«Ուշադիր նայում են իրար»՝ հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում պատերազմից հետո
Չնայած հայ և ադրբեջանցի հասարակություններն ապրում են իրարից մեկուսացած, բայց Արցախում կան քիչ թվով մարդիկ, որոնք գործի բերումով գրեթե ամեն օր շփվում են ադրբեջանցների հետ։
Սա նրանցից մեկի՝ կապի մասնագետ Մարատ Գրիգորյանի պատմությունն է։
Այդ շփման լեզուն, հիմնականում, փոխանակվող հայացքներն են, միմիկաներն ու լռությունը։
Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ավարտը ենթադրում էր, որ պետք է գա շփման ու խոսքի, իրար հետ ու իրար կողք կողքի ապրելու մի շրջան, ընդ որում ե՛ւ հայերի, ե՛ւ ադրբեջանցիների համար։
Այս պատերազմից անցել է արդեն մեկ տարուց ավելի, իսկ հայերն ու ադրբեջանցիները շփվում են իրար հետ կա՛մ իրար վրա կրակելու լեզվով, կա՛մ պատերազմի ժամանակ զոհվածների դիերի փնտրման ու փոխանակման հարցերով, կա՛մ ճանապարհներին։
- «Մարդիկ ուզում են ճանաչել միմյանց»․ ի՞նչ են խոսում հայերն ու ադրբեջանցիները
- Իմ մանկության երկաթգիծը, որը կյանքի փակ ճանապարհների լուռ խորհրդանիշ է ու վկա
- Բլոգ. Առաջին Ղարաբաղյան պատերազմի հիշողությունները՝ երկրորդից հետո
Շաբաթական երկու, լինում է՝ երեք անգամ, Մարատ Գրիգորյանը «Ղարաբաղտելեկոմ»-ի իր աշխատասենյակից դուրս է գործի լինում։ Հաճախ ստիպված է լինում դուրս գալ Ստեփանակետի սահմաններից։ Պատերազմից հետո նրա աշխատանքի հիմնական ուղղություններն են Լիսագորը, Չարեքտարը, Հաթերքը, Մարտունին ու Մարտակերտը։
Այս բոլոր հատվածներում Մարատը սահմանին շատ մոտ է աշխատում, իսկ լինում է նաեւ չեզոք գոտում։
Լիսագորը, թերևս, կարևորագույն տեղերից է.
«Ոնց որ Լաչինի ճանապարհը, նույն ձեւով էլ Լիսագորը, Արցախի ու Հայաստանի միակ կապող օղակն ա, — «Ղարաբաղտելեկոմ»-ի ռադիոհաղոդակցության ավագ մասնագետ Մարատն ինձ փորձում է բացատրել Լիսագորի կայանի կարևորության մասին, — հա՛մ ինտերնետը, հա՛մ բջջային կապը երկու տեղից այստեղ են իրար միանում։ Դրա համար էր, որ ադրբեջանցիները Լիսագորի կայանն ուզում էին վերցնել»։
Կարևոր այս հանգույցը հիմա ռուսական խաղաղապահ ուժերն են վերահսկում։ Այդ տարածքներում աշխատելու, մուտք ու ելքի իրավունք ունեն հայերը, բայց ադրբեջանցիներ կան շուրջբոլորը, ասում է Մարատը։ Չեն շփվում։
Լիսագորն Արցախը Հայաստանին կապող միջանցքի գրեթե մեջտեղում է, դրա հյուսիսային մասով անցնում է Լաչինի ճանապարհը, իսկ մնացած բոլոր կողմերից ադրբեջանական դիրքեր են։
Սակայն Մարատին դա չի վախեցնում։
«Բարձրանում եմ լարերի վրա գործ անելու, տեղեր կան իրենք [ադրբեջանցիները] օդով մեզանից 15-20 մետր են հեռու, ու աշխատում ենք էդ ձևով։ Չեմ վախենում, որովհետև չեմ կարողանում ընկալել էս իրականությունը։ Էդ բլրի վրա իմ ամբողջ կյանքում եմ աշխատել, չեմ ընդունում էն իրականությունը, որ դիմացի բլրից ինձ մեկը հսկում է, կամ ինձ վտանգ է սպառնում էդ նույն դիմացի սարից»։
Բայց Մարատն ադրբեջանցիների հետ շփման մասին դժվարանում է պատմել։
Փորձում եմ ինչ-որ կերպ բացել նրան, ասում եմ, համակարծի՞ք ես, որ եթե երկու շնչավոր էակ կողք կողքի լինեն՝ ուզեն, թե չէ, շփվելու են։
«Մեջները տարիքովները կան, գալիս, հանգիստ անցնում են, զգում ես, որ ինքն էլ երևի չի ուզել, որ սենց լինի։ Գալիս անցնում են, առանց որևէ միմիկայի, մի ժեստի, մի խոսքի։ Իսկ ջահելները, որ անցնում են, զգացվում է, որ կռիվն իրենց հետևում ա եղել, կռիվ չեն տեսել, մատ են ցույց տալիս կամ ուղղակի նայում են»։
Շփման մասին բոլոր հարցերին սկզբում շատ կարճ ու կոնկրետ է պատասխանում Մարատը, հետո գտնում բառեր, որ նկարագրի ադրբեջանցիների հետ շփումը։
Թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիներն այս հատվածում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են լինում։ Ադրբեջանցիները հիմնականում մեքենաների մեջ են լինում այս ճանապարհներին, ասում է Մարատը։ Նրանց տեսնելը մեքենաների ապակիների հետեւից է լինում։
«Լինում ա ուշադիր նայում են, ուղղակի նայում, առանց աչքերը թարթելու, զգում ես, որ հայ չի տեսել, իրենց հետաքրքիր է՝ հայն ինչ տեսք ունի։ Հենց իրենք անցնում են, չգիտես ինչի, մենք էլ իրենց ենք նայում, գործը թողնում, կանգնում-նայում։
Չեմ ասի, թե ես իրենց մեջ մենակ վատն եմ տեսնում։ Մենք էսքան տարի ժխտեցինք էն փաստը, որ իրենք կան, ու դրա համար փաստի առաջ կանգնեցինք։ Ամեն ինչ լավ կլինի միայն մի դեպքում, եթե ձգտես էդ լավին։
Ու պետք է լուծել Արցախի կարգավիճակի հարցը. հենց ստատուսը հստականա, կորոշվի նաև ապագան, — ասում է Մարատը, — ապագային վստահելը միշտ լավ է»։
Ճանապարհները կապում են մարդկանց՝ անկախ իրենց ազգությունից, սեռից կամ մաշկի գույնից։
Այսօր Լաչինի միջանցքն այն տեղն է, որտեղ հայերն ու ադրբեջանցիները շատ մոտ են իրար, մոտ, բայց միևնույն ժամանակ իրարից հեռու։
Նրանք կարող են ձևացնել, թե հակառակ կողմի մարդիկ գոյություն չունեն։ Միմյանց չնկատելու են տալիս, կարծես թե հայերը կամ ադրբեջանցիները չկան։
Իրականությունն այն է, որ երկուսն էլ կան։ Եվ այն դեռ պետք է ընդունել։
Կարևորը չկրակելն է։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։