«Որակը չի համապատասխանում առաքելությանը»․ ի՞նչ են խոսում Ադրբեջանում՝ «Տոլմայի օրագիր» կատակերգական սերիալի մասին
«Dolma diaries»-ը կատակերգական նոր սերիալ է, որը նկարահանել են հարավկովկասյան մի խումբ ակտիվիստներ և լրագրողներ՝ գերմանական Friedrich Ebert Stiftung հիմնադրամի աջակցությամբ։ Սերիալի սյուժեն կառուցվում է երեք ուսանողների՝ վրացու, ադրբեջանցու և հայի հարաբերությունների շուրջ, որոնք ստիպված են բնակարան կիսել Բեռլինում։ Սերիալի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ։ Իսկ մենք որոշել ենք պարզել նրանց կարծիքն, ովքեր հասցրել են դիտել «Տոլմայի օրագրի» առաջին սերիան։ Սփոյլեր․ բոլոր հարցվածներին դուր է եկել ֆիլմի գաղափարը, բայց ոչ դրա իրականացումը:
Ծեծված թեմաները շատ են
Ինժեներ Սեյմուր Աբասովը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, իսկ պարզապես որպես ֆիլմ՝ «Dolma dairies»-ը նա այնքան էլ չի հավանել։ Կատակներն այնքան էլ զվարճալի չեն, իսկ կերպարները՝ ոչ համակրելի։
«Ավելի ճիշտ՝ վրացին համակրանք է առաջացնում, իսկ հայն ու ադրբեջանցին՝ ոչ։ Եվ, ի դեպ, այն դրվագում, երբ հայն ու ադրբեջանցին կիսում են հյուրասենյակը, շատ ես նեղվում վրացու համար, որին հեռու մի անկյուն են խցկում»։
Փոխարենը Սեյմուրին դուր է եկել արտասահմանում կրթաթոշակով սովորող երիտասարդների մասին կատակերգություն նկարահանելու գաղափարը, որը ենթադրում է, որ հակամարտ երկրների ուսանողները պետք է միասին ապրեն՝ հաղթահարելով միմյանց նկատմամբ հակակրանքը։
«Ինչ վերաբերում է գաղափարական մասին, ապա հայ-ադրբեջանական փոխադարձ հավակնություններն, իհարկե, շատ ծեծված ձևով են ցուցադրված։ Եվ վախենամ, որ այս ֆիլմը լրացուցիչ դժգոհության առիթ դառնա։ Հայերը կհամարեն, որ բացասական կողմից են ներկայացված, իսկ ադրբեջանցիները՝ դրական, և ընդհակառակը։ Դե, ինչպես սովորաբար լինում է»։
Բացի այդ, նրա համար տհաճ է, որ արևմտյան հեռուստադիտողը կարող է մտածել, թե համատարած բոլոր հայերն ու ադրբեջանցիները թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ և միասին արտասահմանում հայտնվելիս սկսում են շրջապատի բոլոր մարդկանց գլուխը տանել երեքհարյուրամյա վաղեմության իրենց վեճերով։
«Չէ՞ որ մեզնից շատերը նորմալ շփվում են միմյանց հետ։ Թեև, իհարկե, եթե ֆիլմի հեղինակները ցույց տային այդ տեսակի մարդկանց, ապա ֆիլմ նկարահանելու իմաստ էլ չէր լինի»։
Որակը չի համապատասխանում առաքելությանը
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վետերան Ագիլ Հաջիևին սերիալի թեման հետաքրքիր է թվացել, սակայն նա չի հավատում, որ նման «թեթևակշիռ» ձևաչափն ունակ է լրջորեն ազդելու թիրախային լսարանի վրա և օգնելու հաղթահարել կուտակված փոխադարձ վիրավորվածության զգացումը։
«Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն, ըստ էության, ոխերիմ թշնամանք է։ Բանն այն չէ, որ ինչ-որ մեկը մյուսին չի սիրում կամ իրեն մյուսից ավելի լավն է համարում, այլ այն, որ երկու կողմից արյուն է թափվել, շատ արյուն։ Խոսքը պարզապես կարծրատիպերի մասին չէ, այլ միմյանց նկատմամբ հակակրանքի և չընդունելու շատ ավելի լուրջ պատճառների մասին։ Այո, գեղարվեստական ստեղծագործությունները՝ ֆիլմերը, գրքերը, ունակ են իրավիճակի վրա ազդելու և թշնամանքին վերջ տալուն օգնելու։ Բայց դրա համար դրանք պետք է շատ որակյալ լինեն։ Եվ, իհարկե, պետք է շատ լինեն։ Որակյալ շատ ֆիլմեր, որակյալ գրքեր։ Այլ ոչ թե մի սերիալ»։
