Ու՞մ է պատկանում սրբապատկերը
Հարավային Օսիայի իշխանությունները շարունակում են աշխատել բացառիկ սրբապատկերը վերադարձնելու ուղղությամբ, որն անհետացել է Ցխինվալից 1990-ականների սկզբին վրաց-աբխազական կոնֆլիկտի ռազմական փուլում և ներկա պահին պահվում է Վրաստանի պետական թանգարանում՝ Թբիլիսիում:
Խոսքը սրբանկարչության վաղ բյուզանդական դպրոցի բացառիկ գործի մասին է, 11-րդ դարի սրբապատկեր, որի վրա պատկերված են Փրկիչն ու սրբերը: Այն ունի 20,23 սմ բարձրություն, պատկերի համար օգտագործված է փղոսկրի վրա փորագրման մեթոդը, այն զարդարված է մարգարիտներով, ոսկով ու արծաթով:
Ի տարբերություն աշխարհում հայտնի սակավաթիվ այլ նմանատիպ եռապատկերների, այս սրբապատկերը զարմանալիորեն լավ է պահպանվել:
Հարավօսական և վրացական կողմերը համամիտ չեն այս սրբապատկերի հետ կապված ոչ մի փաստի հետ և գրեթե 15 տարի միմյանց ապացուցում են, որ այն իրենցն է:
Սրբապատկերի ծագումը
Ցխինվալի փաստարկները
Հարավային Օսիայի ազգային թանգարանի տնօրեն Մերաբ Զոսեևն այսպես է նկարագրում եռապատկերի պատմությունը.
«Լեգենդի համաձայն, այս սրբապատկերը 12-րդ դարում Բյուզանդիայի կայսր Ալեքսեյը նվիրաբերել է Ալանիայի արքայորդուն: 1924 թվին այն պատահաբար հայտնաբերել են Հարավային Օսիայի Զնաուրի շրջանի Օկոնի գյուղի փոքր եկեղեցում: Այդ ընթացքում Կովկասում արդեն խորհրդային իշխանություն էր հաստատվել, և շուտով Մոսվկայի որոշմամբ սրբապատկերը դուրս էր բերվել եկեղեցուց և փոխանցվել Հարավային Օսիայի ազգային թանգարանին, որտեղ էլ գտնվում էր մինչ 1990-ականները, երբ սկսվեց պատերազմը»:
Թբիլիսիի փաստարկները
Ըստ Վրաստանի արվեստների թանգարանի Ոսկե հիմնադրամի համադրող Էլենե Կավլելաշվիլիի, Օկոնյան սրբապակերի մասին առաջին տվյալները 11-րդ դարի են.
«Այն Բյուզանդիայից Վրաստան է բերել Բագրատ IV-ի առաջին կինը՝ թագուհի Էլենեն: Օկոնյան եռապատկերը թագուհի Էլենեի օժիտի մի մասն է եղել:
Բագրատ IV-ը Օկոնյան սրբապատկերի համար հատուկ տաճար է կառուցել, սակայն հետագայում այն երկրաշարժի հետևանքով ավերվել է: Տաճարը չի վերականգնվել, դրա տեղը նոր ավելի փոքրն են կառուցել: Հենց այդ տաճարում է 19-րդ դարում հետազոտող Պրասկովյա Ուվարովան նկատել սրբապատկերը, որի շրջանակը զարդարված է եղել 30 թանկարժեք քարերով և գրառմամբ՝ «Օկոնյան սրբապատկեր ներիր մեղսավորին, Կաթողիկոս Եվդեմոն»»:
Գրառումը հատկապես կարևոր է, քանի որ այն ուղղակիորեն մատնացույց է անում, որ մեր առջև իրոք Օկոնյան սրբապատկերն է, և այն հայտնաբերվել է այնտեղ, որն առկա է պատմական աղբյուրներում:
1923-ից հետո, երբ սկսեցին ոչնչացնել սրբավայրերը, եռապատկերը տաճարից տեղափոխվեց Ցխինվալի թանգարան: Դա միակ դեպքն էր, որ սրբապատկերը փոխանցվեց ոչ թե Արվեստների, այլ տեղի թանգարան: Այնտեղ էլ այն մնաց մինչև 1922թիվը»:
Ինչպես անհետացավ Օկոնյան եռապատկերը
Ցխինվալի տարբերակը
Օկոնյան եռապատկերն անհետացավ 1991-ին: Հարավային Օսիայի այն ժամանակվա Ազգային թանգարանի աշխատակից Սերգեյ Չիբիրովն այսպես է նկարագրել սրբապատկերի անհետացման պատմությունը.
«1991թվի հունվարին Ցխինվալի մի մասը, որտեղ գտնվում էր թանգարանը, զբաղեցրեց վրացական միլիցիան: Եռապատկերն այն ժամանակ ցուցադրված էր ամենաերևացող տեղում: Երբ մի քանի օր անց մենք կարողացանք վերջապես մտնել շենք, բացահայտեցինք, որ հենց այդ արժեքավոր ցուցանմուշը, ինչպես նաև արծաթյա պատյանով մի քանի դանակ և հնագույն մետաղադրամներն անհետացել են»:
Բացառիկ սրբապատկերը հայտնաբերվեց տասնյակ տարիներ հետո: 2001-ի ամռանը ոմն Օլեգ Զեմլյաննիկով փորձել էր այն վաճառել Ժնևի Քրիստիի աճուրդում: Նրա խոսքով, եռապատկերը գնել էր Վլադիկավկազի փողոցային շուկայում: Աճուրդի տնօրինության մոտ կասկածներ էին առաջացել, հրավիրվել էին փորձագետներ, որոնք արդյունքում հաստատել էին սրբապատկերի ինքնությունը:
Աճուրդային հանձնաժողովը դրա նախնական գինն այն ժամանակ գնահատել էր 2 մլն դոլար”:
Թբիլիսիի վարկածը
Էլենե Կավլելաշվիլին պնդում է.
«Աճուրդի կազմակերպիչները մանրակրկիտ ձևով ուսումնասիրել են հարցն ու պարզել, որ սրբապատկերը Վրաստանից է և պետության, այլ ոչ թե մասնավոր անձի սեփականությունն է: Արդյունքում սրբապատկերը Զեմլյաննիկովից առգրավել են, իսկ վերջինիս՝ ձերբակալել:
2001-2004 թվերին Արվեստների թանգարանը Վրաստանի ԱԳՆ և այլ պետական կառույցների հետ համատեղ ապացուցում էր, որ սրբապատկերն իրոք Վրաստանի սեփականությունն է և պետք է վերադարձվի: Եվ միայն երկար ընթացակարգից հետո սրբապատկերը 2004 թվին Ժնեևից վերադարձվեց Թբիլիսի: Այդ օրվանից եռապատկերը գտնվում է Վրաստանի արվեստների պետական թանգարանում»:
Ի վերջո ո՞ւմ է պատկանում սրբապատկերը
Ցխինվալի փաստարկները
Սրբապատկերի հայտնաբերումից անմիջապես հետո հարավօսական պատվիրակությունը կրկին և կրկին բարձրացնում է այն Ցխինվալ վերադարձնելու հարցը:
Հարավային Օսիայի նախագահի՝ հետկոնֆլիկտային կարգավորման հարցերով ներկայացուցիչ Մուրատ Ջիոևը հայտնեց JAM-news-ին, որ Ժնևում այս տարվա մարտին կայացած ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլում հարավօսական պատվիրակությունը կրկին բարձրացրեց մշակութային ժառանգության հարցը: Խոսքն այդ թվում գնաց նաև Օկոնյան եռապատկերի մասին:
Հարավային Օսիայի Ազգային թանգարանի տնօրեն Մերաբ Զոսեևը կարծում է.
«Սրբապատկերը Հարավային Օսիայի մշակութային ժառանգությունն է: Այդպիսի մակարդակի արժեքները ցանկացած պատերազմից հետո սովորաբար վերադարձվում են իրական սեփականատիրոջը: Այսօր թանգարանի՝ բոլոր ժամանակակից նորմերին համապատասխան կառուցված նոր շենքը կարող է ապահովել սրբապատկերի անվտանգությունը, ջերմաստիճանային ռեժիմն ու այն ամենն, ինչ անհրաժեշտ է»:
Թբիլիսիի փաստարկները
Էլենե Կավլելաշվիլին ասում է.
«Հետաքննության արդյունքում Շվեյցարիայում պարզվել է, որ Զեմլյաննիկովը սրբապատկերը գնել է անմիջապես Ցխինվալի թանգարանից 300 դոլարով: Սակայն նրանք պնդում են, որ սրբապատկերն իբր անհետացել է մինչև 1992 թիվը: Սակայն եթե դա այդպես է, ինչու՞ նրանք չեն հայտարարել կորստի մասին: Եվ ինչո՞ւ հանկարծ սկսեցին դրան հավակնել միայն 2002 թվին, երբ վրացական կողմն ակտիվացրեց սրբապատկերը վերադաձնելու ճիգերը: 1992-2002թթ. Ցխինվալը սրբապատկերի կորստի մասին ոչ մի հայտարարություն չի արել: Սրբապատկերը Վրաստանի մշակութային ժառանգությունն է: Շվեյցարիան պաշտոնապես սրբապատկերը փոխանցել է Վրաստանին: Այն ինչ-որ մեկին փոխանցելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Դա անթույլատրելի է»:
∗ Լուսանկարը տրամադրել է Վրաստանի պետական թանգարանը