Հանքերն ու ավերածությունները Վրաստանի Չիատուրայում
Փլատակների վերածված պիոներների պալատի բացառիկ շենք, ժանգոտ, գործածությունից դուրս եկած վագոններ, ԽՍՀՄ փլուզումից հետո Չիատուրա-Սաչխարե երկաթգծի փակուղում մնացած շոգեքարշ, փլուզվող և ներկը թափված խցիկներով ճոպանուղի… Չիատուրա քաղաքում ժամանակը կարծես կանգ է առել, եթե իհարկե հետ չի գնացել: Այստեղ ամեն ինչն է ժանգոտել:
Սև ոսկու քաղաք՝ այդպես էին անվանում Չիատուրան ԽՍՀՄ տարիներին: Այն Անդրկովկասում մանգանի հանքահանության և վերամշակման կենտրոնն է: Սակայն տեղացիներին դա ոչինչ չի տալիս. այսօր հանքահորների քաղաքը ծայրահեղ աղքատության մեջ է:
Ուր նայես՝ փողոցային առևտրով զբաղվողներն են: Նախկինում առևտուր խանութում էին անում, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Չիատուրայի հենց կենտրոնում, մայթերի վրա վաճառում են ներքնազգեստ, վերնաշապիկներ, գուլպաներ և գլխարկներ: Ամեն ինչն այստեղ 10 լարին չի գերազանցում:
Մայթեզրին կանաչի, միրգ և բանջարեղեն են վաճառում: Կանայք այստեղ են գալիս հարակից գյուղերից վաղ առավոտյան և ուշ երեկոյան ավտոբուսով վերադառնում իրենց տները։
Տղամարդիկ հին գործարանի փլատակներից երկաթ են հավաքում հանձնելու և ընտանիքը կերակրելու համար: Տեղացիները պատմում են, որ նախկինում ընտանիքից գոնե մեկը հանքում էր աշխատում, իսկ այժմ՝ արտադրության կրճատումից և որոշ հանքերի փակվելուց հետո, նրանց մեծ մասը գումար է վաստակում փողոցային առևտրով:
Ամենաբազմամարդ հատվածը Չիատուրայի անվճար ճաշարանի մոտ է: Ուտելիքի օրվա իրենց բաժինը ստանալու համար այստեղ մարդիկ առավոտ շուտ հավաքվում են, նստում նստարաններին ու տարբեր թեմաներ քննարկում: «Կատարսիսին» է սպասում նաև այս փողոցային շունը: Ուտելիքից նրան էլ մի բան կհասնի:
Սարերով շրջապատված և ճոպանուղու ցանցով պատված այս քաղաքում ճամփորդել է լուսանկարիչ Դավիթ Թաբագրին: