Ուղիղ 20 տարի առաջ Վլադիմիր Պուտինը գլխավորեց Ռուսաստանի ավտանգության ծառայությունը և շարժվեց դեպի նախագահի ներկայիս պաշտոնը
20 տարի առաջ՝ 1998թ-ի հուլիսին, Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը դարձավ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն: Հաջորդ մեկուկես տարում նա մասնագիտական սրընթաց թռիչք ապրեց և սկզբում զբաղեցրեց Ռուսաստանի վարչապետի, այնուհետև՝ նախագահի պաշտոնը:
Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում «Պուտինիզմ» կայքի խմբագիր Արտյոմ Կրուգլովը պատմել է, թե ինչով էր զբաղվում Պուտինը 1980-ականներին և 1990-ականներին:
1980-ական թվականներին Պուտինի գործունեության մասին
Այս հազվադեպ կադրերն արված են 1998թ-ին. Ռուսաստանի կառավարության այն ժամանակվա նախագահ Սերգեյ Կիրիենկոն նոր պետին ներկայացնում է ենթականերին: «Ինձ համար վերադարձը դեպի անվտանգության մարմիններ կարծես վերադարձ լինի դեպի սեփական տուն», — հայտարարում է Պուտինը:
Տուն վերադառնալու մասին Պուտինի խոսքերը դատարկ չեն: Նա երկար տարիներ աշխատել է Պետանվտանգության կոմիտեի (Անվտանգության դաշնային ծառայությանը նախորդող ծառայություն) 5-րդ վարչությունում, որը մասնագիտանում էր «գաղափարական դիվերսիաների դեմ պայքարի» ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ դա հենց այն ստորաբաժանումն է, որը Խորհրդային Միությունում պայքարում էր այլախոհության դեմ:
«Դրեզդենում 1980-ականների վերջին Պուտինը հիմնականում անկետային աշխատանք է արել: Հազարավոր մարդկանց դոսյեներ է զննել՝ Դրեզդենում սովորող արտասահմանցի ուսանողների, այնտեղ հարազատներին այցելող արևմտյան գերմանացիների և այլոց շրջանում հավաքագրման համար համապատասխան օբյեկտ գտնելու համար», — պատմում է Արտյոմ Կրուգլովը:
Ահաբեկիչների հետ համագործակցության մասին
Կրուգլովի կարծիքով՝ «Պուտինը մասնակցել է Խորհրդային Միության մի ծրագրի, որն աջակցում էր միջազգային ահաբեկչությանը»: Ռուսաստանի ապագա նախագահը համագործակցում էր, օրինակ, Դիտմար Կլոդոյի հետ, որը «Կարմի բանակի խմբակցություն» կազմակերպության կազմում ահաբեչություններ էր իրականացնում Արևմտյան Գերմանիայում:
Կրուգլովը կարծում է, որ ՊԱԿ-ն ահաբեկիչներին զենք, փող, կեղծ փաստաթղթեր էր մատակարարում, նրանց սովորեցնում և ուղղորդում էր: «Այսինքն, Պուտինն, ընդհանուր առմամբ, ահաբեկիչների պրոֆեսիոնալ հանցակից է»:
Չեչենական հանցավոր խմբավորման և Կադիրովի հետ Պուտինի հին կապերի մասին
Կրուգլովը պատմում է նաև չեչենական կազմակերպված հանցավոր խմբավորման մասին, որը Մոսկվայում առաջացել էր 1980-ականներին և կոչվում էր «Լազանի խմբավորում»: Այն մի շարք պատվիրված սպանություններ և ահաբեկչություններ է իրականացրել 1990-ականների վերջին, երկուհազարականների սկզբին:
«Ի՞նչ նոր բան է մտցրել Պուտինը լազանցիների ճակատագրում: Ես այնպես եմ հասկանում, որ նրանց ամբողջովին օգտագործել են Չեչնիայում երկրորդ պատերազմի փուլում օպերատիվ միջոցառումներում: Նրանց թվում է եղել նաև Կադիրովը: Նրանց միջոցով սպանել են Աննա Պոլիտկովսկայային [ռուսական «Նովայա գազետայի» հետաքննող լրագրող], որն իր ռեպորտաժներով խանգարում էր Կրեմլին»:
«Այդ տղաները շատ կեղտոտ աշխատանք են արել: Լազանի խմբավորման կազմում մնացած մասնակիցներն անցան Կադիրովի կլանի վերահսկողության տակ, որն իր շուրջ կենտրոնացրեց ողջ չեչենական կազմակերպված հանցավորությունը: Ինչը Պուտինի համար նույնպես շատ հարմար էր»:
2000թ-ի ընտրություններից առաջ տեղի ունեցած ահաբեկչությունների մասին
ԱԴԾ տնօրենի պաշտոնը Պուտինը զբաղեցնում էր մինչև 1999թ-ի օգոստոս, երբ Ելցինը նրան վարչապետ նշանակեց:
Այդ նույն փուլում մի քանի ողբերգություն տեղի ունեցավ:
Չեչեն զինյալները ներխուժեցին Դաղստան, իսկ 1999թ-ի սեպտեմբերին մի շարք ահաբեկչական ակտեր տեղի ունեցան՝բնակելի տների պայթյուններ Բույնակսկում, Մոսկվայում և Վոլգոդոնսկում, որոնց հետևանքով ավելի քան 300 մարդ զոհվեց:
Այնուհետև 2000թ-ի սեպտեմբերին Ռուսաստանում մի քանի բնակելի շենքի պայթյուններ տեղի ունեցան, զոհվեց ավելի քան 200 մարդ: Ավելի ուշ ռուսաստանյան դատարանն այդ ահաբեկչության կատարման համար մեղադրեց չեչեններին: Եվ այդ պայթյունները Չեչնիայի գործողության՝ այսպես կոչված «երկրորդ չեչենական պատերազմի» մեկնարկի համար գլխավոր փաստարկներն էին:
Որոշ փորձագետներ, այդ թվում՝ Կրուգլովը, կարծում են, որ պայթյունները կազմակերպել էր ԱԴԾ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը: Հիմնական փաստարկը. դա նրան օգնել է Չեչնիայում պատերազմ հրահրել, ինչն էլ Պուտինին օգնել է իշխանությունում ամրապնդել իր դիրքերը:
Կրուգլովն այդ վարկածի օգտին նման փաստարկ է բերում:
1999թ-ի սեպտեմբերի 22-ին ռուսական Ռյազան քաղաքում անսովոր միջադեպ տեղի ունեցավ: Տեղի բնակիչներից մեկը նկատել էր, որ իր նկուղ անծանոթները պարկեր են տեղափոխում և տեղեկացրել էր ոստիկանությանը: Պարկերում սպիտակ փոշի էր և ժամանակաչափ: Այն հասցրել էին վնասազերծել, իսկ էքսպրես անալիզը ցույց էր տվել, որ պարկերում գեկսոգեն պայթուցիկ նյութ է: Սակայն երկու օրից ԱԴԾ-ն հայտարարեց, որ դա պայթուցիկ չէր, այլ շաքարավազ, իսկ ողջ գործողությունն անցկացվել է հատուկ ծառայությունների վարժանքների շրջանակում:
«Այդ ինչպե՞ս էր ԱԴԾ երեք աշխատակից «վարժանք» անցկացնում բնակելի թաղամասում՝ «շաքարավազ» տեղադրելով, որից գեկսոգենի գոլորշի էր դուրս գալիս, ինչպես ցույց էր տվել գազ վերլուծող սարքը: Ինչո՞ւ այդ վարժանքների մասին ոչ ոք չգիտեր: Այն աստիճան չգիտեր, որ ԱԴԾ Ռյազանի մասնաճյուղն «Ահաբեկչություն» հոդվածով գործ էր հարուցել: Այդ ի՞նչ վարժանքներ են՝ նման ծանր հոդվածի համապատասխանող իրական քրեական գործով: Որի պատճառով տասնյակ մարդիկ գիշերը փողոցում էին անցկացրել», — հարցադրում է անում Արտյոմ Կրուգլովը:
Եվ պատասխանում է.
«Շենքի բնակիչը, որը հայտնաբերել էր պարկերը, դրանց պարունակությունը նկարագրում էր որպես ինչ-որ հատիկների և դեղնավուն «վերմիշելի» խառնուրդ: Ի գիտություն. շաքարավազի տիպի փոշին գեկսոգենի նկարագրությունն է, իսկ «դեղնավուն վերմիշելը»՝ թեփուկավոր տրոտիլի: Սորուն տրոտիլի: Հենց այդպիսի տրոտիլ-գեկսոգենային համակցությամբ են ռուսական քաղաքներում շենքեր պայթեցրել 2000թ-ին»:
Այդ նույն 2000թ-ին Վլադիմիր Պուտինն առաջին անգամ Ռուսաստանի նախագահ դարձավ: 2018թ-ի մարտին նա անցավ իր երրորդ նախագահական ժամկետին՝ ընթացքում 2008-2012թթ-ին վարչապետ լինելով: