Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 25 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն Արցախ մեկնելուց առաջ հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը մտադիր է Լեռնային Ղարաբաղ մեկնել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Հայաստանի վարչապետը պատգամավորներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նրանց ներկայացրել հայկական կողմի տեսլականը խնդրի վերաբերյալ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ողջ աշխարհն է սպասում փոխզիջման ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծմանը, և Հայաստանն, ինչպես և նախկինում, պատրաստ է դրան, սակայն իրավիճակը դեռևս փակուղում է․
«Այստեղ առաջ գնալու հիմնական խոչընդոտն այն է, որ ցանկացած իրավիճակ, երբ Հայաստանի համար փոխզիջումային տրամաբանության մեջ կլինի ընդունելի, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի, և նրանք ամեն անգամ, իհարկե՝ Թուրքիայի աջակցությամբ, շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների և ախորժակի սահմանը: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը», — ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ հայկական կողմի համար հակամարտության կարգավորման գործընթացում երկու կարևոր հարց կա․ Արցախի կարգավիճակի հստակեցումն ու ինքնորոշման իրավունքի կիրառումը:
-
«Եթե հակամարտությունը չկանգնեցվի, հնարավոր է ուղիղ բախում Թուրքիայի և Ռուսաստանի միջև»․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան
Այսպես է պատասխանել ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը CNN-ի հաղորդավար Քրիստիան Ամանփուրի հարցին, թե ինչով են ղարաբաղյան իրադարձություններն այդքան կարևոր, որ ԱՄՆ պետքարտուղարը միջամտել է իրավիճակին։
Դաալդեր․ «Թուրքիայի ուղղակի միջամտությունը, [Ադրբեջանին] զենքի մատակարարումը, թուրքական ուժերի հնարավոր անմիջական մասնակցությունն իրոք նոր բան են այս իրավիճակում։
Թուրքիան օգտվում է տարածաշրջանից ԱՄՆ-ի և այլ խաղացողների հեռանալուց։ Նա Սիրիայում և Լիբիայում ներգրավված է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, հնարավոր է նաև՝ այս տարածքում։
Սրացման շարունակությունը կարող է հանգեցնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև ուղիղ բախման։ Եվ սա, իհարկե, պետք է մտահոգություն առաջացնի։
Այստեղ հարցը ՆԱՏՕ-ի պոտենցիալ մասնակցությունն է։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ն ռիսկ կանի Ռուսաստանի հետ հակամարտել այս հստակ խնդրի համար։ Այդ պատճառով էլ լավ կլինի հիմա հասնել սրացման դադարեցման»։
-
Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է տարածել Գուբաթլիի շրջանից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել Գուբաթլիի շրջանի բնակավայրերից, որոնք անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։
Հայկական կողմը հայտարարում է, որ այդ տարածքներն իր վերահսկողության տակ են։
-
Իգոր Կորոտչենկոն մարտական գործողությունները Ղարաբաղում բնորոշել է որպես «ԱԹՍ-ների պատերազմ»
«ԱԹՍ-ների պատերազմ․ կարծում եմ, հենց այսպես է ռազմական պատմության մեջ մտնելու ներկայիս զինված հակամարտությունը Ղարաբաղում», — Թվիթերում գրել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն։
Война беспилотников — именно так, полагаю, войдет в военную историю нынешний вооруженный конфликт в Карабахе.
— Игорь Коротченко (@i_korotchenko) October 25, 2020
-
Ադրբեջանի ՊՆ․ «Հակառակորդը հրետակոծում է խաղաղ բնակավայրերը»
«Հայկական զինված ուժերը հրետակոծում են Աղդամի, Տերտերի և Աղջաբեդի շրջանների տարածքը», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Մարտական գործողությունները շարունակվում են ճակատի ողջ երկայնքով․ Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 24-ին ողջ օրվա ընթացքում և լույս 25-ի գիշերը մարտական գործողությունները ճակատի Աղդերե, Խոջավենդ, Ֆիզուլի, Հադրութ, Գուբաթլի և Լաչին ուղղություններով շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Հակառակորդը հրետակոծել է ադրբեջանական բանակի զորքերը հրազենով, ականանետներով և հրանոթներով։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, շարունակելով մարտական գործողությունները գլխավոր ուղղություններով՝ ըստ օպերատիվ պլանի, ընդլայնել են իրենց վերահսկողության տակ առնված տարածքները։
Ներկա պահին մարտական գործողությունները շարունակվում են ճակատի ողջ երկայնքով։ Մեր զորքերը վերահսկում են օպերատիվ իրավիճակը», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
Այսպիսի առաջարկով է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Պալոնեն։
«ԱՄՆ-ն այնպիսի կարևոր քայլեր պետք է ձեռնարկի, ինչպիսիք են պատժամիջոցների սահմանումը, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմն ու վերջ դնի օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների օգտագործմանը», — գրել է կոնգրեսականը Twitter-ում՝ Հայաստանի՝ ԱՄՆ-ում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցից հետո։
Ավելի վաղ Պալոնեն և 30 կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձև են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։
Had a conversation with Armenian Foreign Minister @ZMnatsakanyan who gave me a detailed assessment of the conflict in #Artsakh. The US must take critical steps like implementing sanctions to pressure Azerbaijan to abide by the ceasefire and stop using foreign terrorist fighters.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) October 25, 2020
-
Իրավիճակը ռազմաճակատում՝ գիշերվանից մինչ այժմ. տեղեկություններ Արցախից
Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գիշերը լարվածությունը պահպանվել է, ռազմաճակատի որոշ հատվածներում հրետանային մարտեր են շարունակվել:
Լարվածությունը սկսվել է դեռ երեկոյան, երբ կրկին գնդակոծության են ենթարկվել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թագավարդ, Գիշի, Սպիտակաշեն գյուղերը և Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նշված բնակավայրերում ռազմական օբյեկտներ չկան: Սակայն Ադրբեջանի զինված ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլ նաև հարակից անտառային և գյուղատնտեսական նշանակության տարածքները։ Հաղորդվում է, որ զոհեր և կորուստներ չկան:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:
-
Իրավիճակը հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի 29-րդ օրը։
• Արցախի օմբուդսմենը հաղորդել է, որ սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է Արցախի 37 խաղաղ բնակիչ, նվազագույնը 118 մարդ վիրավորվել է։
• Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտերի մեկնարկից ի վեր զոհվել է 63 խաղաղ բնակիչ, ևս 298-ը վիրավորվել է։
• Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները մարտական գործողությունների քարտեզ են հրապարակել (ադրբեջանականն ինտերակտիվ է)։ Քարտեզները մեծապես տարբերվում են, դրանք կարելի է տեսնել այստեղ։
• Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը երկրում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է պոտենցիալ ահաբեկչական ակտերի մասին։ Ադրբեջանի սոցցանցերում գրում են, որ, դեսպանատունը նկատի ունի Հայաստանի կողմից հնարավոր ահաբեկչական ակտերը։
• Հայաստանի ԱԳՆ-ն ասել է, որ ԱՄՆ-ում հոկտեմբերի 23-ի կայացած բանակցությունների ընթացքում դիտարկվել է Արցախում խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունն ու ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տեսքով կարգավորման միջագային մանդատի կարևորությունը, որի կազմում ԱՄՆ-ից բացի ներառված են նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան։
• Հայաստանի արտգործնախարարը հաղորդել է, որ Արցախի մոտ 90 հազար բնակիչ փախստական է դարձել ռազմական գործողությունների հետևանքով, որոնք շարունակվում են սեպտեմբերի 27-ից։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 24-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։