Ուկրաինա և Ռուսաստան. հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ
2018թ-ի նոյեմբերի 1-ին Ռուսաստանը վաղուց խոստացված պատժամիջոցներ է կիրառել Ուկրաինայի առանձին քաղաքացիների և ընկերությունների հանդեպ:
Ընդհանուր առմամբ, «սև ցուցակում» է հայտնվել 322 գործարար և 68 ընկերություն: Սակայն ցուցակում չկա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և նրա ընկերությունները, թեև Ուկրաինայում շատ լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ պնդում են, որ նրա բիզնեսն ակտիվորեն աշխատում է ռուսական շուկայում: Եվ Մոսկվայի պատժամիջոցներից այդ պաշտպանվածությունը նրան կարող է վատ ծառայություն մատուցել 2019թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
•Պուտինի շրջապատին պատժամիջոցներ են սպառնում
•Մեկնաբանություն. Ռուսաստանին մեկուսացում է սպառնում, որն անշրջելի կլինի
Ովքե՞ր են պատժամիջոցների տակ ընկել
Ինչպես հաղորդում է ռուսական «Նովայա գազետան», ցուցակում ներառվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն, Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը և Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Ռայնինը:
Ինչպես նաև՝ Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավորները, վերջին գումարման Գերագույն ռադայի պատգամավորները, խոշոր ուկրաինացի գործարարներ, նախագահի վարչակազմի պաշտոնյաներ, գործադիր իշխանության մարմինների և խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև ուկրաինական խոշորագույն բիզնեսում ներգրավված ընկերություններ:
Պատժամիջոցները ենթադրում էին «սև ցուցակում» ներառված անձանց և ընկերությունների հաշիվների, արժեթղթերի և Ռուսաստանի տարածքում ունեցած գույքի արգելափակում, ինչպես նաև Ռուսաստանի սահմաններից նրանց կապիտալը դուրս բերելու արգելք:
Հակառակորդներ-գործընկերներ
Ռուսաստանն Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ է կիրառել ի պատասխան Կիևի գործողությունների. 2014թ-ից սկսած՝ Ուկրաինան մի քանի անգամ, Եվրոպայի և ԱՄՆ օրինակով արգելող միջոցներ էր կիրառում ռուսական ընկերությունների և բանկերի հանդեպ:
Սակայն միաժամանակ Ռուսաստանն Ուկրաինայի գլխավոր տնտեսական գործընկերն է:
Կիևը Մոսկվային մեղադրում է, որ նա Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմ է մղում, սակայն Ռուսաստանը ոչ միայն շարունակում է ներկրման առաջատարը լինել, այլ նաև բարելավում է իր ցուցանիշները:
Այսօր Ռուսաստանն Ուկրաինա ապրանք ներմուծելու ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո:
Ի՞նչ կապ կա պատժամիջոցների և Ուկրաինայում նախատեսված ընտրությունների միջև
Ուկրաինայի նախագահի հերթական նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է. հիմնական խաղացողներն իրենց մասին արդեն հայտարարել են: 2019թ-ի գարնանը տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: Պայքարը սկսվել է:
Պատերազմի և բիզնեսի տարօրինակ համադրությունը գործող իշխանության և անձամբ Պյոտր Պորոշենկոյի հանդեպ ուկրաինական հասարակության գլխավոր դժգոհություններից մեկն է, որին մեղադրում են Ռուսաստանում բիզնես վարելու համար: Դրանից մտադիր են օգտվել նրա հակառակորդները:
Սեպտեմբերի կեսին Գերագույն ռադայի քառասունից ավել պատգամավորներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնի երկու հավակնորդ Յուլյա Տիմոշենկոն և Վիկտոր Չումակն ուղերձ էին հղել Պյոտր Պորոշենկոյին:
Նրանք պետության ղեկավարից պահանջելե էին «հանրային կերպով բացատրել» բոլոր փաստերը, որոնք հրապարակվել են ուկրաինական և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից և «հանցագործության հատկանիշներ ունեն»:
Գործող նախագահին, մասնավորապես, առաջարկել են հերքել կամ հաստատել Ռուսաստանում չհայտարարագրված բիզնեսի առկայությունը, ռուսական ձեռնարկությունների հետ համագործակցությունն ու ռուս օլիգարխների շրջանում «ստվերային» գործընկերների առկայությունը:
Ուկրաինայի նախագահն այս բոլոր մեղադրանքներին չի պատասխանել:
Ռուսաստանում Պորոշենկոյի միակ ձեռնարկությունը, որի մասին հստակ հայտնի է, «Ռոշեն» ֆաբրիկան է ռուսական Լիպեցկ քաղաքում: Սակայն այն փակվել է 2017թ-ի հունվարին:
Մոսկվայի հաղթաթղթերը
Ինչպես վերլուծում է «Նովայա գազետան», այս իրավիճակում Մոսկվան հնարավորություն ունի ազդելու ուկրաինացի քաղաքական գործիչների, առաջին հերթին, գործող նախագահի վարկանիշների վրա:
Եթե Ուկրաինայի նախագահը հայտնվեր «անհատական ցուցակում» առաջին համարի ներքո, նա ու նրա բաժնետերերը Ռուսաստանում հաստատ կորցնելու բան կունենային: Սակայն Պյոտր Պորոշենկոն «սև ցուցակում» չկա, այնտեղ հայտնվել է միայն նրա ավագ որդին՝ Ալեքսեյը: Իսկ այդ փաստն Ուկրաինայի նախագահի հակառակորդների կողմից կարող է գնահատվել որպես Կրեմլի հետ «պայմանագրային հարաբերությունների» վկայություն:
Սակայն Պյոտր Պորոշենկոյին այդ ցուցակում չներառելը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզ բացատրեցլ է. «Ավանդաբար նախագահներին պատժամիջոցների ցանկում չեն ներառում»: Պեսկովը հավելել է, որ պատասխան միջոցներ ձեռնարկվել են այն հույսով, որ Կիևը հարաբերությունների կարգավորման համար քաղաքական կամք կդրսևորի, որը դեռ չի երևում: