Պետությունը վաճառում է աղջիկներին
Դպրոցական աղջկա հերթական առևանգումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին ադրբեջանական գյուղում:
Օրը ցերեկով Մառնեուլի շրջանի Թաքալո գյուղում հանրային դպրոցին հարող տարածքից տղամարդն առևանգել է 12-րդ դասարանցուն հետագայում նրա հետ ամուսնանալու նպատակով: Երկու օրից նա ինքն է առևանգվածին տուն վերադարձրել՝ հայտարարելով, որ աղջիկը համաձայն է իր կինը լինել առանց որևէ պարտադրանքի:
Այնուհետև իրադարձություններն ընթացան սովորական հունով, ինչպես հարյուրավոր նման դեպքերում. ծնողները պայմանավորվեցին առևանգողի հետ և աղջկան ամուսնացրին հետը: Ոստիկանությունն առևանգողի վերաբերյալ գործառնական համաձայնագիր ձևակերպեց և ազատեց նրան՝ փոխարենը զգալի գրավ փոխանցվեց բյուջե: Այս պայմանավորվածությունների-համաձայնությունների ողջ ընթացքում աղջկա ձայնը լսելի չէր: Միայն օտարներից հայտնի դարձավ, որ նա համաձայն է ամուսնությանը:
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը JAMnews-ին հաղորդեց, որ ոստիկանությունը հարցաքննել է և՛ առևանգողին, և՛ աղջկան. «Երկուսն էլ հայտարարել են, որ 4 տարի է՝ սիրում են միմյանց, տղամարդը մի քանի անգամ եկել է նրանց տուն ձեռքը խնդրելու: Չնայած, որ աղջիկը համաձայն է ամուսնանալ, քննությունն այնուամենայնիվ շարունակվում է»:
Մի փոքր այլ վարկած ունի առևանգվածի քույրը, որը ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ չէր պատրաստվում ամուսնանալ, և իրեն առևանգել են իր կամքին հակառակ:
Սա առաջին և ենթադրաբար վերջին դեպքը չէ, երբ առևանգում են անչափահաս աղջկան, և հանցագործությունը չի պատժվում: Առավել հաճախ են առևանգումները Վրաստանի ադրբեջանական գյուղերում:
Վիճակագրությունն անմխիթար է:
Ժողովրդական պաշտպանի տեղեկատվության համաձայն՝ 2011-2014թթ-ին Վրաստանում ուսումը դադարեցրել է 4599 9-րդ դասարանի աշակերտուհի: 2015թ-ին 611 անչափահասի ամուսնություն է գրանցվել, 2014-ին՝ 665:
Օմբուդսմենի 2016թ-ի հաշվետվությունում ասվում է, որ, կրթության նախարարության ներկայացրած վիճակագրության համաձայն, 2015թ-ին 13-17 տարեկան 408 աշակերտ է դադարեցրել ուսումն ընտանիք կազմելու պատճառով, 168 դեպքերում 18 տարեկանը լրացրածներն են դադարել սովորել:
Ենթադրաբար այդ տվյալները ճշգրիտ չեն, և իրավիճակն ավելի ողբերգական է, քանի որ պարզվել է, որ Քվեմո Քարթլիի մունիցիպալ միավորներում, որտեղ իրավիճակն ամենածանրն է, դպրոցների մանկավարժներն ու տնօրենները տեղեկատվություն չեն տրամադրում, թե քանի աշակերտ է թողել ուսումն ընտանիք կազմելու պատճառով:
Քվեմո Քարթլիում, որտեղ հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում, վաղաժամ ամուսնությունները սովորական բան են, և, ինչպես տեղացիներն են ասում, դա ադրբեջանական ավանդույթների մի մաս է:
Ակնհայտ է, որ նման բացատրությունների են բախվում նաև իրավապահ մարմինները, որոնք հաճախ աչք են փակում նմանատիպ դեպքերի վրա, որոնք Վրաստանի օրենսդրության խախտում են:
«Վաղաժամ ամուսնությունները բռնություն են աղջիկների հանդեպ», «Աղջիկներին բռնարարների հետ մի՛ ամուսնացրեք». այսպիսի գրառումներով պաստառներով մի քանի տասնյակ մարդ էր ապրիլի 30-ին հավաքվել Վրաստանի դատախազության մոտ: Նրանք պահանջում էին, որպեսզի ներքին գործերի նախարարությունն ու դատախազությունն օրենքը կատարեն և համապատասխան ձևով արձագանքեն ադրբեջանական համայնքում աղջիկների առևանգմանը:
«Դատախազությունը սպասում է, որ ընտանիքները պայմանավորվեն, այնուհետև գործառնական համաձայնության արդյունքում ազատ է արձակում առևանգողին: Այդպես է եղել նաև այս դեպքում: Ոստիկանությունն ինքը չի գտել այդ տղամարդուն: Հետո, երբ նա հայտնվել է, նրան հարցաքննել են և բաց թողել: Անչափահասին ազատությունից զրկելը պատժվում է Վրաստանի Քրեական օրենսգրքով: Դա քրեական գործ է», — ասում է իրավապաշտպան Բաիա Պատարայան:
Վրաստանի օրենսդրությունը բավականին խիստ է այն անձանց հանդեպ, որոնք ցանկանում են սեռական կապի մեջ մտնել կամ ամուսնանալ անչափահասի հետ.
- Քաղաքացիական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնությունն անթույլատրելի է մինչև 18 տարեկան հասակը:
- Ազատությունից ապօրինի զրկելը պատժվում է ՔՕ 143-րդ հոդվածի համաձայն 2-4 տարվա ազատազրկմամբ: Նույն գործողությունները անչափահասների հանդեպ պատժվում են 7-10 տարվա ազատազրկմամբ:
- Մինչև 16 տարեկան անձի հետ սեռական կապը պատժվում է 7-9 տարվա ազատազրկմամբ:
Չնայած, որ օրենսգրքի 1501-րդ հոդվածն իրավապաշտպաններին հնարավորություն է տալիս առևանգված աղջկա ընտանիքի համաձայնության դեպքում գործն ավարտել գործառնական համաձայնագրով և առևանգողին տուգանել 6-14 հազար լարիի չափով:
Քրեական օրենսգրքի հենց այս հոդվածն են առավել հաճախ օգտագործում: Իսկ արդյունքում վաղաժամ ամուսնացած հազարավոր աղջիկներ մնում են առանց կրթության: Նրանք մասնագիտություն չունեն, հետևաբար՝ նաև աշխատանք, և ողջ կյանքն ամբողջությամբ կախված են մնում ամուսնուց և նրա ընտանիքից՝ զրկված լինելով սեփական ազատությունից:
ՄԱԿ Բնակչության ֆոնդի՝ տարբեր տարիների հավաքագրված տվյալների համաձայն՝ Վրաստանի կանանց 17%-ն ամուսնացել է մինչև 18 տարեկան հասակը, իսկ ամուսնությունից հետո նրանց մեծ մասը հնարավորություն չի ուեցել բարձրագույն կրթություն ստանալու:
Պետությունը, որը պնդում է, որ պահպանում է ժողովրդավարական սկզբունքները, սակայն զուգահեռ աջակցում է աղջիկների հանդեպ բռնության տարբեր արտահայտումներին, նման հանցագործությունների հանցակից է, կարծում են իրավապաշտպանները:
«Պետությունը փաստացի վաճառում է այդ աղջիկներին գործառնական համաձայնագրում նշված տուգանքի գումարի չափով: Այդ աղջիկների առևանգման հաշվին լցվում է պետական բյուջեն», — ասում է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Աննա Աբաշիձեն:
Աբաշիձեն ուշադրություն է հրավիրում ևս մեկ կարևոր մանրամասնի վրա. գենդերային կողմից զատ, բանը վերաբերում է նաև երեխաների իրավունքների խախտմանը. «Այդ աղջիկների համար օտարներն անչափահաս տարիքում ընտանիք են ստեղծում: Դա երեխաների շահագործում է, և ավելի ծանր հանցագործությունը դժվար է պատկերացնել»:
Իրավապաշտպանները հայտարարում են, որ առևանգումները հաճախ զուգակցվում են աղջիկների հանդեպ սեռական բռնությամբ, ինչին զոհերը չեն դիմադրում և բացահայտ երբեք չեն խոսում.
«Աղջիկներին չեն աջակցում իրենց ընտանիքները, որոնք չեն ուզում, որ նրանք տուն վերադառնան՝ դա խայտառակություն համարելով: Աղջիկներին չի աջակցում պետությունը, հասարակությունը: Այդ պատճառով էլ զոհերն այլ ճանապարհ չունեն: Նրանք ստիպված են համակերպվել ճակատագրին», — ասում է «Կնոջ հայացք» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Գվանցա Խոնելիձեն: