18-րդ «Ոսկե ծիրան»-ը ավարտվեց․ ովքե՞ր են կինոփառատոնի հաղթողները
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները։ 18-րդ փառատոնի հաղթողներն արդեն հայտնի են։ Հոկտեմբերի 10-ին մրցանակակիր ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում։
Այս տարի կինոտոնն անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը։ Փառատոնային օրերի ընթացքում ցուցադրվեց ավելի քան 60 ֆիլմ, Հայաստանը հյուրընկալեց ավելի քանի 50 կինոգործիչների:
18-րդ «Ոսկե ծիրան»-ի բոլոր կարևոր դրվագները։
«Ոսկե ծիրան»-ի ազդագրերը կամ ձգտում դեպի լույս
Այս տարվա ազդագրերը հեղինակել էր ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանը։ Ըստ ազդագրերի վիզուալ հայեցակարգի՝ Մուրատյանը փորձել էր պատկերել «2020-2021 թվականների տարանցիկ իրավիճակը, մեր՝ անվերադարձ գնացած անցյալի ու առայժմ չեկած, ոչ այնքան հայտնի ապագայի արանքում գտնվելը, ինչպես նաև ձգտումը դեպի լույսը»։
Փառատոնի մեկնարկը․ նախ՝ մեկ րոպե լռություն
«Ոսկե ծիրան»-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Մեկնարկն ազդարարեցին կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու համահիմնադիրներ Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակը՝ կոչ անելով ազատել բոլոր գերիներին։ Պատահական չէր ընտրվել նաև փառատոնի շրջանակներում ցուցադրվող առաջին ֆիլմը։ Ցուցադրվեց իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը»:
«Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝ այն նամակ-սիրո խոստովանություն է կինոյին, միևնույն ժամանակ իր մեջ պարունակում է նաև «պատերազմի նյարդը»։
«Երևանյան պրեմիերաներ»
Ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացվեցին ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:
Ցուցադրվեցին Կաննի կինոփառատոնից Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:
Բեռլինի միջազգային կինոփառատոնից հայ կինոսերները հնարավորություն ունեցան դիտելու Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները:
Ով արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին
Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ամենապատվավոր՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը շնորհվեց ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերին։ Ի դեպ, նա փառատոնի այս տարվա պատվավոր հյուրն էր։
Շրեյդերը Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստն է, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և երկու տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորը։ Մրցանակների է արժանացել ավելի քան երեք տասնյակ միջազգային կինոփառատոնների ժամանակ։ Վերջերս Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Շրեյդերի հեղինակած «Սառը հաշվարկ» ֆիլմի պրեմիերան։
«Ոսկե ծիրան»-ի վարպետները
18-րդ «Ոսկե ծիրան»-ի հատուկ՝ «Վարպետ» մրցանակին արժանացան թատրոնի և կինոյի հունգարացի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն և իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդը։
Կոռնել Մունդրուցոն փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր։ Ռեժիսորը հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և այլ ֆիլմերով։ Հանդիսանում է Կաննի, Լոկառնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր։
Իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդը Բեռլինի «Ոսկե արջ»-ի դափնեկիր է («Հոմանիշներ», 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր («Ահեդի ծունկը», 2021)։ «Վարպետ» մրցանակը ստանալիս Լապիդն ասել է, որ վաղուց էր ուզում Երևան գալ, վերջապես ստացվեց։
«Չէի ուզի, որ մեզ միավորեին կոնֆլիկտները․ մեզ պետք է միավորի միայն սերը դեպի կինոն», — անդրադառնալով իր «Ահեդի ծունկը» ֆիլմին ասել էր ռեժիսորը։
Որ ֆիլմերը ճանաչվեցին հաղթող
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ
«Ոսկե ծիրան» — «Քարեր» (ռեժիսոր՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան),
«Արծաթե ծիրան» — «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա),
«Նոր հին ներկայացում» (ռեժիսոր՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարն էլ արժանացավ հատուկ հիշատակման։
FIPRESCI մրցանակ
«Սանձում» (ռեժիսոր՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան),
«Կորիզ» մրցույթ
«Ոսկե ծիրան» — «Աշխարհ» (ռեժիսոր՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան),
«Արծաթե ծիրան» — «Ստորգետնյա» (ռեժիսոր՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան),
Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ- «Գլխիվար» (ռեժիսոր՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։
Ժյուրիի կազմը
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում էին պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատը, կինոքննադատ Լարիսա Մայլյուկովան և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Ժյուրիի նախագահն էր թատրոնի և կինոյի հունգարացի ռեժիսոր, Կաննի, Լոկառնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ժյուրիի կազմում էին դերասանուհի Ռոմաննա Լոբաչը, «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պաստառների հեղինակ, վիզուալ արտիստ Վահրամ Մուրատյանը և սցենարիստ, կինոքննադատ Ֆիլիպ Ժալալդոն։
FIPRESCI-ի ժյուրիի կազմում էին կինոքննադատներ Ալեքսանդեր Մելյանը, Դոմինիկ Շմիդը, Մայքս Նաաֆսը։
Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից