Պատմում են ադրբեջանցի բժիշկները․ որքա՞ն են նրանց վճարում, ինչի՞ համար են հեռացնում աշխատանքից և որտե՞ղ է աշխատելն ավելի լավ
Ադրբեջանում պետական հիվանդանոցներն ու կլինիկաներն անվճար են, համենայնդեպս, ըստ օրենքի։ Գոյություն ունեն նաև բազմաթիվ մասնավոր բժշկական հաստատություններ։
Բժշկությունն Ադրբեջանում ամենաքննադատվող ոլորտն է։ Այստեղ աշխատավարձերը շատ ցածր են, ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ 130 դոլար։
Ինչո՞վ է տարբերվում մասնավոր բժշկությունը պետականից, որտե՞ղ է պետք սովորել և ինչպե՞ս բժիշկ ընտրել։ Մենք որոշել են հարցնել հենց բժիշկներին։
Պատմում է ատամնաբույժ Մուրադ Իբրահիմովը․
«Ծնողներս ասացին․ «Մուրադ, այս ոլորտում մենք ծանոթներ ունենք, ավելի հեշտ կլինի աշխատանք գտնելն, այդ պատճառով էլ բժշկական դիմիր»։ Հետագայում ինձ այս գործն արդեն սկսեց դուր գալ, լավ մասնագիտություն է»։
Ո՞ր հիվանդանոցներն են ավելի լավը
«Ես միանգամից գնացի մասնավոր հատված։ Արդեն ուսման ընթացքում սկսեցի գումար վաստակել մասնավոր կլինիկաներում, իսկ բուհն ավարտելուց հետո որպես բժիշկ տեղավորվեցի մասնավոր հատվածում։
Մարդիկ մասնավոր կլինիկաներ են գալիս, քանի որ հավատում են, որ այնտեղ ծառայությունների մակարդակը շատ ավելի բարձր է, և մասամբ դա իրոք այդպես է։ Սակայն երբ տեսնում են գները, սկսում են զարմանալ, թե, բժի՛շկ, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան թանկ։
Պետական հիվանդանոցներն իրոք ավելի վատ են աշխատում, քան մասնավորները։ Տարբերությունն աղետալի չէ, բայց դրանց ավելի վատն են։
Օրինակ, գործիքների ախտահանումը։ Մեզ մոտ յուրաքանչյուր հիվանդից հետո գործիքը տեղադրվում է հատուկ ախտահանող հեղուկի մեջ, դրանից հետո՝ ավտոկլավում, որը ախտահանման սարք է, և բարձր ճնշման և 136 աստիճան ջերմաստիճանում ջրային գոլորշիով լիակատար ախտահանում է անցկացնում։
Չեմ նշի այն պետական հաստատությունը, որտեղ դա տեղի է ունեցել, թողնենք դա մեր առողջապահության նախարարության խղճին։ Սակայն անձամբ ես տեսել եմ, թե ինչպես է բժիշկ-օրթոդոնտն ունելին, որով աշխատում է բոլոր հիվանդների հետ, հինգ րոպեով գցում սպիրտի ամանի մեջ։ Անհետաձգելի ախտահանումը հատուկ հեղուկի միջոցով (սպիրտն ամենապրիմիտիվ հակասեպտիկն է) 20 րոպեից ոչ պակաս է տևում։
Խնդիրը ֆինանսավորման հետ է կապված․ վստահ եմ, որ այդ բժիշկը մեծ փորձ ունի և շատ լավ հասկանում էր, որ երկու րոպե գործիքը սպիրտի մեջ պահելն ախտահանում չէ։ Սակայն նա ստիպված է այդպես անել, որովհետև այնտեղ այլ տարբերակ չկա»։
«Հարգելի» կաշառք
«Ղյորմաթ» (բառացի՝ «հարգանք») խոսակցական բառն Ադրբեջանում նշանակում է դրամով արտահայտված շնորհակալություն ծառայության դիմաց կամ պարզապես կաշառք։ Եվ եթե մասնավոր հիվանդանոցներում հիվանդները դրամարկղում են մուծում անում, ապա պետականներում փողը բժշկին է տրվում «ով որքան կարող է» սկզբունքով։ Այն, թե արդյոք ձեզ կընդունեն կարիքի դեպքում, կախված է տվյալ բժշկի մարդկային որակներից։
Բժշկի խորհրդատվություն և դեղատոմս անվճար կամ խորհրդանշական գումարով ստանալ լիովին հնարավոր է։ Սակայն եթե պետք է վիրահատություն անել, բժշկության «անվճար» լինելու մասին մոռանում են թե բժիշկները, թե հիվանդները։
Լայնորեն տարածված է հիվանդության մասին կեղծ տեղեկանք գնելու պրակտիկան։ Պետական հիվանդանոցների որոշ բժիշկներ արդեն հրաժարվում են իսկական հիվանդներին տեղեկանք տրամադրել առանց «ղյորմաթի»։
Ինչպես պատմում է Մուրադը, մասնավոր հիվանդանոցներում «դրամարկղը շրջանցելով» հիվանդից պարգևավճար ստանալն արգելված է, թեև հիվանդները, սովորության համաձայն, երբեմն փորձում են գումարը բժշկի գրպանը դնել։
«Ես կարող եմ ընդունել մի տուփ կոնֆետ և կիսվել գործընկերներիս հետ, սակայն փող՝ ոչ։ Մեզ մոտ դա արգելված է»։
Ինչ վերաբերում է պետական հաստատություններին, ապա բժշկությունն անվճար է միայն թղթի վրա։ Եթե բժշկին չվճարես, լավագույն դեպքում բուժմանդ մատների արանքով են նայելու։ Կամ տանջելու են բյուրոկրատական գործընթացներով այնպես, որ փախչես կամ մասնավոր հիվանդանոց, կամ տուն՝ պառկելու»։
Ինչի՞ համար բժշկին կարող են ազատել աշխատանքից
«Կարող են աշխատանքից հեռացնել, օրինակ, կոպտության համար։ Մենք աշխատում ենք ապահովագրական ընկերությունների հետ, և եթե հիվանդը նրանց բողոքի, մենք խնդիրներ կունենանք։ Եվ կրկին, լավ բան չկա, երբ հիվանդները բժշկի հետ կոնֆլիկտ են ունենում։ Եվ, ի վերջո, միշտ քաղաքավարի շփումը հիվանդների հետ մեր մասնագիտական պարտքն է։
Ես քաղաքավարի եմ խոսել անգամ այն հիվանդի հետ, որն «այլասերում» էր անվանել այն, որ ես խոսել եմ բուժքրոջ հետ, և բողոքներ էր ներկայացրել, թե «սա ի՞նչ ռոմանտիկայի սենյակ է»։ Պետք է «Դուք»-ով խոսես անգամ այն հիվանդի հետ, որը քեզ հայհոյում է։ Թեև երբեմն լինում են այնպիսի հիվանդներ, որ քեզ էլ չես տիրապետում։
Բժշկին աշխատանքից ազատելու հետ կապված մի զվարճալի դեպք կա․ խոսքն ընկերոջս ծանոթի մասին է։
Այդ բժիշկը հիվանդանոցում էր աշխատում, և լուրեր էին պտտվում, թե նա կնամոլ է։ Սակայն, կարծես, բողոքներ չկային, կանանց հիվանդանոց չէր տանում։ Շատերն այդպես էին կարծում։ Սակայն մի գեղեցիկ օր, երբ կրտսեր բուժանձնակազմն առավոտյան հիվանդանոց էր եկել՝ հիվանդներ ընդունելուց առաջ մաքրություն անելու, նրա դուռը բացում են, իսկ նրա ատամնաբուժական բազկաթոռի լամպից պահպանակ է կախված։ Բնականաբար, նրան դրա համար հիվանդանոցից վռնդեցին։
Ոչ թե հենց փաստի համար, այլ որ կաբինետը մոռացել էր ախտահանել»։
Աշխատավարձ
«Մասնավոր հիվանդանոցներում, որպես կանոն, բժիշկները գործարքային վճարումով են աշխատում․ տոկոսագումար ես ստանում այն գումարից, որը վճարում է յուրաքանչյուր հիվանդ։ Նրանք, ովքեր իրենց հիվանդների բազան ունեն, երբեմն սկսում են վարձակալել տարածքը։ Նրանք նույն հիվանդանոցում սկսում են վճարել կաբինետի համար, իսկ հիվանդների վճարած գումարն ամբողջությամբ իրենց են վերցնում։
Բժշկականի շրջանավարտները, որոնք պարզապես ուզում են փորձ ձեռք բերել և գումար վաստակել, սովորաբար միանգամից մասնավոր հիվանդանոցներ են գնում, քանի որ եկամուտը մասնավոր հատվածում է լինում։ Իսկ եթե ուզում ես գիտությամբ զբաղվել, աստիճաններ ձեռք բերել և դասավանդել՝ պետական ես գնում։ Բժշկական համալսարանի ամբիոնի աշխատակից կարող ես դառնալ, միայն եթե աշխատում ես պետական հիվանդանոցում։
Այնտեղ աշխատանքի տեղավորվելն ավելի բարդ է, քան մասնավոր հիվանդանոցներում․ առաջին հերթին, պետական հիվանդանոցներն ու կլինիկաներն ավելի քիչ են, երկրորդ հերթին, այնտեղ ընդունում են միայն ռեզիդենտուրան ավարտած ուսանողներին։ Իսկ մասնավոր հիվանդանոցներում մասնագետին ընդունել-չընդունելու հարցը գլխավոր բժիշկների որոշումից է կախված։
Մասնավոր կլինիկա կարող է տեղավորվել կապեր և ծանոթություններ չունեցող մարդը։ Կաբինետները չպետք է դատարկ մնան։ Սակայն դա չի նշանակում, որ մասնավոր կլինիկաներ ընդունում են ում պատահի»։
Ինչպե՞ս հիվանդանոց կամ բժիշկ ընտրել
«Բացարձակ վստահ լինելու համար, որ բժիշկը լավն է, նրա հետ պետք է խոսել։ Եթե նրա խոսքը գրագետ է ու ճիշտ, նա բժշկական տերմիններ է օգտագործում, սակայն դուք ամեն ինչ հասկանում եք, ուրեմն ընտրությունը ճիշտ է։
Եթե բժշկի հետ խոսելուց հետո դուք ձեզ ավելի խելացի եք զգացել, ուրեմն դա հենց ձեր բժիշկն է»։
Վիրաբույժ-վնասվածքաբան, ցանկացել է անանուն մնալ․
«Ես աշխատում եմ պետական հիվանդանոցում։ Պաշտոնական աշխատավարձս 132 մանաթ ($78) է։ Սակայն, բնականաբար, Ադրբեջանի պետական հատվածում աշխատավարձով չեն ապրում։ Դեռ խորհրդային ժամանակներից է եկել, որ կերակրել է պետք բանակին ու ոստիկանությանն, իսկ բժիշկներին և ուսուցիչներին ժողովուրդը կկերակրի։ Մեզ մոտ մինչև հիմա այդպես է։ Բժիշկները հիմնականում ապրում են «ղյորմաթի» հաշվին»։
Ինչո՞ւ բժիշկները չեն գնում մասնավոր հատված
«Մասնավոր հիվանդանոցներում աշխատավարձերն ավելի բարձր են, սակայն մասնավոր հիվանդանոցում աշխատելու համար պետք է «հիվանդների սեփական բազա» ունենալ։ Հիվանդներ ունենալու համար պետք է պետական հիվանդանոցում աշխատել, անուն վաստակել, որ հետո հիվանդները քեզ մոտ գան նաև մասնավոր հիվանդանոց և վճարեն, որքան ասես»։
Բժշկական սխալներ
Վերջին տարիներին Ադրբեջանում մի քանի աղմկոտ սկանդալ տեղի ունեցավ բժիշկների սխալների կապակցությամբ։ Մի աղջիկ մահացավ պլաստիկ վիրաբույժի սեղանին, մի կնոջ սխալ ոտքը կտրեցին, ծննդկանին պոլիկլինիկա ներս չթողեցին։ Այդպիսի պահերին քննադատության են արժանանում ադրբեջանցի բոլոր բժիշկները, և նրանց պաշտպանողների թիվը փոքր է լինում։
«Իհարկե, ոչ մի բժիշկ միտումնվոր չի ցանկանա վնասել հիվանդին, ինչպես հիվանդներն են երբեմն մտածում։ Սխալների պատճառն անփորձությունն է կամ անփութությունը, երբեմն՝ պատահականությունը, որի համար բժիշկը մեղավոր չէ։
Ինձ հետ մի դեպք եղավ, երբ ես շտապեցի ախտորոշում կատարել։ Ընկերս ընկել էր, ես նրան զննեցի և հանգստացնելու համար ասացի՝ մի վախեցիր, ոտքիդ բան չի եղել։ Մինչև շրջանից քաղաք հասանք, հասկացա, որ ոտքը ճաքել է, ըստ ամենայնի։ Նա ինձ մինչև հիմա այդ ճաքը հիշեցնում է։
Երբ հիվանդը վիրահատարանում մահանում է, 99% դեպքերում մեղքն անեսթեզիոլոգինն է։ Մի դեպք եմ հիշում, երբ հիվանդն ալերգիա ուներ, որը հանդիպում է երկու հարյուր հազար մարդուց մեկի մոտ։ Մենք բոլոր անալիզներն արեցինք, սակայն այն այդքան հեշտ չի հայտնաբերվում։ Վիրահատության ժամանակ, երբ հիվնդին անզգայացրին, անաֆիլակտիկ շոկ սկսվեց, և մենք չկարողացանք նրան փրկել։ Ես անգամ չգիտեի, թե ինչ կարող էինք անել։
Ընդհանրապես, բժշկական սխալի համար պատասխանատվությունը հարկ եղածից ավելին է։ Բժիշկը պատասխան է տալիս, առաջին հերթին, իրավապահ մարմիններին, երկրորդ հերթին, ազգականներին, որոնք երկար ու համառորեն հետաքննելու են ամեն ինչ։ Իմ իմացած դեպքերի մեծ մասի դեպքում բժշկին անհարկի չարչարել են, անգամ երբ նա բոլոր տեսանկյուններից իրավացի է եղել։
Որոշ վիրահատություններից առաջ հիվանդը փաստաթուղթ է ստորագրում բժշկի վրայից պատասխանատվությունը հանելու մասին։ Սակայն իրականում քրեական գործի քնության ժամանակ այդ թուղթը հաշվի չի առնվում։ Ձևական բան է»։
Ոչ միայն Բաքուն
«Մի քանի անգամ շրջաններ եմ մեկնել տեղի բժօշկներին խորհրդատվություն տրամադրելու։ Դժվարանում եմ գնահատել որակավորման մակարդակը, սակայն սարքավորումներն անմխիթար վիճակում են, շատերը համատեղում են մասնագիտությունները։ Նույն մարդը և վնասվածքաբան է, և թերապևտ, և անզգայացնող բժիշկ, և վիրաբույժ։
Բաքվից այնտեղ ոչ ոք չի գնա, շատ քիչ են վճարում»։
Անսովոր հիվանդներ
«Մի դեպք եղավ, երբ մի հիվանդի վիրահատեցինք, Ելիզարովի ապարատը (մետաղական «շրջանակներ», որոնց վրա ամրացվում են ոսկրային հյուսվածքներով անցնող շուղերը) հավաքեցինք սրունքին։ Ապարատը պետք է երկու ամսից հանվեր, բայց հիվանդն անհետացավ։
Մոտ երեք տարի անցավ, պատահաբար հանդիպեցի այդ մարդուն։ Մինչև հիմա այդ ապարատով է քայլում և կարծում է, թե այդպես է պետք»։
Ի՞նչ արժե այս կամ այն հիվանդությունը բուժելը
Ինչպես հաճախ կատակում են Բաքվի տաքսու վարորդները հիվանդներին հիվանդանոց տանելիս, Ադրբեջանում ավելի լավ է առողջ լինել։ Բժշկության հասանելիությունը պատկերացնելու համար, տեսնենք, թե ինչպիսի հարաբերակցության մեջ են Ադրբեջանում տրվող միջին աշխատավարձն ու տարբեր հիվանդությունների բուժման ծախսերը [բերված են Բաքվի բնակիչների իրական ծախսերը – խմբ․]։
Ազդրի կոտրվածք՝ 10-20 միջին աշխատավարձ։
Խորը կարիես՝ միջին աշխատավարձի 10%։
Միոմայի հեռացում՝ 2.5 միջին աշխատավարձ։
Ծննդաբերություն՝ 2-4 միջին աշխատավարձ։
Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 540 մանաթ՝ 318 դոլար։