Ընտրակաշառք՝ աշխատավարձի և բարեգործության քողի ներքո․ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող վարույթը
«Ուժեղ Հայաստանն» ընտրակաշառք է բաժանել
Հայաստանի Արմավիրի մարզում ընտրակաշառքի կազմակերպված սխեմա է բացահայտվել։ Այն կապված է Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, կա 5 ձերբակալված։
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ կուսակցության օգտին քվե ապահովելու նպատակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ կամ բարեգործություն։
Կոմիտեն հրապարակել է նաև այդ մասին վկայող ձայնագրություններ։ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները, սակայն, պնդում են՝ ձայնագրությունը մոնտաժված է։ Ներկայացված մեղադրանքները հերքում են։
Ընտրակաշառք տալը, ստանալը կամ դրան միջնորդելը ՀՀ-ում համարվում են քրեական հանցագործություններ։ Քրեական օրենսգիրքը նման հանցագործությունների կատարման համար սահմանում է ազատազրկում տարբեր ժամկետներով՝ կախված հանգամանքներից։ Առավելագույն պատժաչափը 8 տարվա ազատազրկումն է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն է։ Վերջինս այս պահին տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Նա չի կարող դառնալ երկրի վարչապետ, քանի որ կա սահմանադրական արգելք․ բացի ՀՀ քաղաքացիությունից Կարապետյանն ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։
- «Ընդդիմադիրները պատերազմի կուսակցություններ են»․ Հայաստանի ԱԺ նախագահ
- Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու․ ո՞վ կստանա ընդդիմության ձայների առյուծի բաժինը
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
Ներգրավել են «մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ» ունեցողներին
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելու համար 2026 թ․-ի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին նրանց մասնակցելն ու իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին քվեարկելը։
Հաղորդագրության համաձայն՝ այդ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, ապա 2025–2026 թվականների ընթացքում Արմավիրի մարզի տարբեր բնակիչների ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
«Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը»։
Նշվում է, որ այդ ՀԿ-ում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են եղել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալը, ինչպես նաև ընտրող հանդիսանալը։
Բացի այդ, խմբի կազմում ներգրավված անձինք 2026 թ․-ի փետրվար–մարտ ամիսների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից մարզի մի շարք բնակիչների անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով՝ «բարեգործության» անվան տակ։
Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում կա բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելք։
Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքացիներին կոչ է արել խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց, այդ թվում՝ առանց աշխատանք կատարելու վարձատրվելուց։
Կառույցից նաև տեղեկացրել են, որ այսուհետ իրականացնելու են մշտադիտարկում՝ պարզելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց հետ առնչություն ունեցող այն անձանց, որոնք «այս կամ այն կերպ, այդ թվում՝ քողարկված եղանակներով ներգրավված են ընտրական հանցագործությունների կատարման կամ նախապատրաստման սխեմաներում»։
Կուսակցության արձագանքը․ «Քաղաքական հետապնդում է»
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքել է ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքները, դրանք բնորոշել որպես «քաղաքական հետապնդում»։
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և բանեցնում է իշխանություններին»։
Ընդդիմադիր կուսակցության դիտարկմամբ՝ ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունն իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանի «խայտառակ, ակնհայտ ապօրինի» կալանքն է։
Վստահեցնում են՝ «Ուժեղ Հայաստան»-ն իր գործունեությունը ծավալում է երկրի Սահմանադրության և օրենքի շրջանակներում․
«Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»։
Պարզաբանման մեջ նշվում է, թե «օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար», իսկ անմեղության կանխավարկածը «մոռացված արժեք է»։
Ազատության սահմանափակումից մինչև ազատազրկում․ ո՞ւմ և ի՞նչ պատիժ է սպառնում
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրակաշառք է համարվում ընտրողին կամ հանրաքվեի մասնակցին գումար, գույք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը՝ նրա քվեարկության վրա ազդելու նպատակով։
Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք խոստանալը կամ տալը պատժվում է 3-6 տարվա ազատազրկմամբ․
«Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով»։
Ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժվում է՝
- ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով,
- կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով,
- ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով,
- ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով (եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
Պատիժ է սահմանված նաև ընտրակաշառքի միջնորդության համար։
Այն կարող է լինել տուգանք՝ անձի ամսական եկամտի տասնապատիկից երեսնապատիկի չափով, ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով:
Նույն արարքի համար անձը կարող է ազատազրկվել 2-5 տարով, եթե արարքը կատարվել է «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»։
Մեկնաբանություն
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության համակարգող Դանիել Իոաննիսյանը նշել է՝ նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումն էլ ստացել էին տեղեկություններ այն մասին, որ «որոշ կուսակցություններ ընտրակաշառքը քողարկելու համար մարդկանց ձևականորեն գրանցում են որպես աշխատող այդ կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպություններում»։
«Ձեր վերցրած ընտրակաշառքը քթներիցդ են բերելու: Եթե դա չեք հասկանում, ապա ասեմ, որ ընտրակաշառք վերցնելու համար կարող եք մինչև 7 տարվա ազատազրկման դատապարտվել»,- խոսքն ուղղելով քաղաքացիներին՝ արձանագրել է նա։
Շեշտել է՝ ինչ-որ տեղ ձևական գրանցվելն ու այդպես փողը ստանալը «չի փրկի»։
«Ընտրակաշառքի բացահայտման համար իրավապահները դատարանի գաղտնի որոշմամբ կարող են իրականացնել հեռախոսների գաղտնալսում ու բնակարանների ներքին դիտում»,- զգուշացրել է Իոաննիսյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Ուժեղ Հայաստանն» ընտրակաշառք է բաժանել