«Որդեգրիր մի գյուղ»
Հայաստանում մեկնարկել է «Որդեգրիր մի գյուղ» նախագիծը: Առաջին որդեգրված գյուղն Արենին է, առաջին որդեգրողը՝ Նոր Զելանդիան, ավելի ստույգ՝ այդ երկրի հայ համայնքը:
«Որդեգրում» նշանակում է, որ սփյուռքը համակարգելու է տվյալ գյուղին տրամադրվող օգնությունը: Դա ոչ թե ուղղակի ֆինանսական օգնության տրամադրում է լինելու, այլ կապերի հաստատում օգնության կարիք ունեցող գյուղացիների ու այդ օգնությունը ցուցաբերելու ներուժ ունեցող կազմակերպությունների միջև: Միաժամանակ չի բացառվում դրամական կամ այլ տեսակի օգնության տրամադրումը առանձին բարեգործների կողմից:
«Խոսքը խոշոր ֆինանսական նախագծերի մասին չէ, որոնք կարող են կաշառակերության համար պարարտ հող դառնալ: Դրանք միկրոնախագծեր են, որոնց մեծ մասը կապված չի լինելու կանխիկ գումարների հետ, սակայն անմիջական հարաբերություններ են ստեղծելու սփյուռքի ու գյուղերի միջև»,- այսպես է բացատրվում ծրագրի էությունը նախագծի պաշտոնական կայքում:
Այսինքն նախագիծը կարող է նպաստել ոչ միայն գյուղի զարգացմանը, այլ նաև հայրենիքի ու սփյուռքի սերտ կապերին: Բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր ցանկանում են օգնել հայրենիքին, չգիտեն՝ ինչպես և ինչից սկսել, ամենաշատն ինչի կարիք ունի Հայաստանը: Սա նրանց համար իրենց պատմական հայրենիքի զարգացման գործում իրական ավանդ ունենալու հնարավորություն է: Եվ եթե ստացվի երկրի բնակչության առավել խոցելի հատվածի՝ գյուղացիների բարեկեցության մակարդակը բարձրացնել, դա պարզապես անգին ծառայություն կլինի:
Նախագիծը ենթադրում է աջակցել գյուղատնտեսության դիվերսիֆիկացիային, պատրաստել մասնագետների, այդ թվում՝ մարքեթինգի գծով: Գործունեության կարևոր մաս է լինելու գյուղերի տեխնիկական վերազինումը՝ ինչպես գյուղատնտեսական սարքավորումներով, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաներով: Եվ «Որդեգրիր մի գյուղ» նախագծի ամենակարևոր նպատակներից է զբոսաշրջության զարգացումը:
Ինչպես ասված է նախագիծը ներկայացնող ծրագրային փաստաթղթում, այն օգնելու է և՛ մեծ, և՛ փոքր գյուղերին: Համակարգման գործընթացը հեշտացնելու համար սփյուռքն աշխատելու է խոշոր գյուղի գյուղապետի հետ, որը պատասխանատու է լինելու դրան հարող ավելի փոքր բնակավայրերի համար: Եթե Արենի գյուղի պիլոտային «որդեգրումը» հաջողությամբ իրալանացվի, նախագիծը կշարունակի աշխատանքը երկրի ողջ տարածքում: Ընդ որում, արդեն որոշված է, թե սփյուռքի որ խոշոր համայնքն է Հայաստանի այս կամ այն շրջանին օգնելու:
«Որդեգրելու» գաղափարը ծնվել է նախագծի հեղինակ Լեն Ուիքսի մոտ այն բանից հետո, երբ նա շրջել է Հայաստանի բնակավայրերով: Առաջին հերթին, նա տեսել է, թե ինչ դժվարությունների միջով են անցնում գյուղացիները, բացի այդ նա եղել է այնպիսի վայրերում, որոնք կարող են զբոսաշրջիկներ գրավել, եթե միայն որոշակի չափով կարգի բերվեն:
Նախագծի հեղինակը կարծում է, որ այս գաղափարի հաջող իրագործումը, ինչպես ֆինանսավորման, այնպես էլ տրամադրված գումարների օգտագործման բացարձակ թափանցիկությունը կարող են մեծ ներդրումների համար հող պատրաստել: Չէ՞ որ ներդրումներ գրավելու համար անհրաժեշտ է առաջընթաց, թափանցիկություն և վստահություն: Ներդրողները կարող են գումարներ ներդնել այն ոլորտներ, որոնք առավել շատ են դրա կարիքը զգում, ինչն իր հերթին երկրի համար այդքան անհրաժեշտ աշխատատեղեր կստեղծի:
Իսկ ո՞վ է Լեն Ուիքսն, ով այդքան բան է ուզում անել Հայաստանի համար: Նա ինքն իր մասին ասում է. «Ես Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի քաղաքացի եմ, ամուսնացած եմ հայուհու հետ, ով իմ աչքերն է բացել Հայաստանի ու նրա պատմության վրա»: Իր բացահայտումը նա նկարագրել է «Ծագում: Բացահայտում» իր վեպում, որը նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տվյալ պահին Ուիքսն աշխատում է իր ստեղծագործության էկրանավորման վրա: