Չկայացած օդային պաշտպանություն
Հայաստանին ու Վրաստանին՝ տարածաշրջանային անվտանգության տարբեր համակարգեր ընտրած երկու հարևան երկրներին, այնուամենայնիվ չի հաջողվում հայտարարագրված մտադրություններին համապատասխան օդային պաշտպանություն կառուցել:
Վրաստանը, որը ԵՄ հետ համաձայնագիր է կնքել, ինչն էլ ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ից, փորձում է իր անվտանգությունը կառուցել եվրաատլանտյան ստանդարտների համաձայն: Վրաստանում ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի բացումից և բազմաթիվ համատեղ զորավարժություններ անցկացնելուց հետո Վրաստանը որոշակի պահի որոշեց հակաօդային պաշտպանությունը նույնպես արևմտյան հունով տանել:
Փորձագետները նշում էին, որ Հարավային Կովկասում ՀՕՊ արևմտյան միջոցների հայտնվելը կարող է ամբողջությամբ փոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որտեղ հակաօդային պաշտպանության միայն ռուսական արտադրության միջոցներ կան:
Եվ պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից ՀՕՊ համակարգեր գնելու Վրաստանի փորձերը ոչ միայն Ռուսաստանի այլ նաև հենց Վրաստանի ներսում սուր դիմադրության հանդիպեցին: ՆԱՏՕ-ական ՀՕՊ ստեղծելու Վրաստանի փորձերը պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի համար հրաժարականով ավարտվեցին:
Ներկայիս պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարում է, որ կանի ամեն ինչ Վրաստանի մտադրությունների իրականացման և բանակն արևմտյան տեսակի ՀՕՊ միջոցներով զինելու համար:
Ֆրանսիան Վրաստանին ՀՕՊ համակարգերի տեխնիկական միջոցներ կտրամադրի, հայտարարել է նախարարը: Հակահրթիռային համակարգերի մատակարարումը ծրագրվում է սկսել 2017թ-ի հունվարին:
Հիշեցնենք, որ 2015թ-ին Թբիլիսին վրացական բանակին դիտարկման վերգետնյա ֆրանսիական ռադարների և հրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրեր կնքեց: Առաջին պայմանագիրը Վրաստանի պաշտպանության նախարարությունը կնքեց ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems (TRS) ընկերության հետ, երկրորդը՝ ֆրանսիական MBDA-ի:
Վրաստանում մինչ օրս կասկածում են, որ ֆրանսիական ՀՕՊ համակարգերը երբևէ կհայտնվեն Հարավային Կովկասում: Շատ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելուն կողմ արտահայտվող քաղաքական գործիչներն, այդ թվում Վրաստանը հեռահար «կառավարող» Բիձինա Իվանիշվիլին ամեն կերպ խոչընդոտելու են այդ գործարքին:
Սակայն Վարշավայում հուլիսի 8-9 անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովը, որտեղ Վրաստանը հնարավոր է աջակցության նոր ծրագիր ստանա, կարող է իրավիճակը կտրուկ փոխել: Վրաստանը հռչակվելու է եվրաատլանտյան գործընկեր երկիր, ինչի մասին վկայում է հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Թբիլիսի:
Հատկանշական է, որ Վրաստանի կողմից ՀՕՊ արևմտյան համակարգերի ձեռքբերման գործընթացին զուգահեռ Ռուսաստանը սկսել է հայկական ՀՕՊ «մասնավորեցման» գործընթաց: Ինչ չափով են այս երկու գործընթացները միմյանցով պայմանավորված, փորձագետները խուսափում են գնահատել, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը «սահնակներն է փորձում պատրաստել», եթե հանկարծ ֆրանսիական ՀՕՊ համակարգերն այնուամենայնիվ հայտնվեն Վրաստանում և եթե Թբիլիսին ՆԱՏՕ-ին անդամակցության թեկնածու դառնա:
Սակայն Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը միավորելու, ավելի ճիշտ հայկական ՀՕՊ միջոցներն իր հրամանատարության տակ վերցնելու Մոսկվայի փորձերը նույնպես դժվարությունների հանդիպեցին: Չնայած որ համատեղ ՀՕՊ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել էր դեռևս 2015թ-ի դեկտեմբերին, Հայաստանի խորհրդարանը 2016-ի հունիսին դժվարությամբ վավերացրեց համաձայնագիրը:
Խորհրդարանում բազմաթիվ զգուշացումներ հնչեցին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության սրացման պարագայում Հայաստանը կզրկվի իր երկինքը վերահսկելու հնարավորությունից: Արդյունքում, փաստարկները ոչ մի ազդեցություն չունեցան՝ 131 պատգամավորից 102-ը քվեարկեց հայկական և ռուսական ՀՕՊ միավորման օգտին: «Դեմ» քվեարկեց ընդամենը 8 պատգամավոր:
Ռուսաստանն ու որոշ հայ փորձագետներ մինչ այդ փորձում էին մատնացույց անել Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ միավորման օգուտները՝ նշելով, որ Երևանը կկարողանա օգտվել ռուսական հակաօդային պաշտպանության հետախուզական հնարավորություններից: Սակայն մնացած փորձագետներն այդ փաստարկները ծիծաղելի անվանեցին:
Lragir.am-ի հոդվածագիր Հակոբ Բադալյանի կարծիքով, Հայաստանի և Վրաստանի միջև բաժանարար գծերը խորանալու տենդենց է նկատվում՝ կապված այն բանի հետ, որ երկու երկրները տարբեր ինտեգրացիոն միավորումներ են ընտրել: Նա կարծում է, որ այդ բաժանարար գծերի խորացումը հղի է հայ-վրացական սահմանին անցանկալի զարգացումներով:
Այն, որ Հայաստանը դառնում է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության պոլիգոն, Հայաստանի փորձագիտական համայնքը շատ լավ է գիտակցում, ինչպես նաև հասկանում է Վրաստանի «թշնամու» վերածվելու ռիսկերը: Մինչ համաձայնագրի վավերացումը Երևանում նույնիսկ բողոքի ակցիաներ անցկացվեցին Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ ստեղծելու դեմ: Առանձնահատուկ ընդվզում առաջացրեց այն որ հայկական օդային տարածքի պաշտպանության հարցերը կարգավորող կառույցը կառավարելու է ռուսական կողմը:
Հուլիսի 4-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին հաստատվեց ՀԱՊ-ի մինչև 2025թ-ի զարգացման հայեցակարգը: Այն կարող է ընդունվել հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Ինչպես նշեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, ՆԱՏՕ-ն հայեցակարգում կարող է ՀԱՊԿ սպառնալիք հայտարարվել:
Իր հերթին, հուլիսի 8-9 կայացած ՆԱՏՕ գագաթնաժողովում Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի համար որպես սպառնալիք հայտարարվել: Ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ Ռուսաստանը: Սակայն Երևանը, հավանաբար, համաձայն է Ռուսաստանի հետ միասին Հյուսիսատլանտյան դաշինքի թշնամի դառնալ: Իսկ դա նշանակում է, որ երկու հարևան երկրներ Հայաստանն ու Վրաստանը կհայտնվեն բարիկադների հակառակ կողմերում:
Հրապարակվել է 07.07.2016