Չկտրվող կապ
‘- Ալո, Ինդիրա, ինչպե՞ս եք: Ի՞նչ կա-չկա:
— Ձյուն է եկել: Դու՞ք ոնց եք:
— Մենք հեչ: Երեխաներն ինչպե՞ս են:
— Նորմալ է ամեն ինչ, փողերդ գնում են: Բարևի՛ր բոլորին, երեխաներին համբուրի՛ր:
Էվելինան հեռախոսն է անջատում: Թուղթը, որի վրա հեռախոսահամարներն են գրված, քառածալ է անում և թաքցնում դարակի գրքի մեջ:
«Թուղթը չի կարելի կորցնել: Այդ համարներով մերոնց հետ եմ կապվում: Իմանում եմ՝ ինչպես են ծնողներս, եղբայրներս ու քույրերս», — ասում է նա:
Էվելինա Գոբուզովան բարձրահասակ, նիհար կին է: Աչքերը մեղրագույն են: Մազերն էլ է մոտավորապես նույն գույնի ներկում: Ձեռքերը կոպտացել են հողի հետ աշխատելու պատճառով: Դեմքին ամենօրյա ծանր աշխատանքն ու հոգսերն են արտացոլվում: Չնայած երկտասարդ լինելուն՝ Էվելինայի դեմքին կնճիռներ են նկատվում՝ ճակատին ու աչքերի շուրջը, որոնք նրան տխուր տեսք են հաղորդում:
Մի քանի օր առաջ լրացել է Էվելինայի 43 տարին: Արդեն ութերորդ տարին է՝ ծննդյան օրն անցկացնում է հարազատ գյուղից հեռու: Նա ամուսնու և երեխաների հետ ապրում է փոխստականների Սկրի բնակավայրում:
«Երբեմն կատակում եմ՝ ասելով, որ երկու ընտանիք ունեմ: Մեկն՝ ինձ կյանք տվածը, մյուսը՝ կյանքը շարունակելու համար ինձ ուժ տվածը», — ասում է նա՝ բացատրելով, որ, առաջին ասելով, նկատի ունի ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Նրանք մինչ այսօր Սաթիխարիում են ապրում:
Սաթիխարին այն գյուղերից է, որի հանդեպ վրացական կողմը վերահսկողությունը կորցրել է 2008թ-ի պատերազմից հետո: Գյուղը, որտեղ 35 տարի ապրել է, Էվելինան ամուսնու և երեխաների հետ լքել է պատերազմից հետո:
«Ամուսինս վրացի է, և մենք վախենում էինք գյուղում մնալ պատերազմից հետո: Իսկ ծնողներս, քույրերս ու եղբայրներս այնտեղ մնացին: Սկզբից մտածում էինք, որ բաժանությունը մի քանի օր կտևի: Սակայն այսքան տարի է անցել, բայց ես ոչ մի կերպ չեմ հարմարվում, և հիմա ել եմ հավատում, որ դա ժամանակավոր է: Հեռանալուց հետո ողջ կյանքս համատարած կարոտ դարձավ: Անընդհատ կարոտում եմ հարազատներիս», — ասում է Էվելինան:
Փախստականների Սկրի բնակավայրը Վրաստանի քարտեզի վրա հայտնվեց 2009թ-ին: Այստեղ մոտ 200 փախստական է ապրում: 8 տարի առաջ նրանց համար 89 քոթեջ կառուցեցին: Սկզբում դրանք միանման էին, կաթնագույն պատերով և բալագույն կտուրներով: Այսօր դրանցից որոշներին լրացուցիչ սենյակներ են ավելացվել, մյուսներն այլ գույն են ներկվել, որոշ բակերում ավտոտնակներ են հայտնվել:
Էվելինայի ընտանիքն էլ է մեկ սենյակ ավելացրել: Սակայն բնակտարածքն այնուամենայնիվ բավարար չէ. երեք սենյակը ստիպված են կիսել կին ու ամուսին, երեխաներն ու թոռները:
Ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում: Գարնանն ու աշնանը նրանք հարևաններին օգնում են հող մշակել և բերք հավաքել, ինչի դիմաց փոքր գումար են ստանում: Ամեն ամիս ընտանիքը սոցիալապես անապահովների նպաստ է ստանում՝ ընդհանուր 360 լարի:
Վրաց-օսական խառը ընտանիքների վիճակագրություն չկա, սակայն բացարձակապես հստակ կարելի է ասել, որ այդ ժողովուրդների միջև գոյություն ունեցած դարավոր խաղաղ կյանքը բերել է նրան, որ այդպիսի ընտանիքներ շատ կան:
«Շատ մեղկ է: Անընդհատ իր հարազատների համար անհանգստանում է: Անընդհատ հեռախոսն է ստուգում, որպեսզի նրանցից զանգ բաց չթողնի: Ամեն զանգի ժամանակ վեր է թռչում՝ հույս ունենալով, որ նրանք են զանգահարում», — ասում է Ջեմալ Օքրոփիրիձեն՝ Էվելինայի ամուսինը:
Էվելինան 8 քույր ու եղբայր ունի: Ամենահաճախը Ինդիրան ու Էմման են զանգահարում: Ինչպես Էվելինան է ասում, իրար հետ հիմնականում վրացերեն են շփվում:
«Եղբայրներիցս մեկին պատերազմի ժամանակ կորցրինք: Այդ մասին ինձ հեռախոսով հաղորդեցին: Այդ ժամանակ մենք արդեն այսկողմ էինք տեղափոխվել, սակայն ի՞նչը կարող էր ինձ ետ պահել: Անցա մյուս կողմը, սգացի դժբախտ եղբորս մահը: Ետ եմ վերադարձել Կարմիր խաչի աշխատակիցների օգնությամբ: Այդ ժամանակ էլ տեսա քանդած ու այրված տները, դժբախտ մարդկանց: Ես լքում էի կոկիկ ու մաքուր գյուղը, սակայն այդ պահին այն անճանաչելի էր: Դրանից հետո այն կողմում էլ չեմ եղել: Հաճախ եմ երազում տեսնում, թե կանգնած եմ տանս դարպասների մոտ, մորս հետ եմ զրուցում, քույրուեղբայրներիս գրկում», — պատմում է Էվելինան՝ արցունքները զգեստի թևքով սրբելով:
Զրույցին է միանում նրա 21-ամյա դուստր Նաթիան: Նա գրկում է մորը. «Մի մտածեք, թե դրանից հետո նա չի փորձել մյուս կողմ անցնել: Երեք տարի առաջ նրան անցնելիս բռնել են: Երկու օր Ցխինվալի մեկուսարանում են պահել, իսկ մենք բոլորս այստեղ ծայրահեղ անհանգիստ էինք: Բաց չթողեցին, քանի դեռ մորաքույրներս նրա համար չվճարեցին: Իսկ մենք զգուշացնում էինք, որ չփորձի անցնել սահմանը», — ասում է Նաթիան:
Էվելինան ժպտում է, դստեր մեջքը շոյում և ասում, որ նա էլ նույն բանը կաներ, եթե հարազատներին կարոտեր:
«Գոնե ինտերնետ անցկացնեին, ավելի հեշտ կլիներ կարոտն առնել, — փորձում է մորը հանգստացնել Նաթիան: Ինտերնետով այսօր կարելի է իմանալ նույնիսկ, թե ինչ վերնաշապիկ է հագել սիրելի մարդը և ինչ է կերել նախաճաշին: Ես, օրինակ, Ֆեյսբուքով ծանոթացել եմ իմ ազգանվանակիցների հետ: Մեծ մասի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն շատ բան գիտեմ նրանց մասին»:
Բոլոր եղբայրներից ու քույրերից Էվելինան տեսնվում է միայն Էմմայի հետ, այն էլ տարին մեկ՝ աշնանը: Էմմայի ամուսինը վրացի է, ապրում են Կախեթում: Պատմում է, որ Կախեթ գնալն իսկական տոն է: Երբ սկսվում է խաղողի բերքահավաքը, բոլոր բարեկամները ճաշում են մի մեծ սեղանի շուրջ:
Վրացական խոհանոցի ուտեստներից բացի սեղանին լինում է նաև օսական խաբիզգին: Երբ հարազատների մասին կենաց են խմում, Կախեթից զանգահարում են Սաթիխարի գյուղ:
Էվելինան վերցնում է բջջայինն ու հավաքում Էմմայի հեռախոսահամարը: Քրոջ ձայնը լսելիս դեմքը փոխվում է, աչքերը պարզում են: Խոսում է ու հեռախոսն ինձ փոխանցում:
«Մի ամբողջ տարի Էվելինայի գալուն եմ սպասում: Ողջ գիշեր զրուցում ենք: Հիշում ենք մանկությունը, այն ժամանակները, երբ վրացիների և օսերի միջև ոչ մի թշնամանք չկար, մեր գյուղը, ծնողներին, քույրերին ու եղբայրներին, որոնց խենթի պես կարոտում ենք», — ասում է ինձ Էմման:
Վրացիների և օսերի միջև պառակտումն իր անձնական դժբախտությունն է դարձել: Ասում է, որ եթե հնարավորություն լիներ ընդամենը մեկ ցանկություն պահելու, նա կհաշտեցներ այդ երկու ժողովուրդներին:
«Ես օս եմ, ամուսինս՝ վրացի, երեխաներս էլ են վրացի: Քրոջս մոտ էլ է նույն բանը: Ես ու ամուսինս սիրով ու խաղաղ այսքան տարի ապրում ենք, և ոչինչ չի կարողացել մեզ բաժանել: Ամուսնուս հարազատների հետ էլ են հարաբերություններս լավ, նրանք սիրում են ինձ: Երբեք ոչ մի վատ բան չեմ զգացել այն պատճառով, որ օս եմ: Եվ մի՞թե ընտանիքս այն բանի օրինակ չէ, որ վրացիներն ու օսերը կարող են սիրով իրար վերաբերվել: Շուրջբոլորը նայեք. չէ՞ որ այստեղ գրեթե ամեն երկրորդ ընտանիք խառն է, և ոչ մեկ չի կորցրել իր կապը մյուս կողմում մնացած իր բարեկամների հետ», — ասում է Էմման հեռախոսազրույցի վերջում:
Էվելինան անջատում է հեռախոսն ու ասում.
«Այժմ հեռախոսն ինձ համար ամենակարևոր իրն է դարձել: Այն փրկում է, երբ կարոտը սկսում է խեղդել, երբ հարազատներիս ձայնը լսում եմ»:
Էվելինայի փոքր տանը հեռախոսին առանձնահատուկ պատվավոր տեղ է հատկացված՝ հաստափոր գրքի կողքը: Ընտանիքի բոլոր անդամները կանոն ունեն՝ օգտագործելուց հետո միշտ վերադարձնել հեռախոսն իր տեղը:
Ավարտում ենք զրույցը: Հեռախոսիս վրայից անջատում եմ ձայնագրությունը և ժպիտով հաստատում տանտիրուհուն, որ հեռախոսն իրոք անհրաժեշտ հայտնագործություն է:
Էվայի քոթեջը բնակավայրի ծայրամասում է: Մինչև մայրուղի ոտքով եմ գնում: Պայուսակիս մեջ հեռախոսն է, որով ձայնագրել եմ ձայներ, հեռախոսային զանգեր և պահպանված հարաբերությունների մասին պատմություններ:
Ինձնից մի քանի կիլոմետր այնկողմ ռուս զինվորականների քաշած փշալարն է վարչական սահմանը նշելու համար, փշալարը: