Հայաստանը զգուշացնում է Թուրքիային. պայմանավորվածությունները առ ոչինչ կհայտարարվեն
2018թ.-ի գարնանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարվելու են առ ոչինչ: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջինս նշել է, որ Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ մշակվեցին Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք սակայն մինչ օրս չեն վավերացվել, քանի որ Թուրքիայի կառավարությունը նախապայմաններ է առաջ քաշում:
Հայ-թուրքկան արձանագրությունները հայտնի են նաև Ցյուրիխյան արձանագրություններ անվամբ: «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և նրա թուրք պաշտոնակից Ահմեդ Դավիթօղլուն:
1991թ.-ին Թորքիան de facto ճանաչել է Հայաստանը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 1993թ.-ից Թուրքիան միակողմանի փակել էր օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, բայց միջազգային հանրության ջանքերով օդային սահմանը 1995թ.-ին վերաբացվեց, իսկ ցամաքային սահմանը մինչև օրս փակ է: Ցյուրիխյան արձանագրությունները ենթադրում են նաև հայ-թուրքական սահմանի բացում:
Ստորագրումից հետո փաստաթղթերն ուղարկվել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններ՝ վավերացման:
2009 թ.-ի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Թուրքիայի խորհրդարանում փաստաթղթերի վավերացման գործընթացը սառեցվեց:
Հայկական կողմն ի պատասխան հայտարարեց, որ արձանագրությունները պետք է վավերացվեին առանց նախապայմանների, և 2010թ.-ի ապրիլի 22-ին որոշում կայացվեց արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնել: Հինգ տարի անց փետրվարի 16-ին ՀՀ նախագահը հետ է կանչել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից:
Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ նամակ է հղել խորհրդարանի ղեկավարին, որի մեջ ասվում է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը»:
Այժմ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, Սերժ Սարգսյանն ասել է. «Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:
ՀՀ նախագահը շեշտել է, որ այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով: