Ում է պետք պատերազմը
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի արխիվից 2012թ. «Համագործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժություններ
Հայաստանում արդեն սովորական է դառնում «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում աննախադեպ լարվածություն» ձևակերպումը: Ապրիլի 2-ի առավոտը Հայաստանում կրկին այս խոսքերով սկսվեց: Սակայն սահմանին իրավիճակը հանգիստ չէր կարելի անվանել ոչ դրանից մեկ օր, ոչ մեկ ամիս առաջ:
Իրական սրացումն իր գագաթնակետին հասավ 2015թ. սեպտեմբերին:
Այն ժամանակ, ինչպես և այժմ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ էր անում միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուշադրություն դարձնել իրավիճակին, քանի որ հաջորդ քայլը լայնամասշտաբ ռազմական գործողությունների անցնելն է: Սակայն, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխվել. լարվածությունը թուլացավ, սակայն չանհետացավ՝ այժմ կրկին հասնելով գագաթնակետի:
Այսօր կրկին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր են եղել: Ճարտար բնակավայրի ուղղությամբ «Գրադ» կայաններից ռմբակոծման արդյունքում զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: 12-ամյա դպրոցականի մահը շոկ է առաջացրել, նման բաները սովորական չեն կարող դառնալ:
Հայաստանում գլխավոր հարցը հետևյալն էր. մի՞թե պատերազմ է սկսվում:
Քաղաքագետների արձագանքը
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով լայնամասշտաբ պատերազմը կուղեկցվեր դեպի խորքեր ճակատային հարձակմամբ շփման գծի ողջ երկայնքով և Ստեփանակերտի ռմբակոծմամբ: Կատարվածն ընդամենը դիմակայության մակարդակը բարձրացնելու համար է.
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը որակեց որպես դեստրուկտիվ, և փաստացի, որպես հաստատում, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց: Ալիևի այցը ԱՄՆ դժվար է հաջող անվանել, և հրամանը, հավանաբար Վաշինգտոնից է տվել՝ ելնելով այնտեղ առաջացած ինչ-որ խնդիրներից: Ընդ որում, այդ հրամանը էմոցիոնալ բնույթ է կրել»:
Իսկանդարյանի կարծիքով, Ադրբեջանին ձեռնտու է սրել իրավիճակը սահմանին նավթի համաշխարհային գների անկման, ինչպես նաև երկրում ներքաղաքական և սոցիալական խնդիրների պատճառով: Փորձում են բնակչության ուշադրությունը շեղել շփման գծում իրավիճակի սրմամբ.
«Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը սրում էր իրավիճակը: Սկզբում օգտագործում էր դիպուկահարներին, հետո սկսեցին դիվերսիոն գործողություններ, հրետանային ռմբակոծություններ իրականացնել: Այսօր արդեն հարվածները հասցվում են ավիացիայի օգնությամբ: Այս կերպ Ադրբեջանի իշխանությունները խոսում են ոչ միայն սեփական հանրության, այլ նաև միջազգային հանրության հետ, որին հասկացնում են ստատուս-քվոյի անընդունելիությունը»:
Այս կարծիքին է ոչ միայն Իսկանդարյանը, լարվածության էսկալացիայի նույն պատճառներն էին նշում նաև այլ հայ քաղաքագետներ: Եվ բոլորը միաձայն նշում են՝ սա պատերազմ չէ:
Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է.
«Միջազգային հանրությունն անպայման կքննադատի պաշտոնական Բաքվի գործողությունները: Ադրբեջանը ռիսկի չէր դիմի, եթե չունենար ռուսական սպառազինությունը: Հենց Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրերի շնորհիվ է Ադրբեջանն իրեն այդքան վստահ զգում, և հայկական դիրքերի ուղղությամբ արձակված ամեն կրակոց Հայաստանի ռազմավարական դաշնակցի խղճին է: Ռուսաստանին ձեռնտու է տարածաշրջանում վերահսկվող անկայունությունը, որը նա միանձնյա է կառավարում»:
Սոցցանցերի արձագանքը
Հայաստանի ֆեյսբուքյան դաշտը արձագանքում էր զուսպ՝ հիմնականում տարածելով առավել հավաստի աղբյուրների տեղեկատվություն: Բացի այդ, ինչպես միշտ նման դեպքերում, հնչեցին աջակցության խոսքեր սահմանին գտնվող զինվորներին և նրանց մայրերին:
Փոխարենը ակտիվորեն արտահայտվում էին Ստեփանակերտի օգտատերերը.
«Մի քանի հոգու հետ խոսեցի: Ադրբեջանը սկսել է աշխատել հյուսիսում ու հարավում՝ փորձելով գրավել մեր որոշ դիրքեր: Սկզբում նրանց դա հաջողվել է, բայց հիմա նրանք հետ են շպրտվել: Աշխատել են նաև տեխնիկայի կիրառմամբ: Երկու ուղղությամբ էլ ադրբեջանական կողմից հատուկ նշանակության զորքեր են աշխատել, որոնք արդեն զգալի կորուստներ է կրել՝ 50-ից ոչ պակաս մարդ: Հյուսիսում հայերը դարանակալել են նրանց, ուղղաթիռը փորձել է օգնության հասնել, սակայն խոցվել է:
Մերոնք պատրաստվում են լրջորեն աշխատել: Հանկարծակիության գործոնը հակառակորդը հաստատ կորցրեց: Հարվածում էին նաև բնակավայրերի ուղղությամբ: Ունեցան բոլորովին այլ արդյունք. ոչ թե խուճապ, այլ Արցախով մեկ տարածվող զայրույթ»:
«Առաջին հերթին, բոլորը պետք է հանգստանան: Եթե սա խոշորամասշտաբ պատերազմ լիներ, ես ոչ մի հնարավորություն չէի ունենա կատարել այս գրառումը: Այն, ինչ տեսնում ենք, Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների արդյունքն է: Բայդենը հանդիպել է Սերժ Սարգսյանի, Ալիևի և Պորոշենկոյի հետ: Օբաման՝ Էրդողանի: Ռուսաստանին մոռացել են հրավիրել միջուկային անվտանգության կոնֆերանսին:
Հանդիպումների արդյունքում Թուրքիային ու Ադրբեջանին «առանցքային խաղացողներ» անվանեցին: Ի՞նչ նորություն է որ: Նորությունները միայն ռուսական քաղաքականության ու դիվանագիտության համար են: Հայաստանին կրկին դուրս բերեցին ռինգ և հրահանգ տվեցին: Այժմ մրցավարները ուշադիր հետևում են դիմակայող բանակների մարտունակությանը և եզրակացություններ անում: Իրավիճակը նույնն է, ինչ 2008թ.-ին: Այն ժամանակ մեր զինվորները հաղթահարեցին և շտկեցին իրավիճակը: Համոզված եմ, որ այս անգամ էլ նույնը կանեն»:
Իսկ այդ ընթացքում հայկական Առաջին լրատվականը ցուցադրեց Երևանի կամավորներին, ովքեր պատրաստվում են մեկնել սահման. բանակում ծառայող երիտասարդներին օգնության է գնում պատերազմած ավագ սերունդը:
Դիտորդների արձագանքը
ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները, ինչպես միշտ, «խորը մտահոգություն» հայտնեցին և նշեցին երկուշաբթի Վիեննայում հանդիպելու պայմանավորվածության մասին: Ինչպես նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, իրավիճակի քննարկումները կսկսվեն երեքշաբթի: Միայն թե շատ ուշ չլինի:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է՝ 03.04.2016