Պատերազմի արդյունքներն ու հաղթողի բարդույթը․ ի՞նչ է սա նշանակում Ադրբեջանի համար
Գրեթե կես տարի է անցել Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից։ Այն զարմացրեց իր մասշտաբներով․ քչերն էին սպասում, որ պատերազմն ընթանալու է ադրբեջանական բանակի գերիշխող առավելությամբ և ավարտվելու է Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր շրջանների վերադարձով։ Պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ արցախյան թեման ցանկացած պահի և ցանկացած հանգամանքներում ստիպում է մոռանալ բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրների և քաղաքական համակարգի թերությունների մասին, իսկ հանրության կարծրացած կարծիքին դեմ գնալու վախը կառավարության անհաշտ քննադատներին կստիպի մրցել իշխանությանը սատարելու հարցում։
44-օրյա պատերազմի արդյունքները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն ցանկացած դեպքում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, որը կարևոր հարց է բարձրացնում՝ ի՞նչ է սպասվում։
Մինչ օրս պետական քարոզչությունն օգտագործում էր հիմնականում սգո, հերոսական պայքարի և մերթ արտաքին ուժերի, մերթ դավաճանության հետևանքով հարկադիր նահանջի ռեսուրսները։
Այժմ ռեսուրսների ցանկը համալրվել է աներկբա հաղթանակով, որին բառացիորեն կարելի է ֆիզիկապես դիպչել և վարակվել հավերժական թշնամու նկատմամբ համատարած գերակայության ոգով։ Դրա համար ստեղծված են բոլոր պայմանները։ Բավական է Բաքվի Ռազմավարի պուրակ գնալ։ Այնտեղ կարելի է տեսնել հայ զինվորների ֆիգուրներ՝ խորհրդանշական ծամածռված դեմքերով։ Եվ ծերերը, և երիտասարդները պարտված հակառակորդին հիշելու են հենց այդպիսին։
Այստեղ ևս մեկ հարց է առաջանում․ այդ թշնամին այդպես էլ հավե՞րժ է մնալու։
Նենգ, ամբարիշտ և անողոք, միաժամանակ (անդրադարձ սեփական հերոսությանը) վախկոտ և միայնակ որևէ բանի հասնելու անընդունակ (այսպես էին բացատրվում Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի անհաջողություններն ու կորուստները) թշնամու կերպարը դարձել է ձևավորվող ինքնության հենակետերից մեկը, որը պետք է վերագիտակցվեր ԽՍՀՄ փլուզումից և նախկին իդեալների անկումից հետո։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է հիշեր և իր արմատները, և իր թշնամիներին։
Սակայն հենց հիմա է լուծվում կարևոր հարցը՝ արդյո՞ք փոխվելու է հիշողության քաղաքականությունը։ Արդյո՞ք հայերն ադրբեջանցիների աչքերում ավելի մարդկային են դառնալու, թե՞ մնալու են պարզապես որպես պարտության մատնված թշնամիներ։ Արդյո՞ք նոր ուղենիշներ կսահմանվեն՝ երեխաներին տանկեր, մայրերի դեմքին վիշտ պատկերելու և «ան»/«յան» վերջավորություններից (հայկական ազգանունների տիպիկ վերջավորություններ) դեմքը խոժոռելու անհրաժեշտությունից ազատելու համար։
Ահա, թե ինչպես եմ հիշում ռուսերենի իմ դասերից մեկը 1993 թ-ին։ Սիրելի ուսուցիչս հիշատակեց այդ «վատ» վերջավորությունները, և մենք նույնիսկ չէինք կասկածում, որ նա իրավացի է։
Իհարկե, վերոհիշյալ Ռազմավարի պուրակը, կարծես, պատրանք էլ չի թողնում գերիշխող դիսկուրսի փոփոխությունների հեռանկարների մասին։ Բացի այդ, այս դատում գլխավոր խաղացողի՝ կրթության նախարարության ձեռնարկած մյուս միջոցները նույնպես խոսում են այն մասին, որ իշխանությունը պատրաստ չէ ձեռքից բաց թողնել բնակչության համախմբման այս ռեսուրսը։
«Ղարաբաղի պատմություն» առարկան, որը դպրոցականներն անցնում էին յոթերորդ դասարանում, հաջորդ տարվանից դասավանդվելու է նաև 9-րդ դասարանում՝ արդեն որպես «Ղարաբաղյան հաղթանակի պատմություն»։ Նախարար Էմին Ամրուլաևի խոսքով՝ աշակերտներն ու քաղաքացիները (երեխաների հետ պատմությանը ծանոթանում են նաև ծնողները) կիմանան և հողերի կորստի պատճառների, և երկարատև բանակցային գործընթացի, և օկուպանտների նկատմամբ հաղթանակի մասին։
Համաժողովրդական միավորման և ամուր խաղաղության հաստատման շահագրգռվածությունից բխող շահերի միջև ընտրելիս, որը համատարած պրոպագանդայի և Հայաստանի ռևանշիստական տրամադրությունների պայմաններում անիրական է թվում, իշխանությունն ակնհայտորեն անգամ կասկածներ չունի։
Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Չէ՞ որ անհնար է պարզապես վերցնել և ժողովրդին հայտարարել, որ այսուհետ կարելի է խաղաղ համագոյակցել։ Տարիների քարոզչության հետևանքով, որն ուղեկցվել է պատմության ամբողջական կտորների մասին լռելով և դրանք մոռացության մատնելով, անդունդ է առաջացել, որտեղ թաղված են մարդկանց հիշողությունները։ Դրանք կարող էին պահանջարկ ունենալ, եթե քաղաքական կամք լիներ և վստահության, այլ ոչ թե ատելության վրա ամուր խաղաղություն կառուցելու պատրաստակամություն։
Սակայն վերևների հայտարարություններին և գործողություններին հետևելիս անզեն աչքով երևում է, որ դրանք նպաստում են անդունդի խորացմանը։ Պարտության տրավմատիկ փորձը փոխարինվում է հաղթողի բարդույթով, իսկ ցանկացած քննադատություն և հիշեցումներն այն մասին, որ փաստացի կողմերը պարզապես տեղերով են փոխվել, խլացնում է ազգայնական դիսկուրսի «ողջամտությունը»։
Տրավմատիկ փորձի հաղթահարմանը կարող էին օգնել սիմետրիկ հիշողությունները, երկու կողմից էլ լսված լինելու հնարավորությունը և զրույցները ոչ միայն միմյանց դեմ պայքարի հերոսական էջերի մասին։ Մինչև համատեղ կատարսիս չլինի, հնարավոր է միայն առանձին պատմություն, սեփական «իսկական» ճիշտ։
Եվ ադրբեջանցիներին նախկինի պես նյարդայնացնելու է Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձան-խորհրդանիշը։ Թեև հենց «մեր» բառը կարող էր ծառայել որպես միավորող ուղենիշ։
Սոցիոլոգներն ու պատմաբանները խոսում են երեք սերունդների հիշողության մասին։ Այն պահպանվում է՝ գոյություն ունեցող սոցիալական շրջանակների շնորհիվ (հասարակական և տնտեսական կառուցվածք, պատերազմի հետևանքներ և այլն)։ Իսկ դրանց անխուսափելի փոփոխմանը զուգահեռ այդ հիշողությունը տարրալուծվում է և փոխարինվում։
Բարիկադների երկու կողմերում հնչող ներկայիս հռետորաբանությունը, այն զարգացնելու գործում իշխանությունների ու տարբեր հասարակական խմբերի ակտիվ մասնակցությունը բոլոր պայմանները ստեղծում են, որ գոյություն ունեցող բացասական հիշողությունը, որին է միայն թույլատրված ներառվել հանրային դաշտում, անցնելու է հաջորդ երեք սերունդներին։
Այդ սերունդներն էլ չեն հիշելու ոչ Սայաթ-Նովային, ոչ Ալեքսանդր Շիրվանզադեին, ոչ Առնո Բաբաջանյանին, ոչ Կարեն Հովհաննիսյանին, որը հայտնի ադրբեջանական ֆիլմում վարսավիր Աշոտի դերն է խաղացել։ Նրանք իմանալու են միայն խստորեն զտված և հստակ հայտնի «փաստեր»։
Դավադրության տեսությունների շրջանում հայտնի է այսպես կոչված «Լիոտեի պլանը», որ կապված է Մարոկկոյում ֆրանսիական զորքերի հրամանատարի անվան հետ։ Գեղեցիկ լեգենդը պատմում է, որ տապից տառապող տարեց գեներալը հրամայել է ճանապարհի երկայնքով ծառեր տնկել, որոնք ստվեր կգցեն։ Իսկ այն դիտարկմանը, որ ծառերն աճելու են միայն 50 տարի անց, կտրուկ պատասխանել է, որ հենց այդ պատճառով էլ աշխատանքը պետք է սկսել հենց հիմա։
Հենց այսպես է մինչ օրս բացատրվում նաև «Արևմուտքի՝ հասարակությունները ներսից քայքայող համառ ու հետևողական աշխատանքը», որը հայտնի է որպես ժողովրդավարական արժեքների քարոզչություն։
Սակայն դա հենց այն է, ինչ պետք է ողջամիտ ուժերին, որոնք շահագրգռված են ամուր խաղաղության վերականգնմամբ, հերթական արյունարբու ջարդը թույլ չտալով։ Պետք է սկսել խոսել արդեն հիմա։ Բավ է կռվել։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։