Պետանվտանգության ծառայություն. գլխավոր վտանգը ռուսական օկուպացիան է
Հաշվետվությունում, որն ամեն տարի ներկայացնում է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը, խոսվում է այն մասին, որ Վրաստանի ինքնիշխանության համար գլխավոր վտանգը վրացական տարածքների օկուպացիան է և օկուպացված շրջաններում ռուսական զինված ուժերի տեղակայումը:
Հաշվետվությունում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի ոչ ֆորմալ բռնակցումն ու այդ շրջանների նպատակաուղղված մեկուսացումը, ընդլայնում է այնտեղ իր ռազմական ներկայությունը, խախտում մարդու իրավունքները՝ մարդկանց ապօրինի ձերբակալելով, և ոտնահարում տեղի բնակչության արժանապատվությունն՝ ըստ ազգային հատկանիշի, որի զոհն են դառնում վրացի բնակիչները: Այդ ամենն, ինչպես ասված է ՊԱԾ հայտարարությունում, Պետանվտանգության ծառայության համար գլխավոր մարտահրավերն է:
Հաշվետվությունում նշված են այդ շրջաններում վերջին ժամանակներս Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների հստակ օրինակներ.
• 2017թ-ին Ռուսաստանի և Աբխազիայի ներքին գործերի նախարարությունները համատեղ «Տեղեկատվական-համակարգման կենտրոն» են ստեղծել,
• 2017թ-ի նոյեմբերի 1-ին Սուխումիում բացվել է այսպես կոչված մասնագիտացված մաքսակետ, որը ենթարկվում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը,
• Հարավային Օսիայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ վերաենթարկեցվել են ՌԴ պաշտպանության նախարարությանը,
• 2017թ-ի ապրիլի 9-ին «հանրաքվե» է կայացել, որի արդյունքում Ցխինվալիի շրջանը վերանվանվել է «Հարավային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Պետություն» [ՌԴ սուբյեկտ «Հյուսիսային Օսիա-Ալանիայի» նմանությամբ], ինչը հանգեցնում է «Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների ուժեղացմանը, որի վերջնական նպատակը Վրաստանի պետական տարածքից շրջանի լիակատար անջատումն է», — ասված է ՊԱԾ հաշվետվությունում:
• Օկուպացված շրջանների ուժեղ ֆինանսական կախվածությունը ռուսական բյուջեից: «2017թ-ին Ռուսաստանի ֆինանսական օգնությունը կազմել է Աբխազիայի այսպես կոչված բյուջեի մոտ 48%-ը (88մլն ԱՄՆ դոլար), իսկ Ցխինվալիի «բյուջեին» օգնությունը կազմել է մոտ 90% (121մլն ԱՄՆ դոլար)», — ասված է հաշվետվությունում:
Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը կարծում է, որ Ռուսաստանի այս հստակ քայլերն ուղղված են ինստիտուցիոնալ մակարդակում Սուխումիի և Ցխինվալիի այսպես կոչված ինքնիշխանությունների լուծարմանը և նրանց հետ ստորագրած «դաշնակցային համաձայնագրերի» պրակտիկ իրագործմանը:
«Լիովին ակնհայտ է, որ Մոսկվայի ռազմավարական նպատակն այդ տարածքների դե ֆակտո գերատեսչությունների ծառայությունների գործառույթների հանդեպ լիակատար և արդյունավետ վերահսկողություն սահմանելն է (այսպես կոչված «սահմանների պահպանությունը», «մաքսային սպասարկումը», «իրավապահ կառույցները», «ռազմական կառույցները» և այլն)», — ասված է Վրաստանի ՊԱԾ հաշվետվությունում:
Դրանում նշվում է նաև, որ Սուխումիում և Ցխինվալիում ապօրինի ֆինանսական գործառնությունների իրականացման համար պարարտ հող կա, ինչն արդյունավետ օգտագործում է Ռուսաստանը: Վրաստանի ՊԱԾ նախապատրաստած փաստաթղթի համաձայն՝ Ցխինվալիում բացված ռուսական բանկերի միջոցով Մոսկվան Ուկրաինայի օկուպացրած տարածքներ Լուգանսկի և Դոնեցկի հետ ապօրինի ֆինանսական գործառնություններ է իրականացնում: