Ուկրաինան և Ռուսաստանը՝ «մեծ պատերազմի» շեմին
Ուկրաինային նոր պատերազմ է սպառնում։ Իրավիճակը երկրի արևելքում վերջին շաբաթների ընթացքում կտրուկ սրվել է։ Հաճախակի է դարձել հրաձգությունը շփման գծի երկայնքով, և աճել է զոհերի թիվը զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ Սակայն Մոսկվայում հայտարարում են, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում։ Փորձագետները չեն բացառում նոր «մեծ» պատերազմի հնարավորությունը։
Լարվածությունն աճում է
«Ուկրաինայի հետ սահմանին և օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի մասին վստահության արժանի հաղորդագրությունների» վերաբերյալ ապրիլի 7-ին անհանգստություն է հայտնել պաշտոնական Վաշինգտոնը, որը դրանից առաջ սահմանափակվում էր լարվածության նվազեցման ընդհանուր կոչերով և Ուկրաինային աջակցող հայտարարություններով։
Ինչպես հայտարարում է Պետդեպարտամենտը, ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում ռուսական ագրեսիայի վերջին սրացմամբ և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ քննարկում է այդ լարվածության և հրադադարի ռեժիմի խախտման առթիվ մտավախությունները։
- Ուկրաինա․ պատերազմ և ձիեր
- «Օքսանան մահացել է, քանի որ նրա մետադոնը չեղարկել են, երբ Ղրիմը ռուսական է դարձել»․ նոր գիրք կղզու մասին, որը կորցրել է Ուկրաինան
- Կարծիք․ երկու հայրենիք։ Ի՞նչ տարբերություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով իրավիճակը քննարկել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Սակայն Կրեմլում պնդում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակումները չպետք է անհանգստություն առաջացնեն աշխարհի ոչ մի երկրի մոտ։
Ռուսաստանի բանակը տեղաշարժվում է ռուսական տարածքում այն ուղղություններում, որոնք հարկ է համարում, և այն տեսքով, որը հարկ է համարում, ապրիլի 7-ին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա արվում է մեր երկրի հուսալի անվտանգության ապահովման համար։ Դա չպետք է որևէ մեկի մոտ անգամ չնչին անհանգստություն առաջացնի։ Ռուսաստանը սպառնալիք չէ աշխարհի ոչ մի երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի համար, սակայն միշտ շատ ուշադիր է վերաբերվում սեփական անվտանգությանը», — նշել է Պեսկովը։
Անհանգստության առիթ է դարձել ռուսական զորքերի շարժը, որի վկայությունը կարելի է գտնել նաև սոցցանցերում։
Ռուսական իշխանությունները դրանք բացատրում են զորավարժություններով։ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու զորքերի շարժի ապացույց է հրապարակել, մասնավորապես, Conflict Intelligence Team (CIT) հետազոտական խումբը։ Լուսանկարներում և տեսանյութում երևում է փակ համարանիշներով ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժը։
Վերջերս իրավիճակը Դոնբասում սրվել է, իսկ Կիևում ասում են, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների կողմից հրաձգության ծավալն ավելացել է։ Մարտի 3-ին ԴԺՀ զինվորականները հայտարարել են, որ կրակ բացելու թույլտվություն են ստացել «հակառակորդի կրակակետերի ճնշման համար»։
Իսկ մարտի 26-ին հրաձգության հետևանքով զոհվել է ուկրաինացի չորս զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։
Ապրիլի 3-ին Դոնեցկի շրջանում՝ շփման գծից ոչ հեռու, հնգամյա տղա է մահացել, ԴԺՀ իշխանությունների վարկածով՝ ուկրաինական ԱԹՍ-ի նետած պայթուցիկ սարքի պայթյունից։ Այս վարկածը միանգամից սկսել են տարածել ռուսական պետական լրատվամիջոցները։
ԵԱՀԿ դիտորդները միայն ապրիլի 3-ին արձանագրել են ավելի քան 500 պայթյուն Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, սակայն չեն հստակեցրել, թե կողմերից որն է զինամթերք կիրառել։
Ապրիլի 7-ին ինքնահռչակ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը Կիևին մեղադրել է իրավիճակի սրման համար և նախազգուշացրել, որ ուկրաինական գրոհի դեպքում ԴԺՀ-ն կանգ չի առնելու իր ներկայիս սահմանների վրա։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեծ պատերազմ չսկսվի, սակայն եթե Ուկրաինան անի այդ քայլը, ապա այն, թե որտեղ մենք կանգ կառնենք, ոչ ոք այժմ չի կարող ասել», — նշել է նա։
Ինչպես կարծում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, Ռուսաստանը պատրաստ է գործողությունների, որոնք պետք է Ուկրաինայի ռազմական պատասխանը սադրեն կողմերի բախման գծում, այնուհետև՝ պատերազմ սկսեն «Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության» պատրվակով։
Չնայած նրան, որ ըստ 2015 թ․ Մինսկի համաձայնագրերի՝ հակամարտության կողմերի միջև հրադադար է գործում, պարբերաբար դիրքային մարտեր են տեղի ունենում կառավարական և ռուսամետ կազմավորումների միջև երկրի արևելքում, որը Ռուսաստանի աջակցությունն ունի։
Ընդհանուր առմամբ, 2014 թ-ին հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 15 հազար մարդ։
Սրացման հնարավոր պատճառները
Որոշ տեսաբաններ կարծում են, որ Ռուսաստանին նյարդայնացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը, որն անսպասելիորեն սկսել է քայլեր ձեռնարկել, որոնք չէր հանդգնում անել նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոն։
Մասնավորապես, 2021 թ-ի հունվարից Ուկրաինայում դադարեցվել է ռուսամետ երեք հեռուստաալիքների հեռարձակումն ու անհատական պատժամիջոցներ են սահմանվել ռուսամետ ընդդիմադիր ազդեցիկ գործիչներ Վիկտոր Մեդվեդչուկի և Տարաս Կոզակի դեմ։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկություն է անցկացնում կառույցներում, որտեղ, ըստ ուկրաինական հատուկ ծառայությունների, կանխիկ գումար է հավաքվում ռուսամետ ընդդիմության կարիքների համար։
Այսպիսով, Ուկրաինայի ներսում տիրող իրավիճակի վրա Ռուսաստանի ազդեցության լծակները կտրուկ կրճատվել են։
Բացի այդ, Ռուսաստանում ներքաղաքական վիճակը, մասնավորապես, ընդդիմության առաջնորդ Նավալնիի կալանքը, որն աննախադեպ զանգվածային ակցիաներ է առաջացրել, ինչպես նաև Պետդումայի մոտալուտ ընտրությունները կարող են Կրեմլին ստիպել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց փնտրել։
Կարծիքներ
Ուկրաինայում իրավիճակը կարող է մարտական գործողությունների վերածվել ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ, կարծում է ռուս ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Խոդարյոնոկը։
«Եթե [Ուկրաինայի] զինված ուժերը գործողություն սկսեն [ինքնահռչակ] ԴԺՀ և ԼԺՀ դեմ, կոնֆլիկտին կարող է միջամտել Ռուսաստանն ու սատարել այս ժողովրդական հանրապետություններին։ Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել։ Քանի որ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։ Այս հակամարտությունից հիպոթետիկ առումով կարող է մասշտաբային եվրոպական պատերազմ սկսվել»,— ասել է փորձագետը ռուսական «Մեդուզա» պարբերականին։
Քաղաքագետ, Կիևի Ապագայի ինստիտուտի փորձագետ Անդրեաս Ումլանդն ասում է, որ փորձագետների կարծիքը չի համընկնում այն հարցում, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկայիս հարաբերությունները պատերազմի նախապատրաստություն են, թե՞ դա պարզապես հռետորաբանական և խորհրդանշական սրացում է։
«Ոմանք համոզված են, որ այդ ամենը Ռուսաստանի բեմադրած թատրոնն է, իսկ իրավիճակը սրվում է՝ հետագայում Մինսկի համաձայնագրերը մոսկովյան ձևով մեկնաբանելու համար։ Մյուսները կարծում են, որ դա կանոնավոր [լայնամասշտաբ] պատերազմի նախապատրաստում է»։
Նա կարծում է, որ եթե պատերազմ սկսվի, ապա այս անգամ դա երկու պետությունների բաց պատերազմ է լինելու, այլ ոչ թե Ուկրաինայի և անջատողականների միջև։
«Ըստ ամենայնի, Կրեմլի հաշվարկները չեն փոխվել։ Այնտեղ որոշել են, որ հրադադարը, որը կար մինչև վերջերս, շահեկան չէ, և պետք է սրել իրավիճակը։ Միայն՝ հոգեբանորեն, թե իրապես, դեռ պարզ չէ», — կարծում է Ումլանդը։