Պացիֆիզմ կամ «մենք երբեք չենք կարող միասին ապրել»․ փոխակերպման պատմություններ
Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջացիները միասին ապրել և միմյանց ընկալել որպես հավասարը հավասարի, թե՞ թշնամիներ են մնալու և փորձելու են հակամարտությունն ուժով լուծել։ Կարևոր որոշումներն ընդունում են կառավարություններն ու քաղաքական գործիչները, սակայն սովորական քաղաքացիների դիրքորոշումից նույնպես շատ բան է կախված, հատկապես՝ խաղաղ համակեցության հեռանկարը։
Այս երկու պատմություններն այն մասին են, թե ինչպես և ինչու մարդիկ կարող են փոխել իրենց դիրքորոշումը։ Երկու հարցվածներն էլ Բաքվի բնակիչներ են, ղարաբաղյան երկու պատերազմների ականատեսը՝ 1991-1993 թթ-ի և 2020 թ-ի։
Այդին Մամեդով, 65 տարեկան
Խորհրդային տարիներին այլազգի շատ ընկերներ ունեի։ Ո՞վ չուներ։ Նրանց թվում կային նաև հայեր, հատկապես, որ Բաքվում այն ժամանակ հայերը շատ էին։ Նրանց մեջ կային և լավ հարևաններ, և լավ ընկերներ։
Այդ պատճառով էլ, երբ սկսվեց Ղարաբաղյան առաջին պատերազմն ու սկսվեցին այդ բոլոր պատմություններն այն մասին, թե ինչպես են հայերը երեխաներին սպանում և մեր աղջիկներին բռնաբարում, ես չէի ուզում դրան հավատալ։ Պատմում էին նաև, որ նրանց բանակում շատ են հանցագործները, օտարերկրյա ահաբեկիչները։ Դա բացատրում էր վայրագությունների մասին պատմությունները․ հանցագործներից ի՞նչ սպասես։
Անցան տարիներ, և ապրածի այդ ողջ ցավը մեղմվեց։ Աշխատանք, ընտանեկան գործեր, առօրյա կյանքին սովորում ես և մոռանում այն ամենն, ինչ եղել է։ Բացի այդ, այսքան տարի է անցել, ես արդեն չէի հավատում իմ կյանքի օրոք հողերի ազատագրմանը։
Բայց մի բանում վստահ էի․ ներկայիս երիտասարդությունն այնպիսին չէ, ինչպիսին մենք։ Միշտ համեմատվում է արտասահմանի հետ, պացիֆիստ դառնում։ Այդ պատճառով էլ ես կարծում էի, որ երիտասարդները կարող են հակամարտությունը մարդավարի լուծել, հատկապես՝ եթե Հայաստանի երիտասարդությունն էլ է այդպիսին։ Էլ չեմ ասում, որ 90-ականների այն հանցագործներն արդեն կամ ծեր են, կամ վաղուց դժոխքում են։
Իսկ հետո սկսվեց երկրորդ պատերազմը։
Ես այն ծանր տարա․ անգամ եթե երեխաներս ճակատում չեն, մի՞թե չպետք է մտահոգվեմ։ Չէի ուզում, որ ամեն ինչ այդպես լիներ։ Կարծում էի, որ գուցե ամեն ինչ սահմանափակվի մի շրջանով, հետո նրանք արագ կհանձնվեն, և էլ ոչ ոք ոչ մեկին չի սպանի։ Ամեն օր կատվախոտ էի խմում։
Սակայն այն օրը, երբ Գյանջայի վրա ռումբ ընկավ, փոխեց ամեն ինչ։ Այս անգամ չէի կարողանում արդարացնել այն, ինչ տեսել եմ համացանցում, և դա բնավ ավելի լավ չէր, քան 90-ականներին։ Զինվորը սպանում է զինվորին, միշտ այդպես է եղել։ Բայց ոչ երեխային։ Երբ տեսա այն լուսանկարը, որտեղ հայրը երեխային տանում է թաղելու, ինքնազգացողությունս վատացավ։
Այս պատերազմից հետո ոչ մի հավատ էլ չի մնացել, որ հայերի հետ կարող ենք ապրել այնպես, ինչպես պատերազմից առաջ։
Քյամրան Գուլիև, 42 տարեկան․
Մանկության տարիներին ես ուժեղ ազգայնամոլ էի։ Մեր բակում մի տղա էր ապրում, անունը չբացահայտելու համար Ջեյհուն անվանենք։ Նա մեկ քառորդով հայ էր, բայց մենք նրան պարզապես հայ էինք համարում։ Նա կոնֆլիկտային, կամակոր երեխա էր, և մեր տնեցիներն այդ վարքը վերագրում էին նրա ազգությանը։
Հիշում եմ, թե ինչպես բակի երեխաներին հավաքեցի ավտոտնակի մոտ և սկսեցի քարոզել, որ հենց հայերն են սկսել Ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ գաղափարն ինձ շատ օրիգինալ էր թվում։ Ջեյհունի զզվելի պահվածքը լրիվ տեղավորվում էր իմ տեսության մեջ։
Ես այն ժամանակ մոտ ինը տարեկան էի, և հետագա տասը տարվա ընթացքում այդպես էլ շարունակում էի կրկնել այն, ինչ ասում էին տանը․ հայերը գրավել են Ղարաբաղը, ինչպես եթե հարևանը պատի վրա անցք փորի և մեր սենյակներից մեկը «հենց այնպես» խլի։
Հայրենասիրական մեղրի այս տակառում մի գդալ կուպրն իմ առաջին սերն էր՝ Սարգսյան անունով մի աղջիկ հինգերորդ հարկից, որը մեկնեց 90-ականների սկզբին և որին ես երկար նամակներ էի գրում և այդպես էլ պատասխան չստացա։
Այնուհետև, կարդալով Հոլոքոստի մասին գրքեր (ընդհանրապես շատ գրքեր կարդալուց հետո), եկա այն եզրակացության, որ մարդուն իր ազգությամբ բնորոշելը տականքություն է և հարիր չէ մտածող էակին։
Հետո ևս մոտ մի տասնամյակ ես մտածում էի, որ, իհարկե, յուրաքանչյուր հայ չէ, որ թշնամի է, բայց լավ կլինի, որ պատերազմ չլինի, բայց եթե զորակոչեն, ստիպված կլինեմ պաշտպանել հայրենիքը, որովհետև տղամարդ եմ, և դրա հետ ոչինչ չես կարող անել։
Իսկ հետո այնպես ստացվեց, որ սկսեցի նորություններ կարդալ և հետաքրքրվել պատմությունով։ Եվ պարզվեց, որ այդ ողջ ընթացքում ես ապուշ էի։ Պատերազմն ընդհանրապես պետք չէր, այն ոչ մի իմաստ չուներ։ Եվ այս ողջ հակամարտությունը, հողի կռիվ տալը նույնպես անիմաստ է։
Կարելի էր պայմանավորվել, լուծել խնդիրը, սակայն մարդիկ ատում էին, սպանում միմյանց, մահանում, ուրիշներին նեղացնում և թույն շնչում սոցցանցերում։
Մինչև օրս ինձ ամենաշատը ցնցում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվածի անբարոյականությունը, ոչ թե այդ քաղաքական խաղերն ու ոսկորների վրա պարելը, այլ «մահ հանուն հայրենիքի» գաղափարի անսահման հիմարությունն ու անսահման պաթոսը։
Ինչի՞ց վերցրիք, որ հայրենիքն ուզում է մեզ մահացած տեսնել։
Իհարկե, մենք կարող ենք միասին ապրել։ Պարզապես չենք ուզում։ Որովհետև սիրելը դժվար է, մտածելը դժվար է, իսկ ատելն ու կռվելը՝ հեշտ, դա բոլորն են կարողանում»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։