Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 27 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Հայաստանի կառավարության ռազմավարությունն Արցախի հարցում չի փոխվելու․ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ։ Ժողովրդին հասցեագրված իր ուղերձում նա հայտարարել է, որ դաժան, բայց հերոսական պայքար է ընթանում։ Եվ այն ցույց է տալիս, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, նրա կամքն անկոտրում է։ Իսկ կառավարությունն ու ժողովուրդը միասնական են, ինչպես երբեք։
Վարչապետի ամբողջ ելույթը միայն մեկ միտք էր արտահայտում․ Արցախի ժողովրդի իրավունքների համար պայքարը շարունակվում է․
«Արցախի Պաշտպանության բանակն ունի անձնակազմ և զենք, որոնք անհրաժեշտ են դրված խնդիրները լուծելու համար։ Մենք թույլ չենք տա որևէ ներքին կամ արտաքին ուժի կասկած սերմանել մեր ազատ և երջանիկ ապագայի վերաբերյալ»։
-
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը Բարդայի շրջանը հրետակոծելու մասին
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, սուտ է և սադրանք․«Ո՛չ ՀՀ ԶՈւ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»: -
«Մինսկի խո՞ւմբ, թե՞ մահվան խումբ»․ մեկնաբանություն Բաքվից
«Հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո, որը նախաձեռնել էր Ռուսաստանը, հարված է հասցվել Գյանջային, որի հետևանքով 10 խաղաղ բնակիչ է զոհվել։ Հոկտեմբերի 17-ի հրադադարից հետո, որը նախաձեռնել էր Ֆրանսիան, կրկին հարված է հասցվել Գյանջային, զոհվել է 14 մարդ։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱՄՆ հայտարարած հրադադարից հետո, հրետակոծվել է Բարդա քաղաքը, զոհվել է ևս չորս մարդ։ Անհասկանալի է, սա Մինսկի՞ խումբ է, թե՞ մահվան խումբ», — ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Հաբիբ Մունթեզիրը։
-
«Թուրքիան հիշեցնում է ծանրամարտիկի, որը հաղթելու համար ստիպված է պատվիրել ավելի ու ավելի մեծ քաշ»․ կարծիք Երևանից
Lragir.am-ի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է Facebook-ի իր էջում․
«Էրդողանի վերջին հոխորտանքը ԱՄՆ-ի [ասել է, որ Թուրքիան չեն վախենում ամերիկյան պատժամիջողներից] և Ֆրանսիայի [վիրավորել է նախագահ Մակրոնին] հասցեին այդուհանդերձ հակված եմ դիտարկել ավելի` անզորության, քան՝ ամենազորության նշան․․․
Ընդհանուր առմամբ, Թուրքիան հիշեցնում է ծանրամարտիկի, որը հաղթելու համար ստիպված է պատվիրել ավելի ու ավելի մեծ քաշ: Ամեն նորի դեպքում լավ է պատկերացնում հնարավորությունների նվազումը, բայց այլևս չունի կանգնելու տարբերակ, որովհետև հակառակը ոչ թե ավելի ցածր մրցանակային տեղն է, այլ ընդհանրապես խաղից դուրս մնալը:
Այս փուլում էրդողանական Թուրքիան այդ վիճակում դառնում է իհարկե շատ վտանգավոր բոլորի համար, բայց ոչ պակաս՝ նաև հենց իր համար: Ընդ որում, այդ ակնկալիքով է նրան փորձում հանդուրժել նաև Ռուսաստանը, սպասելով «պայթյունին»: Բոլորն են սպասում Թուրքիայի «պայթյունին», ու մինչ այդ բոլորն են փորձում առավելագույնս օգտագործել «պայթյունի» գնացող Թուրքիան:
Մեզ պետք է դիմանալ առավելագույնս, առավելագույնս պինդ լինել անվտանգային առումով, և առավելագույնս ճկուն՝ քաղաքական ասպարեզում՝ բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են Թուրքիային օգտագործել, ընդ որում՝ հաճախ իրար դեմ»:
-
Հայկական ԶՈՒ կողմից Բարդայի շրջանի հրետակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի․ Ադրբեջանի նախագահի օգնական
Հայկական զինված ուժերի կողմից Բարդայի շրջանի հրետակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, Թվիթերում հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Number of killed in Barda raised to four as a result of Armenia’s missile attack. Indiscriminate and targeted attack against civilians continues.
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) October 27, 2020
-
Բարդայի շրջանի հրետակոծման հետևանքով երեք մարդ է զոհվել․ Հիքմեթ Հաջիև
Հայկական զինված ուժերը կրակ են վարում Ադրբեջանի Գերանբոյի, Տերտերի և Բարդայի շրջանների բնակավայրերի ուղղությամբ, հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում հաղորդել է, որ Բարդայի շրջանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծման հետևանքով երեք մարդ է զոհվել, տասը մարդ վիրավորվել է։
As result of Armenia’s henious missile attack to Barda region 3 civilians killed and 10 people, kids/women seriously wounded. #Warcrimes of Armenia continues. Today MOD of Armenia made statement that they will hit harshly. By that they meaning civilians, kids and women.
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) October 27, 2020
-
Անվտանգության և առաջընթացի համար անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել․ մեկնաբանություն Բաքվից
«Մենք նախկինում էլ ամեն ինչ գիտեինք այն մասին, որ 1990-ականներին Հայաստանի ռազմական հաջողությունները ձեռք են բերվել հենց Ռուսաստանի մասնակցության շնորհիվ։
Ըստ ամենայնի՝ Թուրքիայի բաց և վճռական դիրքորոշումն այս անգամ Ռուսաստանին ստիպել է ավելի զգույշ գործել, և հանգեցրել է նրան, որ մինչ այս պահն այն չի ներգրավվել հակամարտությանը։
Ամեն դեպքում, պետք է Հայաստանի հետ կայուն խաղաղության հասնել, որպեսզի այս խնդիրը չշարունակի մեզ իր ճիրաններում պահել։ Աշխարհաքաղաքական առավելությունը շատ անկայուն բան է, կարող է արագ փոխվել։ Այսօր Ռուսաստանը կարող է ներգրավված չլինել, իսկ վաղը` լինել։ Այսօր Թուրքիայի աջակցությունը կարող է ուժեղ լինել, վաղը՝ ոչ։ Պատմությունը մեզ շատ անգամ է դա ցույց տվել։
Հայաստանը նույնպես պետք է հասկանա, որ հնարավոր չէ կայուն անվտանգության հասնել՝ ապավինելով միայն Ռուսաստանի ռազմական աջակցությանը։ Անվտանգության և առաջընթացի համար պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Դրան հնարավոր է հասնել։ Եվ գլխավորն այն է, որ սա միակ հուսալի ճանապարհն է, որպեսզի հազարավոր մարդիկ պարբերաբար չզոհվեն պատերազմներում, մայրերն արտասուքն աչքերին չմնան», — Ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Ալթայ Գյոյուշովը։
-
Հայկական զինված ուժերը հրետակոծել են Ադրբեջանի Տերտերի շրջանը
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է JAMnews-ի աշխատակիցն, այսօր ցերեկվա ժամերին հայկական զինված ուժերը հրետակոծել են Ադրբեջանի Տերտերի շրջանի քաղաքացիական օբյեկտները։
-
Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա․ Հայաստանի Քննչական կոմիտե
Եվս երկու ռազմագերիների տվյալները հստակեցվում են, հաղորդել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը․ «Աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ։ Խոսքը բժշկական օգնության տրամադրման և նրանց իրավունքների ոտնահարում թույլ չտալու մասին է»։
-
Վիրավորման պատճառով Արցախի պաշտպանության նախարարի և Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվել է Ջալալ Հարությունյանը
Նախագահ Արայիկ Հարությունյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել։ Արդեն հայտնի է, որ Ջալալ Հարությունյանի վիրավորումը ծանր չէ, սակայն այսուհետ բանակի հրամանատարն է լինելու Միքայել Արզումանյանը։ Պաշտոնը զբաղեցնելիս նրան գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել։ Հայտնի է, որ Արզումանյանն արդեն 22 տարի եղել է ընդհանուր զորքերի գնդի հրամանատար և ղարաբաղյան առաջին պատերազմում մասնակցել Ֆիզուլիի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի մարտերին։
-
Պեսկովը՝ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին Թուրքիայի ներգրավման մասին
Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Սա երեքշաբթի ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է ավելի շատ ներգրավված լինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլում։
«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի՝ հակամարտ Ադրբեջանի և Հայաստանի տեսակետը։ Միայն հակամարտ կողմերը կարող են համաձայնել կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու պետական սահմանապահ ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել
«Ադրբեջանը, պահպանելով նոր հումանիտար հրադադարի ռեժիմը, զուսպ է վերաբերվում հակառակորդի սադրանքներին ողջ ճակատի երկյանքով և միայն ադեկվատ միջոցներ է ձեռնարկում։
Օգտվելով դրանից՝ Հայաստանը նպատակաուղղված կերպով սրում է իրավիճակը ճակատի տարբեր ուղղություններով, հատկապես՝ պետական սահմանի վերականգնված հատվածներում՝ հող նախապատրաստելով հետագա սադրանքների համար։
Հայաստանի ղեկավարությունն արդեն պետք է գիտակցի և համակերպվի, որ վերականգնված պետական սահմանները հակամարտության գոտի չեն, այլ միջազգային հանրության կողմից ճանաչված պետական սահման, որը բնորոշում է Ադրբեջանի լիիրավ ինքնիշխան տարածքները։ Պետական սահմանի անխախտելիությունը պետք է ապահովվի։ Այդ ուղղությամբ ցանկացած սադրանք գնահատվում է որպես ագրեսիայի ակտ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։
Սա հաշվի առնելով՝ Ադրբեջանն իրավունք ունի ոչնչացնելու ցանկացած լեգիտիմ ռազմական օբյետ, որը սպառնում է իր տարածքին՝ անկախ դրա տեղակայումից», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական սահմանապահ ծառայության համատեղ հայտարարությունում։
-
Հակառակորդը հրետակոծում է Տերտեր քաղաքն ու շրջանի գյուղերը․ Ադրբեջանի ՊՆ
«Կոպտորեն խախտելով նոր հրադադարը՝ հայկական զինված ուժերը հրետակոծում են Տերտեր քաղաքն ու շրջանի գյուղերը», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Euronews հեռուստաալիքի նկարահանող խումբը, քիչ էր մնացել, որ նկարահաներ սեփական մահը
Հակատանկային կառավարվող հրթիռը մեքենայից քիչ բարձր է թռչել։ Պայթյունը հետևում է որոտացել՝ թեթև վնասելով մեքենան։
-
Ադրբեջանը շարունակել է կրակ վարել Հայաստանի սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ․ Հայաստանի ՊՆ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ադրբեջանական հրետանին և ԱԹՍ-ները հարվածել են Հայաստանի ԶՈՒ սահմանապահ ուղեկալին Իրանի սահմանից ոչ հեռու։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանի տարածքում սահմանապահ ուղեկալի հրետակոծման մասին լուրը
«Հայաստանի տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Հայաստանի տարածքն Ադրբեջանը հրետակոծել է ԱԹՍ-ներով և հրթիռահրետանային համակարգերով, սուտ է և սադրիչ բնույթ է կրում։
Հայտարարում ենք, որ Ադրբեջանն ամողջությամբ պահպանում է հումանիտար նոր հրադադարի ռեժիմը։
Ընդհակառակը, հոկտեմբերի 27-ին ժամը 09:30-ից մինչ այս պահը հայկական կողմն ականանետներով ինտենսիվորեն ռմբակոծում է մեր տարածքները Զանգելանի Աղբենդ գյուղի ուղղությամբ», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանական խորհրդարանի պատգամավորը՝ թուրքական F-16-երի կարևորության մասին
«Սինգապուրի հիմնադիր Լի Կուան Յուն իր մեմուարներում գրել է այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայից ռազմական օգնություն է խնդրել պետության անկախության պահպանման համար։ Բրիտանիան մերժել է, քանի որ զբաղված է եղել իր ներքին ֆինանսական ճգաժամով։ Այնուհետև Լի Կուան Յուն դիմել է ԱՄՆ օգնությանը, և ԱՄՆ ղեկավարությունը նույնպես մերժել է, սակայն Սինգապուրի առաջնորդը պնդել է իր խնդրանքն ու կարողացել է ստանալ օգնություն ԱՄՆ-ից։ Ինչպե՞ս։ Լի Կուան Յուն ամերիկացիներին համոզել է, որ իրեն մեծ օգնություն պետք չէ, բավական է միայն մեկ ռազմանավ, որը կկառանվի Սինգապուրի ափերի մոտ։ Այդպես էլ եղել է։ Երկար տարիներ միայն մեկ ամերիկյան նավը Սինգապուրի անկախության երաշխավորն էր։
Նույնպիսի դեր ունեն թուրքական F-16 կործանիչները։ Նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում (հոկտեմբերի 26-ին) բացահայտ հայտարարել է այս մասին», — ֆեյսբուքում գրել է ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Էրքին Հադիրլին։
-
Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի և Իրանի սահմանի սահմանապահ ուղեկալի դերքերը․ Հայաստանի ՊՆ
Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
-
Մարտական գործողությունները շարունակվել են ճակատի երեք ուղղություններով․ Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 26-ին ողջ օրվա ընթացքում և լույս 27-ի գիշերը հայկական զինված ուժերը, չպահպանելով հումանիտար հրադադարի նոր ռեժիմը, տարբեր տեսակի զենքերով հրետակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը ճակատի տարբեր ուղղություններով և ճակատամերձ բնակավայրերը։
Մարտական գործողությունները շարունակվել են հիմնականում Խոջավենդի, Ֆիզուլիի և Գուբաթլիի ուղղությամբ», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդրությունում։
-
Գիշերը հակամարտության գոտում լարվածությունը պահպանվել է, մարտերը շարունակվում են. Ղարաբաղի ՊՆ
Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Ռազմաճակատի որոշ հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ շարունակվել է նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, մասնավորապես, թիրախում են հայտնվել Մարտունի և Մարտակերտ քաղաքներն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Այժմ ճակատային գծի որոշ ուղղություններում ընթանում են տեղային նշանակության մարտեր:
-
ԱՄՆ միջնորդությամբ հրադադարի հաստատման ջանքերը ձախողվեցին. Հայաստանի վարչապետ
Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան: Նա հավելել է, որ «ադրբեջական կողմի անդադար հրետակոծության հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ»:
Հայաստանի վարչապետն իր գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով մինչ այդ հայտարարել էր, թե հակամարտության կողմերը պահպանում են հոկտեմբերի 26-ից հայտարարված հումանիտար զինադադարը:
I would like to state that the efforts of the international community, this time brokered by the #UnitedStates, to establish a ceasefire, have failed. As a result of continuous shelling by Azerbaijan, civilians were killed and wounded in #Artsakh today.@realDonaldTrump
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 26, 2020
-
Իրավիճակը հոկտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Հոկտեմբերի 27-ին սկսված արցախյան մարտերի մեկ ամիսը
• Հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8-ին ուժի մեջ է մտել և միանգամից խախտվել հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը։ Կողմերը կրկին մեղադրել են միմյանց հրադադարի խախտման համար, ինչպես դա տեղի է ունեցել նախորդ փորձերի ժամանակ (հոկտեմբերի 10-ին և 18-ին)։
• Հայաստանի պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին մեղադրել է Արցախի բնակավայրերը «Սմերչ» համազարկային կայանքների կիրառմամբ հրետակոծելու համար։
• Ադրբեջանական բանակը մոտեցել է Հայաստանի հարավային սահմանին՝ Սյունիքի մարզին, հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ «իրավիճակը վերահսկելի է»։
• Ադրբեջանի նախագահը հաղորդել է, որ ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել ևս 18 բնակավայր ղարաբաղյան հակամարտության գոտում։
• Անհրաժեշտ է հրադադարի պահպանման վերահսկման համար հստակ մեխանիզմներ ներդնել (հերթական պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 26-ին), հայտարարել է Հայաստանի ՊՆ-ն։
• «Մոսկվան դեմ է Ղարաբաղում ռազմական գործողություններին և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենարը բորբոքելուց», — հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
• «Հայ ժողովուրդն ու կառավարությունը պատրաստ են [հակամարտության կողմերի] փոխադարձ զիջումների, անգամ՝ ցավոտ զիջումների, սակայն հայ ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի ոչ մի դեպքում։ Սակայն Ադրբեջանը չի ցանկանում լուծել ղարաբաղյան հարցը, նա Արցախի կապիտուլյացիան է ուզում», — ասել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսուքյան իր էջում ուղիղ եթերում։
• Հայաստանի վարչապետի տիկինը հայտարարել լէ, որ ճակատ է մեկնում՝ «հայրենիքի սահմանները պաշտպանելու»։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 26-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։