Իսկ «Dolma dairies»-ն, ըստ Ագիլի, որակի առումով չի համապատասխանում սահմանված առաքելությանը։
«Օրինակ՝ վերցնենք օպերատորական աշխատանքը։ Այն շատ թույլ է։ Կարծես հեռախոսով նկարահանած լինեն։ Պատկերային հատվածն ինձ ընդհանրապես դուր չի եկել։ Սակայն, ընդհանուր առմամբ, վատ չէ, կարելի է նայել, նախաձեռնությունն էլ լավն է»։
Հումորը լավն է, բայց ինչո՞ւ է Արևմուտքը խաղաղության կրողը
Հոգեբույժ Լողման Գասիմովի վրա սերիալի առաջին սերիան, ավելի շուտ, լավ տպավորություն է թողել։ Հատկապես, որ նա ծանոթ է սերիալը ստեղծողներից ոմանց հետ։
«Միշտ օգտակար է ցավոտ, զգայուն թեմաների մասին հումորով խոսելու ընդունակությունը։ ի դեպ, պետք է չէ այս ֆիլմը կապել միայն ղարաբաղյան հակամարտության հետ։ Դրանում խոսվում է ընդհանրապես հարավկովկասյան երեք ժողովուրդների փոխհարաբերությունների մասին՝ ներառյալ նրանց բոլոր վեճերը, կոնֆլիկտները, միմյանց նկատմամբ կարծրատիպերն ու փոխըմբռնման ուղիների որոնումները»։
Սակայն նրա սրտով չի եղել, որ ֆիլմում կովկասցիները ներկայացված են կարծես անխոհեմ երեխաներ, իսկ եվրոպացիները՝ «մեծեր», որոնք նրանց խելք են սովորեցնում։
«Արևմուտքը մեր տարածաշրջանում իր շահերն է հետապնդում, ալյ ոչ թե խաղաղության անաչառ և իմաստուն կրող է։ Եվ եթե երբևէ մեր ժողովուրդներն, այնուամենայնիվ, այդ խաղաղությանը հասնեն, ապա միայն շնորհիվ իրենց, իրենց ուժերով և կամքով, այլ ոչ թե նրա հաշվին, որ Արևմուտքը մեզ, ի վերջո, կհաշտեցնի»։
Լողմանը կարծում է, որ հիմա ամբողջությամբ համապատասխան պահն է, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությանը հումորային հայացք գցենք։
«Ավելի ճիշտ, պետք չէ սպասել «ճիշտ պահին», որովհետև այն երբեք չի գա, եթե չմոտեցնես այն այսպիսի նախաձեռնությունների օգնությամբ»։
Փիլիսոփա-հետազոտող Թինայ Մուշդիևային նույնպես թվացել է, որ այս ֆիլմում հարավկովկասյան ժողովուրդների ներկայացուցիչները հակադրվում են «սպիտակ մարդկանց»՝ ի դեմս եվրոպացիների։
«Երեք ինֆանտիլ կովկասյան վայրենիներին իրենց հոգածության տակ են առնում և ճշմարիտ ուղու վրա դնում զարգացած, խելամիտ եվրոպացիները։ Բնակարանի տերը, համալսարանի ներկայացուցիչը գլխավոր հերոսների հետ խոսում են բարձրից՝ բացահայտ հասկացնելով, թե որքան հիմար և աննշան են նրանց խնդիրները։ Այս ֆիլմում հեգնանքը միակողմանի բնույթ է կրում, այն հավասարակշռված չէ»։
Նման մատուցումը Թինային չափազանց շինծու է թվացել, բացի այդ, այն Հարավային Կովկասում առկա հակամարտությունները ներկայացնում է խեղաթյուրված ձևով՝ չափազանց պարզեցնելով դրանք։
«Այնպիսի տպավորություն է, որ Կովկասում և, ընդհանուր առմամբ, «երրորդ աշխարհի» երկրներում գոյություն ունեցող հակամարտությունների հիմնական պատճառը ժողովուրդների ինֆանտիլությունն է, նրանց «վատ բնավորությունը»։ Իսկ Արևմուտքն, իբր, ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Բայց չէ՞ որ ամեն ինչ բնավ այդպես չէ։ Չէ՞ որ ամեն ինչ բնավ այդքան հեշտ չէ»։
Սակայն, Թինայի կարծիքով՝ թեև սա չմշակված և ոչ այնքան հաջող, բայց, այնուամենայնիվ, հավանության արժանի փորձ է՝ «թշնամու կերպարը» քանդելու և պաշտոնական քարոզչության հետ վիճելու։
«Հակամարտությունը հեգնանքի առարկա դարձնելու գաղափարը, այն լավ իմաստով «ծաղրելն» ինքնին շատ լավ է և կարող է փոխել հուզական տեսանկյունը, որից երիտասարդությունը նայում է իրավիճակին»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։