Ո՞վ կօգնի լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ Վաշինգտո՞նը, թե՞ Մոսկվան
Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում առանձին-առանձին հանդիպում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։
Սակայն տեղի և միջազգային շատ փորձագետների (այդ մասին՝ ստորև) կարծիքով՝ քիչ հավանական է, որ այդ քննարկումները հանգեցնեն որևէ գործնական արդյունքի և օգնեն դադարեցնել հայկական և ադրբեջանական բանակների միջև ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում։
Մարտերի հետևանքով, որոնք ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում են սեպտեմբերի 27-ից, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից զոհվել է 927 զինվորական։ Ադրբեջանը կորուստների մասին տվյալներ չի հրապարակում։ Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 22-ին առաջին անգամ հանրային կերպով նշել է այս հակամարտությունում երկու կողմերի կորուստների մասին իր տվյալները՝ ոչ պակաս, քան հինգ հազար մարդ երկու կողմից։
Բոլոր վերջին օրերին, այդ թվում՝ այս հանդիպումից անմիջապես առաջ, լայնամասշտաբ մարտեր են ընթանում հրետանու, հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ, իսկ Բաքվի և Երևանի առաջնորդները խստացնում են իրենց դիրքորոշումները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական Nikkei թերթին հոկտեմբերի 22-ին տված հարցազրույցում խաղաղ կարգավորման հեռանկարներն «աղոտ» է անվանել։ Դրանից մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում ձգձգվող հակամարտության դիվանագիտական լուծում չի տեսնում։
Վաշինգտոնի հանդիպումից առաջ հանրային ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները Մոսկվայի հետ կհամագործակցեն այս հակամարտության լուծման համար։
«Վալդայ» բանավիճային ակումբի նիստին իր ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ղարաբաղյան պատերազմի թեմային։
Մոսկվան սեպտեմբերի 27-ին այս դիմակայության մեկնարկից ի վեր արդեն երկու անգամ կարողացել է կողմերին բերել հրադադարի մասին համաձայնության՝ հոկտեմբերի 10-ին և 18-ին։ Սակայն երկու անգամ էլ հրադադարը խախտվել է համաձայանգրի ստորագրումից անմիջապես հետո, և կողմերը դրա համար միմյանց են մեղադրում։
•Երկրորդ հրթիռային հարվածը Ադրբեջանում՝ Գյանջային. տասնյակ զոհվածներ և վիրավորներ. Տեսանյութ
•Ի՞նչ տեսք ունի պատերազմը խրամատներից։ Տեսանյութ Լեռնային Ղարաբաղից
Մեկնաբանություններ Բաքվից և Երևանից
Հայաստան
Հակոբ Բադալյան, «Լրագիր» պարբերականի քաղաքական մեկնաբան
«Պուտինն իր ելույթում (հոկտեմբերի 22-ին) փաստացի ընդունեց, որ Ռուսաստանը չի կարող սանձել Էրդողանի (Թուրքիայի նախագահ) ագրեսիվ հավակնություններն ու ստիպված է նրա հետ փոխզիջման գնալ։
Այս համատեքստում ուշադրության են արժանի Պուտինի այն խոսքերը, որ նա ԱՄՆ-ից օգնություն է ակնկալում այս կարգավորման հարցում։
Հնարավոր է, որ սա հակամարտության մասին նրա ասածի ամենակարևոր մասն է։
Պուտինի խոսքերն այն մասին, որ Էրդողանն անկախ քաղաքականություն է վարում, հնչեց որպես հաճոյախոսություն և միաժամանակ ակնարկ, որ Էրդողանի «ձեռքերն ազատել են», այդ թվում՝ Ռուսաստանի դեմ գործողությունների առումով։
Սակայն ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք Էրդողանին սանձելը, եթե վերջին տարիներին Պուտինն Արևմուտքի հետ իր հարաբերություններում իրեն պահում էր «սանձերը կտրածի» պես։
Եթե Պուտինն ԱՄՆ-ից օգնություն է ակնկալում, ի՞նչ է դրա համար պատրաստ անել Ռուսաստանը։ Չէ՞ որ Վաշինգտոնն իր ակնկալիքներն է ունենալու։ Եվ դա կարող է լայն իմաստով ակնկալիք լինել, որ Ռուսաստանը պետք է դադարի ուժի դիրքերից խոսել։ Արդյո՞ք Պուտինը դրան կգնա»։
Азербайджан
Թոֆիկ Զուլֆուգարով, Ադրբեջանի նախկին արտգործնախարար
«[Պուտինի ելույթը] նշանակում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կարելի է չեզոք անվանել՝ որոշակի հայամետ պրոպագանդիստական շեղմամբ։
Ո՞րն է նման դիրքորոշման պատճառը։ Ես երեք հիմնական գործոն կնշեի․
1. Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրության կորուստ․ չափազանց շատ են իրական խնդիրներն ու քիչ են քաղաքական դիվիդենտները։
2. Հայ հասարակության, այլ ոչ միայն Փաշինյանի վերակողմնորոշումը «ռուսամետից» դեպի «արևմտամետ», այսինքն՝ նոր քաղաքակրթական ընտրությունը։
3. Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքորոշման սրընթաց և վճռորոշ ռազմաքաղաքական ակտիվացումը, որին սատարում է ԱՄՆ-ն։
Եվ գլխավորը՝ Ադրբեջանի նախագահի և ժողովրդի նոր, բացահայտ ցուցադրումը, որ պետության տարածքային ամբողջականության վերականգնման պատրաստակամություն կա։
Եվ սա է նոր ստատուս քվոն, և դրա ազդեցության տակ է ձևավորվելու շփման նոր գիծը»։