«Չափազանց հոգեբանական» ֆիլմեր
Յուրաքանչյուր գարուն մեկ շաբաթ ադրբեջանցի հանդիսատեսը կարող է բրիտանական ֆիլմեր դիտել խորհրդանշական գումարով: Երեք տարի շարունակ British Council Azerbaijan բրիտանական կազմակերպությունը «Բրիտանական կինոյի գարուն» փառատոն է անցկացնում:
Այս տարի Բաքվում 6 ֆիլմ ցուցադրվեց: Հանդիսատեսն ավանդաբար բողոքում է ենթագրերի որակից, սակայն նրանք, ովքեր հասկանում են անգլերեն խոսքը, գոհ մնացին:
1. «Մեծ կյանքի հմտություններ»
«Մեծ կյանքի հմտություններ» ֆիլմը պատմում է կարծես մանկությունում մնացած 29-ամյա աղջկա մասին: Նա տեսահոլովակներ է նկարահանում գլխավոր դերում իր սեփական բութ մատերի մասնակցությամբ, ապրում է հյուղակում և չի ուզում ոչինչ փոխել: Ընթացքում հասկանում ենք, որ նման վարքագծի պատճառ է դարձել հոգեբանական վնասվածքը, իսկ հերոսուհին սկսում է մտածել, թե արդյոք իրեն ճիշտ է պահում:
Նման ձևաչափը, որը կենտրոնացած է ներքին աշխարհի վրա, հանդիսատեսներից շատերին դուր չի գալիս, ոմանք նույնիսկ լքեցին դահլիճը: Տարբեր պատճառներ նշեցին.«Ֆիլմը լավն է, սակայն վաղը քննության/աշխատանքի եմ, տունս հեռու է», «հոգեբանական հատվածը շատ է, գործողությունները՝ քիչ», «ձանձրալի է, ես քնեցի կեսից և զարթնեցի ավարտին՝ հաճելի երաժշտություն լսելով»:
2. «Ես՝ Դենիել Բլեյքը»
Հանդիսատեսներից մեկը՝ Բրիտանիայի մի քաղաքացի, ասում է, որ «Ես՝ Դենիել Բլեյքը» ֆիլմը պատմում է բրիտանական հասարակության համար արդիական խնդիրների մասին. նրա կարծիքով, երկրում սոցիալական օգնության ոլորտը դեռ շատ հեռու է կատարյալ լինելուց: Ֆիլմը պատմում է բյուրոկրատական մեքենայի հետ սրտի կաթված տարած միայնակ տարեց մարդու և միայնակ մոր պայքարի մասին:
3. Ջրհեղեղ
Եվս մեկ լուրջ ֆիլմ մարդկային ողբերգության մասին: Աղջիկը ստիպված է վերադառնալ հայրական տուն եղբոր մահվանից հետո: Մայրն արդեն վաղուց կենդանի չէ, հոր հետ երկար տարիներ չեն խոսել: Սակայն հայրն այժմ՝ մի քանի ողբերգություն վերապրելուց հետո, միայնակ է և ճնշված: Ընտանիքի ողջ մնացած անդամները ստիպված են հարաբերությունները կրկին կարգավորել և սովորել գնահատել միմյանց, չէ՞ որ նրանք էլ ուրիշ հարազատ չունեն:
4. «Ոչ բմբուլ, ոչ հող»
https://www.youtube.com/watch?v=lp-8E5yHTmk&t=19s
Ֆիլմը երիտասարդի մասին է, որն ընկերներին խնդրել է իր մոխիրը մահվանից հետո քամուն տալ ողջ Անգլիայում:
Փառատոնից հետո դիտողներից մեկն իր բլոգում գրել է. «Բրիտանական շեշտադրում, կենդանի կերպարներ, սովորական, առանց հավակնությունների ռոուդ-մուվի ոճ և զվարճալի երկխոսություններ, սակայն բնավ ոչ կատակերգական սյուժե, պարզ ու բոլորին հասկանալի ճշմարտություններ, որոնք, սակայն, չեն նյարդայնացնում որպես ծեծված, այլ լավ ներառված են տարբեր տեսարաններում՝ անվրդովության երանգով: Եվ, այո, այն դեռահասների մասին չէ, հերոսները մոտ երեսուն տարեկան են, միգուցե հենց դրա համար ես նրանց բոլորին հասկանում»:
5. «Ֆանտաստիկ սեր և որտեղ այն գտնել»
https://www.youtube.com/watch?v=EmTfdKKWvNQ
Հենց այս ֆիլմն է ներկայացված «Բրիտանական գարնան» ցուցապաստառներում: Մայքլ Օ՛Սալիվանը The Washington Post-ի իր քննադատականում այն համեմատել է «թխվածքի վրայի մարմելադի հետ. կամ այն ձեզ դուր է գալիս, կամ դուք արագ կկշտանաք»:
Սյուժեի կենտրոնում կրկին հերոսների ներքին աշխարհն է, որն աստիճանաբար փոխվում է: Հերոսները սեփական այգու բույսերից հիվանդագին կերպով վախեցող գրողը (բնականաբար մանկական վնասվածքի հետևանք է) և նրա հարևանը՝ անհանգիստ զառամյալ այրի տղամարդն է:
Խոսելով մարմելադի մասին՝ քննադատը նկատի ուներ, որ դա գեղեցիկ, հուզիչ պատմություն է էքսցենտրիկ անհաջողակների մասին:
6. «Էթելն ու Էռնեստը»
Անիմացիոն ֆիլմը պատմում է աշխատավոր ընտանիքի մասին, որն ապրում է 20-րդ դարի Լոնդոնում: Ֆիլմը նկարահանվել է Ռեյմոնդ Բրիգսի ինքնակենսագրական կոմիքսի հիման վրա և պատմում է նրա ծնողների մասին: Այն շատ դրական է ստացվել՝ հերոսները երբեք չեն կորցնում լավատեսությունը, միաժամանակ դրամատիկ, քանի որ նրանք պատերազմ և Լոնդոնի ռմբակոծություն են վերապրել:
Բրիտանական ֆիլմերից բացի փառատոնի բացմանը ցուցադրվեց նաև հայրենական ֆիլմ՝ մեր հայրենակից Նաթիկ Ռասուլովի «Երկրորդ գնդակ» կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարը հաղթել է Կինեմատոգրաֆիստների միության մրցույթում:
Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում բարձրադիր գյուղում հարսանեկան գիշերը: Ըստ հին ավանդույթի՝ եթե հարսը կույս լինի, հրացանի երկու զարկ կլսվի, հակառակ դեպքում՝ մեկ: Պատահականությունը ծեսը սպառնալիքի տակ է դնում, իսկ հետո սցենարում ներկայացվում են ավանդական ադրբեջանական նախապաշարմունքներն ու հասարակությունից մարդկանց կախվածությունը:
Ռեժիսորը պլանավորում է ֆիլմը համացանցում տեղադրել տարվա վեջին: Իսկ մինչ այդ, այն կարելի է տեսնել միայն փառատոններին և փակ ցուցադրություններին: