Չես առնի՝ չես խմի
Առավոտյան ջրային արարողակարգ
Եթե խորհրդային տարիներին Արմավիր քաղաքն արթնանում էր պահածոների գործարանի առավոտյան ձայնային ազդանշանից, այսօր այն փոխարինվել է ջուր վաճառող ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայի ազդանշանով:
Արմավիր քաղաքի բնակչությունը 20 տարուց ավելի է խմելու ջուրը գնում է ջրատար մեքենաներից՝ վճարելով 3 անգամ թանկ, քան սեփական ծորակի ջուրը:
Տիկին Թամարան ամեն առավոտ նույն ժամին սպասում է ջրատար մեքենային, քանի որ արդեն 20 տարի է տնային աշխատանքները սկսում է ջուր գնելուց հետո միայն: Ըստ Թամարայի, այս տարիների ընթացքում պարբերաբար փոխվել են ջրատար մեքենաները, վարորդները, իսկ ջրի սակագինը կրկնակի ավելացել է: Եթե նախկինում մեկ դույլ ջրի համար համար վճարում էր 50 դրամ, այսօր այն դարձել է 100 դրամ:
Ինչու են արմավիրցիները հրաժարվում ծորակից ջուր խմել
Արմավիրում գործում է շուրջօրյա ջրամատակարարում: Խմելու ջուրը մատակարարում է «Նոր ակունք» ՓԲԸ-ն: Ընկերության ղեկավարությունը որքան էլ փորձում է մարդկանց համոզել, որ մատակարարվող ջուրը խմելու համար պիտանի է, սակայն արմավիրցիները սեփական աչքով անգամ կարողանում են գնահատել խմելու ջրի իրական որակական հատկանիշները:
Արմավիրցիներն ասում են, մատակարավող ջրի մեջ աղերի քանակությունը նորմայից մի քանի անգամ բարձր է, ինչը հստակ երևում է ջրատաքացուցիչ սարքավորումներում կուտակված աղի քանակով:
«Նոր ակունք» ՓԲԸ տնօրինությունը չի հերքում խմելու ջրի կոշտության փաստը, բայց պնդում է, որ չնայած ջուրը կոշտ է, սակայն առողջության համար վտանգավոր չէ: Նույն մեկնաբանությամբ հանդես է գալիս նաև մարզի հակահամաճարակային կենտրոնը. կոշտությունը թույլատրելի սահմաններում է:
Արմավիրի ջրամատակարարման պատմությունը
Արմավիրը՝ նախկին Հոկտեմբերյանը, խմելու ջուր է ստացել Զևայից, այնուհետև բնակչության ավելացման հետ նոր ջրագծի խնդիր է առաջացել: Պետական ծրագրով Ալագյազից մեծ ջրագիծ է կառուցվել, որի մի մասը տրվել է Արմավիրին, մյուս մասը՝ Երևան քաղաքին:
Դրանով իրականություն է դարձել արմավիրցիների որակյալ խմելու ջուր ունենալու տարիների երազանքը: Ալագյազի ջուրն իր որակական հատկություններով մի քանի անգամ գերազանցում էր Զևայից մատակարարվող ջրի որակը:
Բայց արմավիրցիների ուրախությունը երկար չտևեց: Զևայի ջուրն աստիճանաբար նվազեց, իսկ Ալագյազի ջուրն ամբողջությամբ տրվեց մայրաքաղաքին: Արմավիրցիների համար սկսվեց խմելու ջրի ամենադաժան ժամանակաշրջանը: Օրական մեկ-երկու ժամ ջուր էր մատակարարվում, իսկ բարձրահարկ բազմաբնակարան շենքերը՝ սկսած երկրորդ հարկից, լիովին զրկված էին ջրից: Այդ ընթացքում բնակիչները սկսեցին խմելու և ընդհանուր օգտագործման համար ջուր գնել ավտոցիստեռններից՝ 1 լիտրը 5 դրամով:
1999 թվ-ին Գերմանիայի կառավարության վարկավորմամբ սկսվեց Արմավիր քաղաքի և հարակից գյուղերի ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքները: Միևնույն ժամանակ փորվեցին 11 արտեզյան հորեր, որոնց միջոցով նախատեսվում էր խմելու ջուր մատակարարել Արմավիր քաղաքին և հարակից գյուղերին:
Բնակչությունը ողջունեց 24 ժամ ջուր ունենալու հնարավորությունը, սակայն խմելու համար շարունակեց գնել ցիստեռնից:
Վաճառվող ջրի ծագումնաբանությունը
Ջրատար մեքենաները ջուրը բերում են Արմավիրից 40 կմ հեռավորության վրա գտնվող Թալին քաղաքից: Քանի որ Թալինում ջուրն անվճար էր, իսկ վաճառքը հարկային դաշտից դուրս, ջրի բիզնեսը զարգացում ապրեց: Ցիստեռնները կարող էին օրը մի քանի անգամ ջուր վերցնել և Արմավիրում վաճառել:
Ջրատար ավտոմեքենաներն այնքան շատացան, որ մեկ ցիստեռն ջուրը վաճառելու համար մոտ 3 օր էր պահանջվում: Իսկ թե այդ օրերի ընթացքում ջուրն ինչպիսի կենսաբանական փոփոխությունների էր ենթարկվում, այդ ուղղությամբ որևէ հսկողություն չի եղել և չկա:
Թալինցիներն էլ հասկացան իրենց ջրի պահանջարկն ու կանոնակարգեցին բնագավառը՝ սկսեցին ցիստեռններին վաճառել ջուրը: Մեկ ցիստեռնի համար սահմանվեց 1500 դրամ վճար:
Շահույթը մեծացավ, ցիստեռնները պակասեցին
Ջրի բիզնեսի կողքից չէին կարող անտարբեր անցնել ազդեցիկ դեմքերը: Արդյունքում ցիստեռնների քանակը նվազեց, յուրաքանչյուրին հատկացվեց համապատասխան տարածք: Բնական է, ջրի բիզնեսը գրանցված չէ հարկային մարմնում և իրական տերերը մնում են անհայտ:
Մեկ ցիստեռն ջուր բերելու համար ծախսվում է մոտ 2000 դրամի վառելիք, 1500 դրամ ջրի գինն է, եթե ցիստեռնի տարողությունը 5 տոննա է, ապա 1 լիտրը 10 դրամով վաճառելիս եկամուտը կազմում է 50 հազար դրամ:
Եթե եկամտից հանենք ճանապարհածախսը, ջրի գինը և այն ծախսերը, որ անհրաժեշտ են վաճառքի ընթացքում, ստացվում է մեկ ցիստեռնը ապահովում է օրական 40 հազար դրամ շահույթ: Ամառվա ամիսներին յուրաքանչյուր ավտոմեքենա հասցնում է նույնիսկ երկու ցիստեռն ջուր վաճառել:
Իրավիճակը գյուղական համայնքներում
Արմավիրի մարզի գյուղական համայնքները նույնպես հանդիսանում են վաճառվող խմելու ջրի սպառման շուկա: Գյուղերի խնդիրն ավելի խորն է: Բացի այն, որ այստեղ էլ խմելու ջուր մատակարարվում է արտեզյան հորերից և նույն կոշտությունն ունի, դրան ավելանում է նաև հովհարային ջրամատակարարումը:
Գյուղական համայնքները ֆինանսապես հնարավորություն չունեն շուրջօրյա պոմպակայան աշխատացնել: Եթե Արմավիր քաղաքում ջրամատակարարը և հսկողություն սահմանող կառույցները բնակիչներին վստահեցնում են, որ մատակարարվող ջուրը խմելու համար պիտանի է, ապա նույնը չեն կարող ասել գյուղական համայնքների բնակիչներին:
Բանն այն է, որ գյուղական համայնքներում, օրինակ, Ջրառատ գյուղում խմելու ջուրը մատակարարվում է օրական մեկ անգամ, 2 ժամով: Հիմնականում բոլոր գյուղերում ջուրը տրվում է առավոտյան ժամը 08:00-10:00-ը: Հատկապես ամռան ամիսներին կանգնած ջուրը, մնալով տաք հողի շերտում, ենթարկվում է բիոկոռոզիայի:
Հաճախ են լինում դեպքեր, երբ հաջորդ ջրամատակարարման սկզբում ծորակից հոսում է անհասկանալի գույնի ջուր՝ աներևակայելի կենդանական աշխարհով: Հատկապես անմխիթար վիճակ է տիրում այն գյուղական համայնքներում, որտեղ ջրամատակարարման ցանցը ժառանգվել է խորհրդային տարիներից և գտնվում է ծայրահեղ քայքայված վիճակում:
Արմավիրի մարզում քիչ չեն եղել դեպքերը, երբ ջրի բիզնեսից մարդիկ են տուժել և հայտնվել ինֆեկցիոն բաժանմունքներում, ինչպես օրինակ Ծաղկալանջի և Զարթոնքի համաճարակի դեպքերը: Սակայն ու՞մ մեղադրել, ինչու՞մ մեղադրել, պատկան մարմիններից և ոչ մեկը հետաքրքրված չէ:
Իսկ մարդիկ արդեն ընտելացել են այս իրավիճակին, ու ոչ ոք չի հավատում, որ Արմավիրում խմելու ջրի հարցը երբևէ կլուծվի:
Հրապարակվել է՝ 09.09.2016