատելը․ մշակութային տարբերություններ ու լեզվական խոչընդոտներ կան։ Նախկինում այդ շուկայում իրենք ներգրավված չեն եղել և պետք է ամեն ինչ զրոյից սկսեն, իսկ ռուսական շուկան նախկին՝ խորհրդային կապերի շարունակություն կարող է դիտվել։ Եթե այս բոլոր դժվարությունները հաղթահարվեն, ապա դեպի Իրան արտահանման որակական տեղաշարժ կարող է լինել»,- ընդգծել է Արմեն Քթոյանը։
Դժվարանում է ասել՝ Իրանում նմանատիպ առևտրի կենտրոնի բացման դեպքում հայկական որ ապրանքներն ավելի պահանջված կլինեն։ Ըստ նրա՝ աշխատանքը պետք է սկսել ոլորտային հետազոտությունից։
«Հնարավոր է՝ մրցակցային առավելություն հայտնաբերվի այնպիսի ոլորտներում, որ մենք չենք էլ սպասում»,- ընդգծել է փորձագետը։
Իրանական ապրանքների առևտրի կենտրոն Երևանում