«Չեմ ուզում կարանտինից դուրս գալ». ինչո՞ւ են մարդիկ տանը մնում: Յոթ պատմություն Վրաստանից
Վրաստանում արտակարգ դրությունը չեղարկվել է արդեն համարյա մեկ ամիս, իսկ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները աստիճանաբար հանվում են:
Սրճարանները, ռեստորանները, այգիները, գեղեցկության սրահները բաց են: Հասարակական տրանսպորտը արդեն աշխատում է:
Կազմակերպությունների մեծ մասը, ըստ համաճարակաբանների խորհուրդների, աշխատում է հեռակա ռեժիմով: Սակայն որոշ ընկերություններ արդեն բացել են գրասենյակները:
Սովորական կյանքի ռիթմին վերադառնալը, պարզվում է, բոլորի համար հավասարապես ուրախալի չէ:
Եթե եռամսյա մեկուսացման տնտեսական հետևանքները քիչ թե շատ հաշվարկված են, ապա դեռ անհայտ է, թե որքանով է համավարակը վնասել մարդկանց հոգեկան առողջությանը:
Ինչպես փորձագետներն են ասում, այս մեկուսացումից դուրս գալը կապված է բազմաթիվ հոգեբանական խնդիրների հետ:
Օրինակ, կան մարդիկ, որոնց համար աշխատանքի դուրս գալը կապված է մեծ սթրեսի հետ, և դա ունի մի քանի պատճառ:
Մի մասը սարսափելի վախենում է վարակից և ամբոխից. նրանք խուսափում են օգտվել հասարակական տրանսպորտից, գրասենյակներում շփվել աշխատակիցների հետ:
Մյուս մասի համար մեկուսացումը և տանից աշխատելն այնքան հարմարավետ էին, որ նրանց համար դժվար է վերադառնալ գրասենյակ, ժամանակ կորցնել տրանսպորտում և շփվել գործընկերների հետ:
Նրանք հայտնաբերեցին, որ իրենց ավելի լավ էին զգում ինքնամեկուսացման մեջ և ավելի արդյունավետ էին աշխատում:
Կորոնավիրուսի հետ կապված սթրեսի ազդեցությունը վրաց բնակչության հոգեկան առողջության վրա դեռևս ուսումնասիրված և վերլուծված չէ, բայց, օրինակ, Մեծ Բրիտանիայում YouGov-ի անցկացրած հետազոտության արդյունքներն ասում են, որ բրիտանացիների միայն 9 տոկոսն է ուզում վերադառնալ «նորմալ կյանքի»:
Հոգեբան Ռուսուդան Զաալիշվիլին կարծում է, որ Վրաստանում հնարավոր է մի քիչ այլ պատկեր լինի, քանի որ համավարակի մասշտաբներն այստեղ այդքան մեծ չեն, որքան այլ երկրներում:
«Սակայն սահմանափակումները (համավարակի պատճառով) ամեն դեպքում ստեղծում են որոշակի սթրես և ուժեղ տագնապ: Տանից աշխատանքը խախտեց շատ անձնական և ծառայողական սահմաններ, իսկ մյուսների համար, ընդհակառակը, դարձավ բարեկեցության բարելավման նախադրյալ»:
Նրա խոսքերով՝ բնական է, որ չնայած սահմանափակումների վերացմանը՝ որոշ մարդիկ խուսափում են մարդաշատ վայրերից և նախընտրում են մնալ տանը:
«Ավելի քան երկու ամիս մեր հոգեբանությունն ուղղված էր գոյատևելուն, և անակնկալ վերադարձը նորմալ կյանքին շատերի համար ոչ պակաս սթրես դարձավ: Համավարակը դեռ չի ավարտվել, որոշ մարդիկ իրենց ավելի ապահով են զգում տանը, քան աշխատավայրում», — ասում է նա:
Հոգեթերապևտ Եկատերինա Դարսանիան ասում է, որ ինքնամեկուսացումը առաջին հերթին կարծրատիպ է կոտրել, թե «որքան ավելի շատ ենք մերվում հասարակությանը, այնքան ավելի լավ ենք դրսևորում ինքներս մեզ»:
«Մենք սովոր ենք արագացված, հաճախակի և քաոսային շփումների: Լինելով մեկուսացման մեջ՝ մենք ստիպված եղանք մենակ մնալ ինքներս մեզ հետ և ինքներս մեզ այսպիսի հարցեր տալ. արդյո՞ք հարկավոր են ինձ բոլոր հին հարաբերությունները, բոլոր հին կապերը, ինչ-որ հին սովորություններ»:
Դարսանիայի խոսքերով՝ սա լիովին առողջ արձագանք է, երբ մարդկանց համար դժվար է ինքնամեկուսացումից վերադառնալ միջավայր, իսկ մասնագետի օգնությունը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ այս մեկուսացումը վնասակար է կյանքի որակի համար:
«Ես այլևս չեմ ուզում աշխատանքի գնալ, որովհետև ես կարող եմ իմ աշխատանքը տանից անել: Ես հաճախ հանդիպել եմ ընկերներիս հետ սրճարանում, իսկ հիմա ես խուսափում եմ դրանից. այս ամենը առողջ արձագանք է: Վախը մեզանից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ չափով առկա է, և առողջ հոգեբանության մեխանիզմը կարող է ինքնուրույն հաղթահարել այն: Բայց եթե այդ վախը խանգարում է մարդուն գործել, եթե մարդը նստում է տանը այնպես, որ նա այլևս չի ցանկանում շփվել իր համար կարևոր, սիրելի մարդկանց հետ, այս դեպքում անհրաժեշտ է մասնագետի օգնությունը»,- ասում է Դարսանիան:
JAMnews-ը գտել է շատ այդպիսի մարդկանց, ովքեր չեն շտապում տանից դուրս գալ՝ չնայած կարանտինի չեղարկմանը: Մենք արձանագրել ենք յոթ պատմություն: Մարդիկ պատմում են այն մասին, թե ինչն է խանգարում իրենց վերադառնալ նորմալ կյանքի:
Արչիլ Սուլակվելիձե, 25 տարեկան
Դերասան, Young Georgian Lolitas խմբի երաժիշտ
Մինչև համավարակի սկիզբը մենք աշխատում էինք «Աննա Ֆրանկի օրագրի» վրա Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հետո հայտարարվեց արտակարգ դրություն, և հանկարծ մենք իսկապես տանը փակվեցինք, փողոց դուրս գալը վտանգավոր էր կյանքի համար:
Սկզբում ես այսպես թե այնպես համբերում էի, հետո մի շրջան սկսվեց, երբ ես խելագարվում էի: Երկար ժամանակ ինքս ինձ չէի գտնում: Ես խուճապ չեմ զգում, բայց շատ անհարմար է գիտակցել, որ քեզ հետ կարող է տեղի ունենալ ինչ-որ բան, որի մասին նույնիսկ բժիշկները գաղափար չունեն: Նյարդայնացնում է, երբ վախենում ես գնալ խանութ:
Մի քանի շաբաթ անց նոր կյանքը սովորական դարձավ: Ես փորձում էի զվարճացնել ինքս ինձ. լսում էի երաժշտություն, ինքս էի գրում երաժշտություն, կարդում էի: Ես նույնիսկ սկսեցի հաց թխել:
Իմիջիայլոց, հաց թխելը մի տեսակ դարձավ կորոնավիրուսի խորհրդանիշ, ճի՞շտ է: Ֆեյսբուքում բոլորը գրում էին, որ իրենք են հաց թխում:
Վերջապես այնպես ստացվեց, որ ես տանը հարմարավետ գոտի գտա, կարծես սովորել էի այդ իրավիճակին: Հիմա ինձ համար շատ դժվար կլինի սրանից հետ կանգնել:
Այժմ, երբ հայտնվել են (կորոնավիրուսի) նոր դեպքեր, ես մի քիչ նյարդայնանում եմ: Ես դեռ ինքնամեկուսացման մեջ եմ և ոչ մի տեղ չեմ գնում:
Մեկուսացման մեջ ես հաճախ լսում եմ Queens of Stone Age խմբի Era Vulgaris ալբոմը, և դա ես ինքս եմ գրել:
Սալոմե Գվինեպաձե, 26 տարեկան
Majorel ընկերության ծառայությունների կառավարման մենեջեր
Ես այսօր առաջին օրն եմ աշխատանքի:
Գալուց անմիջապես հետո ես մաքրել եմ իմ սեղանը և փորձում եմ հարմարվել: Ես հետ եմ վարժվել մարդկանց խմբին: Ինձ համար դժվար է ընդունել, որ պետք է գտնվեմ շատ մարդկանց մեջ: Ես գերադասում եմ տանը լինել իմ տարածքում:
Ես երբեք չեմ ենթադրել, որ ինձ դուր կգա ինքնամեկուսացումը: Ես շատ ակտիվ մարդ եմ, մշտապես շարժման մեջ եմ և չէի կարող մտածել, որ կարող եմ աշխատել հեռակա:
Ես տանը գրասենյակ եմ ստեղծել. առավոտյան նստում էի աշխատանքի և վեր էի կենում երեկոյան: Երեկոյան ես յոգայով էի զբաղվում. դա դարձել է օրվա իմ սիրելի հատվածը: Ամեն օր ես սպասում էի երեկոյան ժամերին:
Ինձ ոչինչ չէր անհանգստացնում, ինձ պարզապես պակասում էր մարդկանց հետ շփումը, կարոտում էի գրկախառնություններին:
Երբ դուք աշխատանքի եք, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, դուք ստանում եք շատ անօգուտ տեղեկություն, որը պարտադիր չէ, որ ենթադրի ձեր մասնակցությունը: Տանը տեղեկությունը ձեզ է հասնում միայն այն դեպքում, եթե ցանկանում եք: Տանը ձեզ ոչ ոք չի անհանգստացնում:
Հիմա ես փորձում եմ կրկին հարմարվել հին կյանքին: Դժվար է, բայց ես նաև պետք է ասեմ, որ ես ուրախ եմ տեսնել մարդկանց, ովքեր այս ընթացքում, թվում է, վերածվել են վիրտուալ կերպարների:
Շուտով իմ ծննդյան տարեդարձն է: Ընկերներս զանգում են ինձ և խնդրում նշել միասին: Բոլորը կարոտում են իրար և սպասում հանդիպման, բայց ես բացատրում եմ բոլորին առանձին, որ չեմ պատրաստվում նշել տարեդարձս: Ես նրանց հասկանում եմ, նրանց միասին զվարճանք են ուզում, բայց ես դա չեմ ուզում:
Քեթևան Կուպրաշվիլի, 30 տարեկան, իրավաբան
Առաջ ես նախանձում էի մարդկանց, ովքեր աշխատում էին հեռակա: Ավելի լավ է հարմարավետ նստել բազմոցին, սուրճ խմել և դասախոսություն լսել:
Հիմա, օրինակ, երբ դուք խոսում եք ինձ հետ, ես միաժամանակ կերակուր եմ պատրաստում:
Այսպես ապրելը շատ հարմարավետ է. ես ավելի շատ բան եմ հասցնում:
Հենց համավարակը սկսվեց, ես գերմաներենի կուրս անցա, սկսեցի յոգայով զբաղվել և սկսեցի թխել: Ես նույնիսկ տնային ծաղիկներ տնկեցի: Ես տանը երբեք ծաղիկներ չեմ ունեցել, իսկ հիմա տասներկուսն ունեմ:
Աշխատանքի վերադառնալու առաջին օրը նման էր դպրոց հաճախելու առաջին օրվան: Մեզ մոտ այդպիսի «սեպտեմբերի մեկ» էր: Գրասենյակը մեզ բոլորիս մի տեսակ ուրիշ թվաց: Ես իսկապես ուրախ էի գործընկերներիս տեսնելով, բայց շուտով մենք նորից անցանք հեռակա աշխատանքի:
Այդպիսի ռեժիմով արագ հասկանում ես, որ պարտադիր չէ ութ ժամ անցկացնել աշխատավայրում՝ նույնը անելու համար:
Եկեք մտածենք ֆինանսական կողմի մասին. ինչքան ենք մենք ծախսում տրանսպորտի և անառողջ սննդի վրա, որով սնվում ենք աշխատավայրում:
Նինո Բերիձե, 32 տարեկան, շուկայավար
Գիտե՞ք՝ ես ինչ եմ արել: Երբ առաքիչը ինչ-որ բան էր բերում, ես խնդրում էի նրան թողնել դա դռնից քիչ հեռու, և միայն նրա գնալուց հետո էի դուրս գալիս: Ես սպիրտով մաքրում էի սննդամթերքի տաաները և դնում էի հատուկ դրանց համար նախատեսված աթոռին:
Ես հետևում էի վիճակագրությանը ամեն րոպե, նայում էի լուրերի բոլոր թողարկումները: Քնելուց առաջ ես նաև զննում էի Ֆեյսբուքը, որպեսզի ինչ-որ բան բաց չթողնեմ:
Իմ երեխաները նույնպես մի քիչ անհանգստանում էին այդ ամենը տեսնելով:
Այժմ մարդկանց մեծամասնությունը, թվում է, վերադառնում է կյանքի հին ձևին: Բայց ես չեմ կարող:
Ես նկատել եմ, որ ինձ հաճելի չէ փողոց դուրս գալ: Մի անգամ ես գնացի ծննդյան տարեդարձի, այնտեղ ես շատ լարված էի և հեռանալուց հետո՝ նույնպես: Երբ ինչ-որ մեկը մոտ է գալիս, ես լարվում եմ: Եվ նույնը տեղի է ունենում իմ մոտ ընկերների հետ: Չէ՞ որ այնքան հեշտ է վարակվելը:
Ես ունեմ իմ շուկայավարման գործակալությունը, և իմ թիմը դեռ աշխատում է հեռակա, որովհետև, իմ կարծիքով, երկրում իրավիճակը հիմա ավելի վատ է, քան առաջ: Կան շատ նոր դեպքեր, որոնց աղբյուրը մենք չգիտենք: Վախենում եմ, որ թուլացմանը կհետևի ավելի ուժեղ ալիք:
Տանը լինելը իմ կյանքում 360 աստիճանով շրջադարձ էր: Մինչ այդ ես շատ ակտիվ ռեժիմ եմ ունեցել: Երբ ես առավոտյան դուրս էի գալիս, վերադառնում էի միայն ուշ երեկոյան: Ես աշխատում էի նույնիսկ արձակուրդի ժամանակ:
Համավարակից հետո ես վերանայեցի իմ տեսակետները: Ես հասկացա, որ օրը 24 ժամ աշխատելը անպայմանորեն ոչ արդյունավետ է: Ես որոշեցի իմ գործընկերներին թույլ տալ ուրբաթ օրերը աշխատել մինչև 17:00: Իսկ երբ ամեն ինչ ավարտվի, նրանք կարող են շաբաթը մեկ կամ երկու օր աշխատել տանից:
Ինձ համար միշտ դժվար է եղել պահպանել հավասարակշռությունը աշխատանքի, երեխաների հետ հարաբերությունների և ինքնազարգացման միջև: Ինձ պակասում էր երեխաների հետ շփումը: Այժմ ես նշանակալիորեն լրացրել եմ այդ պակասը:
Գիորգի Մոնիավա, 36 տարեկան, իրավաբանական խորհրդատու, դասախոս
Անձամբ ես համաձայն եմ շարունակել աշխատանքը այս ռեժիմով:
Իմ աշխատանքը յուրահատուկ է՝ իրավաբանական խորհրդատվություն և դասախոսություններ:
Երկու դեպքում էլ ես շատ հեշտությամբ անցա հեռակա ռեժիմին: Իմ հաճախորդները և ուսանողները ոչինչ չկորցրին: Ընդհակառակը, ես սկսեցի ավելի շատ բան հասցնել:
Այս համավարակի ընթացքում ես հասկացա, թե ինչքան անիմաստ բաներ են դուրս եկել իմ առօրյա կյանքից՝ մեկ դասախոսությունից հետո երկար ճանապարհ մյուսին, մեքենայի կայանատեղիի որոնում, խցանումների մեջ կանգնել և այլն:
Ես դասախոսություններ եմ կարդում Բաթումիում և Թբիլիսիում միաժամանակ: Հաճախ ես դասախոսություն էի կարդում Բաթումիում տասը ժամ անընդմեջ և վերադառնում էի Թբիլիսի նույն գիշերը: Դրանից հետո ինձ մի քանի օր էր պետք վերականգնվելու համար:
Եվ հիմա ես կարող եմ դասախոսություն կարդալ երկու տարբեր քաղաքներում միևնույն օրը՝ տանից: Ես ուսումնական պլանները հնարավորինս հարմարեցրել եմ առցանց ուսուցմանը, և իմ ուսանողները ոչինչ չեն կորցրել գիտելիքների առումով:
Ամենակարևորը՝ ես երբեք ընտանիքիս հետ այսքան ժամանակ չեմ անցկացրել, ինչքան հիմա: Ներկայիս անցումային շրջանը ինձ համար առավել հարմարավետ է. ես աշխատում եմ հեռակա, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ և միևնույն ժամանակ արդեն հնարավոր է հանդիպել ընկերների հետ:
Նինա Բերաձե, ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ
Մենք իմացանք, որ հարկավոր է սովորել ապրել վարակի հետ, բայց թե ինչպես, չգիտենք: Դա ինձ անհանգստացնում է: Ես չեմ հասկանում՝ ինչպես ապրել ամեն օր, լվանա՞լ խանութից բերված մթերքը: Կարելի՞ է արդյոք հանդիպել հարևաններին, ընկերներին:
Իմ վախի աղբյուրն այն է, որ ինձ հետ ապրող ծնողներս ռիսկային խմբում են: Ես սարսափելի վախենում եմ նրանց դուրս թողնել: Նրանց պատճառով ես նույնպես մեկուսացա:
Ես հատկապես նյարդայնանում եմ, երբ մտածում եմ այն մասին, թե ինչ տեղի կունենա, երբ սահմանները բացվեն և զբոսաշրջիկներ գան:
Ես ավելի շատ եմ անհանգստանում, քան իմ ծնողները: Նրանք ուրախ մարդիկ են: Մեր տան դուռը միշտ լայն բաց է եղել. ընկերները և բարեկամները մշտապես հյուր էին գալիս: Նրանք տառապում են, որ այլևս ոչ ոք չի գալիս: Այս ժամանակաշրջանը հատկապես դժվար է տարեցների համար. այդ մարդիկ փայփայում են ամեն մի օրը և ամիսը, նրանք չեն կարող ապրել առանց ընկերների:
Ես նաև արգելում եմ նրանց խանութ գնալ: Ինձ պատում է վախը, հուսահատությունը: Երբեմն ես նրանց հետ կոպիտ եմ խոսում. մի դիպչիր սրան, մի դիպչիր դրան: Մի անգամ ես լսեցի, թե ինչպես է մայրս հեռախոսով բողոքում ընկերուհուն, թե Նինոն իրեն թույլ չի տալիս ոչ մի տեղ գնալ:
Մարիամ Լոմաձե, 29 տարեկան, սոցիալական հոգեբան
Ես սարսափելի վախենում եմ կարանտինը չեղարկելուց: Ոչ թե վարակի, այլ ինքնամեկուսացման ավարտի պատճառով: Երբ տրանսպորտը աշխատեց, ես նյարդայնանում էի, չէի ուզում, որ ինձ վերադարձնեն աշխատանքի: Առայժմ մենք դեռ աշխատում ենք հեռակա:
09:00-ից մինչև 18:00 աշխատանքը միշտ ընկճող էր: Չէ՞ որ երբեմն աշխատանքում պահեր են լինում, երբ նայում ես ժամին և անհամբեր սպասում ես, թե երբ կարող ես գնալ:
Իրականում այդպիսի պահերին մենք ոչ մի արդյունավետ բան չենք կարող անել: Ինքնամեկուսացման պայմաններում ես ավելի լավ եմ օգտագործում ժամանակը և շատ գործեր ավելի արագ եմ անում: Իսկ մնացած ժամանակը ես օգտագործում եմ ինքնազարգացման համար: Աշխատանքից հետո ես երբեք չէի կարողանա դա անել:
Կարանտինի ժամանակահատվածը ինձ համար բացահայտում էր: Ես երբեք ինձ այսքան հարմարավետ չեմ զգացել:
Ես միշտ զարմացել եմ՝ տեսնելով մարդկանց ցերեկը քաղաքում զբոսնելիս: Ես գնում էի աշխատանքի առավոտյան և վերադառնում երեկոյան: Ցերեկը քաղաքում զբոսնելը իմ երազանքն էր: Այժմ ես դա իրականացրել եմ:
Ինձ նաև դուր է գալիս այն, որ ես լավ եմ սնվում: Առաջ իմ տան վառարանը ծառայում էր միայն որպես խոհանոցի ժամացույց: Իսկ հիմա ես միշտ ինչ-որ բան պատրաստում եմ: Աշխատանքի ժամանակ ես սառցարանից ձուկ եմ հանում, որպեսզի այն հալչի: Երբ ավարտում եմ աշխատանքը, ես կարող եմ սկսել կերակուր պատրաստել: Աշխատանքի վայրում ես սնվում էի ոչ առողջ և թանկ սննդով :
Հավանաբար, տանից աշխատելը դժվար է նրանց համար, ովքեր փոքր երեխա ունեն, ապրում են բազմանդամ ընտանիքում և տանը քիչ տեղ ունեն: Բայց իմ բախտը բերել է. ես ապրում եմ ամուսնուս հետ, և մեզ միասին հարմարավետ է: