Մոսկվայի Սպիտակ տան ծուխը խորհրդարանը Բորիս Ելցինի ղեկավարած զինված խմբավորման կողմից գրոհելու ժամանակ: 1993թ-ի հոկտեմբերի 4: REUTERS/Վիկտոր Կորոտաև
1993թ-ի հոկտեմբերի 3-4-ին Մոսկվայում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք շատերը համարում են ժամանակակից ռուսական պատմության բոլոր բացասական միտումների սկիզբ:
Ի՞նչ է տեղի ունեցել
1993 թ-ի հոկտեմբերի 4-ի առավոտյան ռուսական բանակի տանկերն ընդհուպ մոտեցան Մոսկվայի այն շենքին, որտեղ տեղակայված էր երկրի խորհրդարանը, և դրա ուղղությամբ մի քանի կրակոց արձակեցին, այնուհետև սկսվեց գրոհը:
Դրան նախորդել էին Ռուսաստանի մայրաքաղաքում երկու ամիս տևած իրադարձությունները՝ նախագահ Բորիս Ելցինի և Ռուսաստանի խորհրդարանի դիմակայությունը:
Ելցինը Մոսկվայում անցկացված ցույցի ժամանակ: 28.03.1993
Եվ նախագահը, և խորհրդարանն ընտրվել էին դեռևս Խորհրդային Միության տարիներին, որը դադարել էր գոյություն ունենալ դրանից մեկ տարի առաջ: Հետևաբար, սահմանադրությունը նույնպես նախկինն էր՝ խորհրդայինը: Դրանում նախագահի և խորհրդարանի լիազորությունները տարանջատված չէին:
Այդ իրավիճակի հետևանքը, մի կողմից, նախագահ Ելցինի, մյուս կողմից, խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովի և նրան սատարող փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյի միջև կոնֆլիկտն էր:
Այդ դիմակայության գագաթնակետը դարձան հոկտեմբերի 4-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ Խասբուլատովի և Ռուցկոյի զինված կողմնակիցները գրավեցին Մոսկվայի քաղաքապետարանն ու փորձեցին գրոհել Օստանկինո հեռուստակենտրոնի շենքը:
Ի պատասխան տեղի ունեցավ խորհրդարանի տանկային գնդակոծում և գրոհ, որի արդյունքում ապստամբների առաջնորդները հանձնվեցին: Նրանք բոլորը դատապարտվեցին, սակայն շուտով համաներմամբ ազատ արձակվեցին:
Հատուկջոկատայինները թաքնվում են վահանների ետևումքարերից, որը նետում են Բորիս Ելցինի դեմ ցույցի մասնակիցները: Մոսկվայի կենտրոն, 1993թ-ի հոկտեմբերի 2: REUTERS/Tom Szlukovenyi
Ընդհանուր առմամբ, այդ հակամարտության զոհերի թիվը հասնում է ավելի քան 170-ի, հստակ թիվը հայտնի չէ:
1993թ-ի հոկտեմբերի իրադարձություններից մի քանի ամիս անց Ռուսաստանում նոր սահմանադրություն ընդունվեց և խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Դրանցում հաղթանակ տարավ Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցությունը:
Տանկերը լքում են Մոսկվայի Սպիտակ տան առջևի հրապարակը: 1993թ-ի հոկտեմբերի 5: REUTERS/Վիկտոր Կորոտաև
Ինչպե՞ս են ռուսաստանցիները վերաբերվում 25-ամյա վաղեմության դեպքերին
25 տարի անց, ինչպես վկայում են սոցիոլոգիական հարցումները, մինչև 30 տարեկան անձանց համար 1993թ-ի հոկտեմբերի իրադարձությունները ռուսական պատմության նույնպիսի դրվագ են, ինչ մնացած դրվագները: Սոցիոլոգները դա բացատրում են նրանով, որ պառլամենտարիզմի արժեքներն ու իշխանությունների բաժանումը չեն հասցրել ամրապնդվել ռուսաստանցիների գիտակցությունում:
Ավագ սերնդի ներկայացուցիչները սոցիոլոգների առաջարկած գնահատականների տարբերակներից հաճախ ընտրում են «Քաղաքացիական պատերազմիբռնկումը»: Նախագահ Ելցինի գործողություններին այդ կոնֆլիկտում սատարողների և դեմ արտահայտվողների թվի հարաբերակցությունը մոտավորապես հետևյալն է՝ 60:40:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևը Մոսկվայի կենտրոնում անցկացվող ցույցի ժամանակ: 2000թ-ի հոկտեմբերի 3: Reuters
Ահա, թե ինչպես է այն ժամանակվա իարդարձությունները գնահատում առաջատար ռուս պատմաբան և սոցիոլոգ Իգոր Կլյամկինը.
«ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում նոր պետության հիմնում տեղի չունեցավ, պահպանվեցին այն ինստիտուտները, որոնք ձևավորվել էին ուշ Խորհրդային Միության՝ մի պետության ժամանակ, որն արդեն չկար: Եվ քաղաքական գործիչները, և հասարակության կրթված շերտերը դիտարկում էին, թե այդպես էլ պետք է լինի. Հիմնադիր ժողով գումարելու մասին հարցը, որն այդպիսի իրավիճակում բնական էր, չէր բարձրացվում և չէր քննարկվում: Սակայն դա նշանակում էր, որ նախաիրավական գիտակցությունը շարունակում էր իր շքերթն ու շարունակում էր թելադրել երկրի էվոլյուցիայի երթուղին»:
Հիշատակի երթ Մոսկվայում 2006թ-ի հոկտեմբերի 4-ին: Ցույցի մասնակիցները պարզել են Ռուսաստանում 1993թ-ի հոկտեմբերի սահմանադրական ճգնաժամի ժամանակ զոհվածների դիմանկարները: REUTERS/Thomas Peter