Պատմություններ՝ ըստ Կաֆկայի․ ի՞նչ է կատարվում Ռուսաստանից դեպի Աբխազիա և հակառակ ուղղությամբ սահմանը հատելիս
Ռուսաստանից դեպի Աբխազիա և հակառակ ուղղությամբ սահմանը Պսոու գետով անցնելու խնդիրն այնպիսի վրդովումնք է առաջացրել հասարակությունում, որ դրան արձագանքել են Աբխազիայի իշխանություններն ու Ռուսաստանի դեսպանատունը։
JAMnews-ը պարզել է մանրամասները։
Այս թեման Աբխազիայում արդիական է դառնում յուրաքանչյուր ամառ։ Մարդիկ սոցցանցերում մեծ հերթերի լուսանկարներ են տեղադրում և մեկնաբանում դրանք․ «Այս ի՜նչ դժոխք է», «Նրանք մեզ ծաղրում են» և «Ե՞րբ է այս ամենն ավարտվելու, ո՞ւր են նայում իշխանությունները»։
Մինչ այս պահը վրդովմունքը սոցցանցերի սահմաններից դուրս չէր գալիս։ Սակայն այս տարի խնդիրը գրավեց Աբխազիայի հայտնի անձանց՝ նախկին արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի, լրագրող Անտոն Կրիվենյուկի և լուսանկարիչ Իբրահիմ Չկադուայի ուշադրությունը։
Նրանցից յուրաքաչնյուրը սահմանը հատելիս բախվել է անսահման գռեհկության և ոչ պրոֆեսիոնալիզմի։
Պատմություններ՝ ըստ Կաֆկայի
Սկզբում խնդրին ուշադրություն դարձրեց նախկին արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան։ «Կաֆկյան կրքեր՝ Պսոու անցակետում» վերտառությամբ ֆեյսբուքյան իր գրառման մեջ նա գրել էր, որ ամեն անգամ Պսոու անցակետով սահմանը հատելիս հոգեբանական սթրես է ապրում։
«Այս անգամ կին սահմանապահը մանրամասն ուսումնասիրում էր մոսկովյան գրանցմամբ ներքին ռուսական անձնագիրս, ինչ-որ բան էր հավաքում համակարգչում, փաստաթուղթը լույսի տակ նայում էր, թերթում էր էջերը, կասկածանքով ուսումնասիրում էր լուսանկարս։ Այնուհետև խիստ տոնով ասաց․ «Ի՛նձ նայեք»։
Եվ կրկին համեմատում էր լուսանկարս ու դեմքս։ Հետո ասաց․ «Ես վստահ չեմ, որ դա Դուք եք։ Աբխազիա ձեր այցի պաճա՞ռը»։
Իմ անձնագրում հստակ գրված է իմ աբխազական ազգանունն ու ծննդյանս վայրը՝ Աբխազիան։ Ինչո՞ւ ես պետք է նրան բացատրեմ հայրենիք այցելելու նպատակս։
Կանչեց ավագին։ Նա եկավ և, հայացքը վրաս չկենտրոնացնելով, սկսեց ինչ-որ բան ճշտել։ Մոտ տասը րոպե պահեց, ինչ-որ բան էր համակարգչով ջանասիրաբար ստուգում, այնուհետև ակնհայտ ափսոսանքով վերադարձրեց անձնագիրս և, վրաս չնայելով, ասաց, որ կարող եմ գնալ։
Ոչ մի ներողության մասին, բնականաբար, խոսք չկար․ հավանաբար ենթադրվում էր, որ ես պետք է շնորհակալ լինեմ, որ, այնուամենայնիվ, բաց են թողել»։
Չիրիկբան հավելում է, որ դրանից առաջ սահմանապահ վարչության կին աշխատակիցը երկար հարցաքննում էր ռուսաստանցիների՝ մոր և նրա վեց և տասներկու տարեկան դստրերին, որոնք Աբխազիա էին մեկնում հանգստանալու։
«Նա մանրախնդրորեն ստեղններն էր չխչխկացնում, ուշադիր փասատթղթերն էր ուսումնասիրում, խիստ տոնով երեխաներին էր հարցաքննում՝ քանի տարեկան են, ով է այդ կինը (նրանց մայրը), անունն ինչ է, հոր անունն ինչ է, ինչ հասցեով են բնակվում և այլն, և այլն։ Եվ այդ ամենը՝ կնոջ ու երեխաների մոտ պաշտոնական փաստաթղթերի առկայության պայմաններում»։
«Ես կյանքիս ընթացքում բազմաթիվ սահմաններ եմ հատել Եվրոպայում, Ամերիկայում, Ավտսրալիայում, Աֆրիկայում։ Նման բան․․․ ես ոչ մի տեղ չեմ տեսել։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի այդ ռեժիմը, որից տառապում են Աբխազիայի բազմաթիվ ռուս հյուրեր ոչ պակաս, քան Աբխազիայի քաղաքացիները»։
Չիրիկբան ասում է, որ խնդիրը նույնիսկ քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
1990-ականները վերադարձե՞լ են
Ռուս-աբխազական սահմանին տիրող մթնոլորտը լրագրող Անտոն Կրիվենյուկին հիշեցրել է 1990-ական թվականները։
«Շրջապատի մարդիկ փախստականների են հիշեցնում, որոնք ձգտում են տեղ զբաղեցնել հումանիտար ջոկատում», — այսպես է նա տեսածը նկարագրել EADaily—ի իր հոդվածում։
«Մենք անցակետի շենքում ենք։ Այստեղ աշխատող երեք խցիկ կա, այնինչ առկա է տասնյակից ավելին։ Դրանց առջև մարդկանց այնպիսի թիվ է, որ հարյուրյակներով կարելի է հաշվել։
Միանգամից տհաճ կերպով զարմացնում է․․․ փաստաթղթերի ստուգման ձգձգումը։ Մեզնից առաջ Հյուսիսային Օսիայի երկու բնակչի տարան՝ ստուգելու նրանց ռուսական քաղաքացիություն ստանալու օրինականությունը։
Մենք էլ էինք երեխայի հետ, նա մեր ձեռքերի մեջ քնել էր արդեն։ Աշխատակիցը երկար և ուշադիր ուսումնասիրում է փաստաթղթերը ՌԴ քաղաքացու անձնագիրն ու ծննդյան վկայականը։ Ավելի քան երեք րոպե է անցնում, երբ նա անսպասելիորոն պահանջում է․ «Երեխային արթնացրեք, ուզում եմ հարցնել, թե անունն ինչ է»։
Երեխան երկու տարեկան է, նա հազիվ թե կարողանա երկխոսության մեջ մտնել սահմանապահի հետ։
Մեր նյարդերը չեն դիմանում, աշխատակցից պահանջում ենք ներողություն խնդրել։ Ներկայացնում է միայն բեյջի համարը, այդ տվյալները գրանցում ենք հետագայում դատախազություն դիմելու համար։ Դա սթափեցնում է սահմանապահին, նա վերադարձնում է փաստաթղթերն ու բացում մուտքը», — գրում է Անտոն Կրիվենյուկը։
«Անասնաֆերմա»
Ֆոտոլրագրող Իբրահիմ Չկադուան վերջերս մի գրառում էր արել, որում պատմել էր, թե ինչ դժվարությունների է բախվել ավտոմեքենաների հսկիչ անցակետում սահմանը հատելիս։
«Քանի՞ խախտող են հայտնաբերել, և արդյո՞ք արդարացված է իր ու ծնողների անուններն իմանալու նպատակով երեխաների հարցաքննությունը։
Կարելի է գոնե աստիճանաձև պատվանդան տեղադրել, որպեսզի մայրերը հերթում ժամերով սպասելուց հետո երեխաներին չգրկեն-բարձրացնեն սահմանապահի աչքերի մակարդակին։
Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց այն «անասնաֆերման», որում գործում է սահմանային անցակետը, ոչ մի խելամիտ բացատրության ենթակա չէ։ Ես բավականին շատ սահմաններ եմ տեսել, այդ թվում՝ ռուսական, սակայն նման բան ոչ մի տեղ չկա։ Սա ռուսական սահմանամերձ մի խուլ վայր չէ, խառնաշփոթի այս մակարդակը կարող է միայն արտոնված լինել»։
Պուտինը պետք է լուծի
Սոցցանցերում մարդիկ ոչ պակաս վրդովմունքով են արձագանքում։ Բնորոշ մեկնաբանությունները․
«Իսկ հիշեք, թե ինչ էր կատարվում 10-15 տարի առաջ։ Երեք ժամից ավել էինք կանգնում։ Քայլում էինք ավտոբուսների կանգառից Կազակների շուկայի՝ ամբոխի և կեղտի միջով, երկար միջանցքով։ Ինչ-որ բան, այնուամենայնիվ, բարելավվել է։ Իսկ ռուսական հատվածում մի ամբողջ միկրոշրջան է գոյացել, ավտոբուսները սկսել են մոտենալ ընդհուպ մինչև ուղեփակոցը։ Ամեն ինչ համեմատության մեջ է երևում»։
«Այո, նրանց հարցերը երբեմն անհասկանալի են։ Հսկիչ անցակետում ինձ մի անգամ հարցրին, թե ինչու եմ մազերս կտրել։ Այդ հարցը վեց-յոթ անգամ կրնվել է, քանի դեռ նա անձնագիրս էր նայում»։
«Նման խնդիրները Հաջիմբան պետք է Պուտինի առջև բարձրացնի։ Սա լուծելու այլ ելք պարզապես չկա»։
Չստորագրված պայմանագիր
«Ինձ համար անհեթեթություն է, երբ բարեկամական, դաշնակցային ընկերությունների միջև, ինչպիսիք են ՌԴ-ն և Աբխազիան, մինչև հիմա սահմանն անցնելու գծի մասին պայմանագիր ստորագրված չէ», — 2018թ-ի հուլիսին հայտարարել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դվինյանինն Աբխազիայի հանրային պալատի նիստին։
Ըստ նրա՝ ռուսական կողմը պայմանագրի նախագիծը փոխանցել է աբխազական կողմին դեռև չորս տարի առաջ։
«Երբ դուք մեզ սահմանը հատելուն վերաբերող ինչ-որ հարցերով կամ խնդիրներով եք դիմում, իսկ մեզ մոտ բազային պայմանագրեր ստորագրված չեն, ինչի՞ մասին է խոսքը», — ասել է դեսպանը։
2018թ-ի հուլիսի վերջին Աբխազիայի նախագահի վարչակազմի կայքում խորհրդակցության մասին տեղեկատվություն հայտնվեց, որի ժամանակ նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել էր, որ սահմանը հատելու խնդիրը պետք է լուծվի շատ կարճ ժամկետներում։ Այն պայմանագրի նախագծի մասին, որն, ըստ ռուսական դեսպանի, փոխանցվել է աբխազական կողմին, Հաջիմբան չի հիշատակել։