Ուկրաինական հակամարտություն․ հրադադար և գերիների փոխանակում։ Ի՞նչ են պայմանավորվել չորս պետությունների ղեկավարները
Լիակատար հրադադար և «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակում մինչև տարեվերջ․ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ փարիզյան բանակցությունների գլխավոր արդյունքները, որոնց մասնակցել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։
Բանակցությունների շրջանակում հանդիպումները մի քանի ժամ են տևել և ավարտվել են դեկտեմբերի իննի ուշ գիշերը։
Փասստաթղթով, որն ընդունվել է «Նորմանդական ձևաչափի» բանակցությունների արդյունքում, նախատեսված են նաև զորքերի տարանջատման լրացուցիչ գոտիներ, տարանջատման գծում նոր անցակետերի ստեղծում, ինչպես նաև հակամարտության ողջ գոտու լիարժեք և անխափան հասանելիություն ԵԱՀԿ դիտորդների համար, հաղորդում է ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաընկերությունը։
Ինչ վերաբերում է պայմանավորվածությունների քաղաքական մասին, ապա փաստաթղթում նշված է Ուկրաինայի օրենսդրությունում կարգավորման վերաբերյալ քայլերի՝ այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևի» ներառման անհրաժեշտությունը, որն Ուկրաինայում բազմաթիվ վեճեր է առաջացրել։
«Բանաձևի» նշանակությունն առանձնապես ընդգծել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն Ուկրաինայի համաձայնությունն այդ առաջարկին «մեծ առաջընթաց» է անվանել։
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել չորս ամսից՝ բանակցությունները շարունակելու համար։
Ի՞նչ են պայմանավորվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բացարձակապես տարբեր հայացքներ ունեն» Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ չգտնվող հատվածը Կիևի վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ։
Մասնավորապես, Կիևը պնդում է, որ սահմանը հանձնվի իր վերահսկողության տակ չգտնվող շրջաններում տեղական ընտրություններ անցկացնելուց առաջ։
Վլադիմիր Պուտինը նույնպես հաստատել է, որ այս հարցում իր ու Զելենսկու մոտեցումները չեն համընկնում։
«Մեզ հասկանալը շատ հեշտ է․ մենք կողմ ենք Մինսկի համաձայնագրերի կատարմանը։ Վերցրեք և կարդացեք, թե ինչ է այնտեղ գրված։ Այնտեղ գրված է․ Ուկրաինան սկսում է վերահսկողություն սահմանել այդ տարածքում, սահմանի այդ հատվածում ընտրությունների հաջորդ օրը։ Եվ այդ գործընթացը վերջնականապես ավարտվում է բոլոր քաղաքական ընթացակարգերի լիակատար իրացումից հետո։ Ինչո՞ւ է պետք բացել Մինսկի համաձայնագրերն ու վերաշարադրել դրանք», — ասել է նա։
Կիևի և Մոսկվայի դիրքորոշումները տարբերվում են նաև Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքների հատուկ կարգավիճակի և Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։
«Ուզում եմ մի շարք սկզբունքներ առանձնացնել, որոնք ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, երբեք չեմ խախտի, և որոնց չի համաձայնի ուկրաինացի ժողովուրդը։ Դա ֆեդերալացման անհնարինությունն է․ Ուկրաինան ունիտար պետություն է, դա Սահմանադրության անփոփոխ հոդված է և պետության գոյության անբեկանելի սկզբունք», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է նաև, որ ոչ ոք իրավունք չունի ազդելու Ուկրաինայի քաղաքական ընտրության վրա։
«Ուկրաինան անկախ, ինքնուրույն, ժողովրդավարական պետություն է, որի զարգացման ուղղությունն ընտրելու է բացառապես Ուկրաինայի ժողովուրդն», — ընդգծել է նախագահը։
Որպես երրորդ «կարմիր գիծ» Զելենսկին նշել է Դոնբասում իրավիճակի կարգավորման համար փոխզիջումների անհնարինությունն Ուկրաինայի կողմից սեփական տարածքների զիջման եղանակով։
«Մենք բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր ուկրաինացու համար Դոնբասն ու Ղրիմն Ուկրաինա են», — հավելել է Զելենսկին։
Նորմանդական ձևաչափ․ ի՞նչ է դա
«Նորմանդական քառյակ»․ այսպիսի անվանում են ստացել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ շնորհիվ առաջին հանդիպման վայրի։ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերն առաջին անգամ Ֆրանսիայում հանդիպել են 2014 թ-ի հունիսին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների հայտնվելու ամսաթվին նվիրված արարողությանը։
Հենց «նորմանդական ձևաչափով»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մանակցությամբ են 2015 թ-ի փետրվարին պայմանավորվածություններ ձեռք բերվել Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման մասին։
Մինսկի պայմանավորվածությունները ենթադրում էին հրադադար, կողմերի բաժանում և հակամարտության քաղաքական կարգավորում միասնական Ուկրաինայի շրջանակում։
Սակայն դրանից հետո էլ Ուկրաինայի արևելքում մարտերը չդադարեցին։ Միջազգային հանրությունը Ռուսաստանին է մեղադրում պայմանավորվածությունների խախտման համար, այդ պատճառով էլ Մոսկվայի դեմ գործում են և ավելացվում նոր միջազգային պատժամիջոցներ։
«Նորմանդական ձևաչափի» շրջանակում պետությունների ղեկավարների վերջին հանդիպումն անցկացվել է 2016 թ-ի սեպտեմբերին։
Գերիների փոխանակում և «Շտայնմայերի բանաձև»․ բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլեր
Նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նախկին կատակերգու դերասանը, որը հաղթեց 2019 թ-ի ապրիլյան նախագահական ընտրություններում, իր առաջնահերթություններից մեկն է հայտարարել Դոնբասում խաղաղության հաստատումը։
2019 թ-ի սեպտեմբերին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակում տեղի ունեցավ։ Յուրաքանչյուր կողմից 35 մարդ փոխանակվեց։
Ազատ արձակված ուկրաինացիների թվում էին 24 նավաստի, որոնք գերեվարվել էին 2018 թ-ի նոյեմբերին Կերչի նեղուցում Ռուսական ուժերի հետ բախման ժամանակ, և ռեժիսոր Օլեգ Սենցովը, որը մոսկովյան բանտում էր 2014 թ-ից։
Միաժամանակ այդ որոշումը քննադատում էին այն պատճառով, որ Ուկրաինան իր կողմից Մոսկվային է փոխանցել Վլադիմիր Ցեմախին՝ 2014 թ-ին մալայզիական Բոյինգի աղետի մասին գործով առանցքային վկային։
•Ո՞վ է ներառված բանտարկյալների ցանկում, որոնցով փոխանակվել են Մոսկվան ու Կիևը․ բոլոր մանրամասները
2019 թ-ի հոկտեմբերին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան համաձայն է այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևին»՝ Մինսկի համաձայնագրերի կատարման պլանին, որն առաջարկել է Գերմանիայի նախագահը։
Մասնավորապես, Կիևը համաձայնել է հատուկ կարգավիճակ շնորհել երկրի արևելքում իր վերահսկողության տակ չգտնվող տարածքներին, եթե այնտեղ արդար ընտրություններ անցկացվեն։
Այս որոշումն արժանացել է Ուկրաինայի արևմտյան գործընկերների հավանությանը, սակայն ուկրաինական հասարակությունում այն ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։
Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ օկուպացված տարածքներում ընտրություններ կարող են անցկացվել միայն Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ Ուկրաինայի վերահսկողության վերականգնումից հետո։
Միաժամանակ, Շտայնմայերի բանաձևին համաձայնելը Ռուսաստանի գլխավոր պայմանն էր Նորմանդական ձևաչափով բանակցությունների վերսկսման համար։
Հասարակությունը քննադատում է ուկրաինական իշխանություններին նաև զորքերի բաժանման մեկնարկի և ճակատի առանձին հատվածներում «դիրքերի զիջման» համար։
Ինչո՞ւ է բողոքում ընդդիմությունը
Դեկտեմբերի 8-ի երեկոյան «Կապիտուլյացիայի դիմադրության շարժման» մասնակիցները սկսել են վրանային ավան և բեմ տեղադրել նախագահի գրասենյակի մոտ և հայտարարել այսպես կոչված «Տարվա պարեկության» մեկնարկի մասին։
Ինչպես հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունն, այդ ակցիայի նպատակը նախագահ Վլադիմիր Զելենսկուն ստիպելն է թույլ չտալ դավաճանել ազգային շահերին։
Դեկտեմբերի 8-ի ցերեկը Կիևի Անկախության մայդանում տեղի է ունեցել բազմահազարանոց «Համաուկրաինական ժողով․ կարմիր գծեր Զելենսկու համար»։
Ակցիային կոչ են արել մասնակցել ուկրաինական ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ձայնը» և «Եվրոպական համերաշխությունը» (որը գլխավորում է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն) և «Բատկիվշչինան»։
Ցուցարարների պահանջների թվում են․
• ոչ մի փոխզիջում միացյալ պետության վերաբերյալ և ոչ մի ֆեդերալացում;
• ոչ մի փոխզիջում եվրոպական և եվրոատլանտյան ուղղության վերաբերյալ;
• ոչ մի ընտրություն Դոնբասի ժամանակավորապես օկուպացված տարածքներում առանց անվտանգության պայմանների կատարման և դեօկուպացիայի, ռուսական զորքերի դուրսբերման և պետական սահմանի նկատմամբ վերահսկողության սահմանման։
Ակնկալիքներ հանդիպումից
Ոչ պաշտոնատար անձինք, ոչ փորձագետները հանդիպումից որևէ բեկման չէին սպասում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն, այդ թվում՝ Նորմանդական ձևաչափում, Եվրոպայի շահերից է բխում։
«Պատերազմը չի ավարտվի դեկտեմբերի 10-ին», — հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Յուլյա Մենդելը։
Միաժամանակ նա առաջարկել է հիշել, որ «վերջին երեք տարում պատերազմի ավարտի հարցում առաջընթաց գրեթե չի եղել»։
Փորձագետների մի մասը ենթադրում էր, որ հակամարտության շուրջ վերջին իրադարձությունները թույլ կտան եվրոպական երկրների առաջնորդներին բարձրացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման կամ մեղմման հարցը։ Սակայն հանդիպումից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ այսօրվա դրությամբ պատժամիջոցների չեղարկման որևէ նախադրյալ չկա։