Պատմում է Բաքվի գլխավոր հրապարակը
Շատրվանների հրապարակը Բաքվի ներսում քաղաքակրթության յուրօրինակ կենտրոն է: Եթե բաքվեցին ուզում է «մարդ տեսնել և իրեն ցույց տալ», նա գալիս է հենց այստեղ: Հենց հրապարակի շուրջ և մի քիչ հեռու՝ Նիզամիի փողոցում են գտնվում բոլոր իռլանդական փաբերը, բրենդային խանութները, բոլոր թանկ սրճարաններն ու հայտնի ֆասթֆուդերը:
Ի՞նչ ենք մենք տեսում հենց հրապարակում: Այստեղ արված է ամեն ինչ, որպեսզի զբոսաշրջիկն իրեն Եվրոպայում զգա, այլ ոչ թե Ասիայում: Մետաղական արձանները քաղաքացիներին են պատկերում (որքան վեճեր եղան MacDonald’s-ի առջև տեղադրած աղջկա շուրջ՝ «ինչո՞ւ է նա բաց որովայնով»), լապտերների կարմիր հիմքերն իրենց ողջ տեսքով հերքում են դասականը, հսկայական հողաթափի մեջ ծաղիկներ են աճում, և շուրջբոլորն ամեն ինչ մաքուր է և նոր:
Իսկական ճաղաշար
«Իսկական բաքվեցիներն ասում են «ճաղաշար»», — ինձ ասաց տաքսու մի վարորդ, երբ մենք խցանման մեջ էինք: Դրսում անձրև էր, շրջապատի մեքենաներն ազդանշաններ էին տալիս: Բարձրախոսներից «Այստեղ աղաջի է» երգն է լսվում: «Բաքվեցին միանգամից երևում է: Դու, օրինակ, բաքվեցի՞ ես»: Ես գլխով եմ անում ուղղակի չվիճելու համար:
Ինչ-որ «իսկականի, իրականի, ճշմարիտի» թեման շատ վիճելի է:
1859թ-ին (այժմյան Ադրբեջանի տարածքն այն ժամանակ գուբերնիաների էր բաժանված, որոնք Ռուսական կայսրության կազմ էին մտնում) Շամախի քաղաքում սարսափելի ավերիչ ուժով երկրաշարժ է եղել, և բնակչության մի մասն այնտեղից Բաքու է տեղափոխվել: Իսկ գուբերնիան Շամախիից վերանվանվել է Բաքվի (առաջին քաղաքի բացակայության պայմաններում):
Այնպես որ ամեն ինչ կախված է նրանից, թե պատմական որ ժամանակաշրջանում ենք մենք վերջակետ դնում և ասում՝ «ահա այստեղից սկսվում է ներկան»: Նույն կերպ է իրադրությունը Շատրվանների հրապարակի հետ կապված: Մինչև «ճաղաշար» դառնալն այն տարբեր անվանումներ է ունեցել և բոլորովին այլ տեսք: Իսկ սկզբում այստեղ ամայի տարածք էր:
Ընդհանրապես, ամեն ինչ սկզբում ամայի տարածք է եղել, և աստծո հոգին սավառնել է դրա վրա և տեսել, որ դա վատ է:
Մենք կանգ ենք առնում Տիկնիկային թատրոնի մոտ, տաքսու վարորդն ինձնից 10 մանաթ է վերցնում (կողոպտում է օրը ցերեկով, իրեն էլ բաքվեցի է անվանում), և ես կենտրոն եմ գնում՝ դեպի այդ հրապարակը:
80-ականների կեսերին և յոթ տարի առաջ կոսմետիկ վերանորոգումից հետո Շատրվանների հրապարակն այն չէ, ինչ նախկինում էր: Այստեղ 5 շատրվան կա, յուրաքանչյուրը ոճի առումով առանձին մի բան է, մեկը նույնիսկ գետաձիերով է: Բացի այդ, այստեղ շատ են կլոր, կոր և փայլելեու աստիճան մաքուր բաները, անձրևանոցով բրենզե աղջիկը՝ համապատասխան վայրերում ձեռքերի շփումից առաջացած մաշվածություններով:
Եվ այժմ թերևս այդ ամենը Շատրվանների հրապարակի, այնսինքն՝ Ճաղաշարի ժամանակակից խորհրդանիշներն են:
Մեր սրտին հարազատ էլ ինչե՞ր կան:
Իսկ ի՞նչ եղան բաքվեցիների համար այն «նշանակալից» վայրերն ու երևույթները, որոնք այլևս չկան: Մենք աշխատել ենք հավաքել պահպանված պատմություններն ու հարցաքննել բաքվեցիներին, թե ինչ հետաքրքիր բան կար առաջ Ճաղաշարում: Եվ նոստալգիայի համար ողջ հայտնի առիթների, օրինակ, տրամվայի և «Դինամո» խանութի հետ մեկտեղ շատ անսպասելի բաներ պարզվեցին: Օրինակ, էլիտար հասարակաց տունը:
Մարդիկ պատմում են հրապարակի մասին
Միշոնի ատելիեն
20-րդ դարի սկզբին Շատրվանների հրապարակը դարձավ քաղաքի ամենակենտրոնը: Բաքվում այն ժամանակ 30 ֆոտոատելիե կար: Նրանցից 5-ը հրապարակի վրա էր: Այստեղ էին տեղակայված նաև ռեստորաններ, բուտիկներ, ֆրանսիական գլխարկների խանութն ու քաղաքի ամենահամեղ հրուշակարանը:
Ամենաթանկը «Միշոնի ատելիեն» էր: Դեկորներով մեկ մեծ լուսանկարը 5 ռուբլի արժեր (բանվորի աշխատավարձը 10 ռուբլի էր):
Հասարակաց տունը
Եթե հրապարակից քայլես դեպի Նիզամիի փողոց, ձախ կողմի վրա կգտնես միլիոնատեր Մուսա Նագիևի տունը՝ գեղեցիկ անվանագրերով, որը կառուցվել է 1910թ-ին: Իսկ դրա առջև փոքր աննկատ շենք է: Այն մասին, թե ինչ է այդտեղ եղել, ոչ մի տեղ ոչինչ ասված չէ: Իսկ բանը հետևյալն է. դա էլիտար հասարակաց տուն է եղել:
Այստեղ պետք է վերադառնալ Ճաղաշարին
«Ճաղաշար», հնարավոր է, անվանել են ոչ միայն քարե ցանկապատի պատվին (որը կառուցել են դեռևս 191-րդ դարի վերջին՝ տարանջատելով հրապարակը), այլ նաև այն պատճառով, որ այնտեղ էին հավաքվում թանկ մարմնավաճառները: Այդ մասին ինձ շատ անգամ պատմել են հնաբնակները, թե իբր «զույգը՝ հինգ»՝ երկուսի համար 5 ռուբլի (парапет — «пара по пять»), իսկ ցարական ժամանակներում դա մեծ գումար էր: Սակայն կրկնակի էժան, քան Միշոնի ատելիեի լուսանկարը:
Ինչ վերաբերում է «դավադիր» երկհարկանի շենքին, ապա այդեղ դեռ պահպանվել են պիկանտ բովանդակության գրառումները պատերի վրա: Ընդ որում, ներքին կառուցվածքից երևում է, որ դա առանձին բնակարաններով բնակելի շենք չէ, այլ կենտրոնական միջանցքով ձգվող «նումերներով» շենք:
Բելշևիկներն անփութորեն ծածկել են այդ այլանդակությունը և մարդկանց են բնակեցրել այդտեղ: Նրանցից մեկը պատմել է, որ ժուժկալ խորհրդային պաստառների տակից տեղ-տեղ աչքի էր ընկնում նախահեղափոխական այլանդակությունը:
Տրամվայը
Մեզ համար արդեն դժվար է դա պատկերացնել, սական Շատրվանների հրապարակով խորհրդային տարիներին տրամվայներ էին երթևեկում: Ծերերը պատմում են, որ ամենահարմար երթուղին իջնում էր Կոմունիստական փողոցով (ներկայիս Իսթիգլալիաթ), շրջանցում հրապարակն ու պասաժի կողքով շարունակում ճանապարհը:
Տրամվայն «իսկական բաքվեցու» համար տխրության հատուկ առիթ է և առհավետ անհետացած ինտերնացիոնալ Բաքվի խորհրդանիշ, որտեղ «բոլորը սիտրո էին խմում հատուկ ավտոմատից՝ միևնույն բաժակով, ընդ որում, բաժակը երբեք չէին գողանում և ոչ ոք երբեք ոչնչով չէր վարակվում»:
Հայկական եկեղեցու կողքի ձկան խանութը
Ձկան Մեծ խանութը, որտեղ հենց կենտրոնում ավազան կար, որում ձուկը լողում էր, և այն հենց միանգամից այդտեղից բռնում և վաճառում էին: Դա նույնպես խորհրդային տարիներին էր (սիտրոյի, բաժակի և տրամվայի հետ միասին): Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր լսել թառափների մոնոպոլիայի մասին, դա վերջին տասնամյակների տխուր երևույթն է: Կարմիր և սև խավիարը վաճառվում էր հսկայական մետաղական վաճառարկղերով, և այդքան էլ թանկ չարժեր: Ահա թե ինչ է պատմում «իսկական բաքվեցին» խավիարային առատության մասին:
«Ես տանել չեմ կարողանում սև խավիարը: Սակայն համարվում էր, որ այն օգտակար է առողջության համար, և երեխաներին պետք է ստիպել մեծ քանակությամբ ուտել այն: Այդ պատճառով էլ այն ինձ համար փոքրիկ կլորակներ էին պատրաստում, և ես դրանք կուլ էի տալիս առանց ծամելու»:
«Դինամո» խանութը
« — Դա «Դինամո» խանութի մոտ է:
— Որտե՞ղ:
— Բաքվեցի չե՞ս, ինչ է»:
Այդ խանութը, որտեղ վաճառում էին սև շորտեր և թենիսի գնդակներ, առնական խորհրդային կեդեր, փակվեց ԽՍՀՄ փլուզումից մի քիչ անց: Այնուհետև այդ վայրում Ramstore սուպերմարկետ կառուցվեց, որի բացումը սենսացիա էր, իսկ այն այցելելը՝ շքեղություն: Հետագա սեփականատերերն այդպես էլ չկարողացան այնպես զարգացնել իրենց բիզնեսը, որ ուղենիշ դառնան:
«Նարգիզ» սրճարանը
Հրապարակի անհետացած ատրիբուտներին կարելի է վերագրել նաև «Նարգիզ» սրճարանը: Այն հայտնվել է հիսունականների վերջին: Ընդհանրապես, մինչ այդ, ինչպես բոլոր խորհրդային քաղաքներում, ռեստորանները քիչ էին, սակայն ձնհալի սկսվելուն պես մարդկանց թույլ տվեցին մի քիչ շնչել:
Բաքվում մի քանի ռեստորան հայտնվեց, այդ թվում՝ հայտնի «Խեցին» բուլվարում, ինչպես նաև «Նարգիզը»: Պատմում են, որ այդ անվանումը ռեստորանը ստացել է հաստատության համար պատասխանատու ինչ-որ կուսակցական աշխատողի քաղաքացիական ընկերուհու պատվին:
Ռեստորանում ստուգումից ստուգում որոշ ուտեստների երկակի գներ էին գործում, որոնք դժվար էր պատվիրել: Օրինակ, ճաշացանկում կարող էր թառափ և սև խավիար լինել, սակայն նշված գներով դրանք չկային:
Բացի այդ, ռեստորանը հայտնվել է «Երկկենցաղ մարդը» խորհրդային բլոքբասթերում, որտեղ նոմինալ լատինաամերիկացին երգում է «Հեյ, նավաստի, շատ երկար ես նավարկել» նոմինալ-ջազային երգը:
Պասաժը
Մուսա Նագիևի տան և հրեշտակներով տան միջև ընկած տարածքն 90-ականներին վերջին հուշանվերների և նկարների վաճառքի կենտրոն է եղել: Այստեղ վաճառում էին օգտագործած արծաթյա սպասք, ինքնաշեն բիժուտերիա, մագնիսներ և ամուլետներ:
Այստեղ նկար էր վաճառում ոմն Մամեդ (անունը փոխված է էթիկական նկատառումներով): Նկարները պատկերում են հիմնականում հին ադրբեջանցի հսկաների մարտերը Կույսի աշտարակի մոտ և սիրողական էին նկարված: Իսկ հոգու համար իրոք լավ նկարները Մամեդը տանն էր պահում:
Մի անգամ Մամեդին մի ձայն է հայտնվել, որն ասել է. «Մամեդ, մի վախեցիր, շուտով հարստանալու ես: Գլխավորը՝ հանգիստ նստիր և ավելորդ շարժումներ մի արա»:
Սակայն տարիներն անցնում էին, իսկ Մամեդին դեռ կարելի էր տեսնել պասաժում՝ թեյի բաժակը ձեռքին, թունավոր-կանաչ բնապատկերների ֆոնին: Այնուհետև քաղաքային իշխանությունները որոշեցին, որ պասաժը փնթի տեսք ունի, և արգելեցին փողոցային առևտուրը: Այդ պատճառով էլ հայտնի չէ՝ արդյոք իրականացվել է գուշակությունը:
«Ռապսոդիա» սրճարան
Իսկ սա 80-ականների սերնդի համար է: Շատրվանների հրապարակի հենց կենտրոնում (այսինքն՝ այն ժամանակվա բաքվեցի դեռահասների համար՝ Տիեզերքի կենտրոնում) բացված «Ռապսոդիա» սրճարանը շքեղ ռեստորան էր թվում: Ամեն ինչ նորույթ էր. բարձր բաժակներով կոկա-կոլան, պիցան, ինքնասպասարկման սկզբունքը, փասթֆուդի գաղափարը: Mcdonald’s-ը Բաքվում սկսել է աշխատել միայն 1999թ-ին, իսկ մինչ այդ «Ռապսոդիայում» ծնունդներ էին նշում, այստեղ հանդիպման էին գալիս կամ կարևոր առիթ նշելու:
Հետո այդ գործառույթները ժամանակավորապես իր վրա վերցրեց Mcdonald’s-ը: Այնուհետև եկավ կուշտ «նավթային» ժամանակը, և ամեն ինչ իր տեղն ընկավ. փաբերում սկսեցին գարեջուր խմել, Mcdonald’s-ը դարձավ ընտանեկան սրճարան, հանդիպումների և բանկետների համար իսկական ռեստորաններ հայտնվեցին:
Եվ միայն մի բան չի փոխվում մարդկանց տեսնելու և քեզ ցույց տալու ամենալավ վայրը միայն Շատրվանների հրապարակն է: Այսինքն՝ ճաղաշարը: