Ովքե՞ր են Ադրբեջանում պահանջում բանկային վարկերի մարումները, և ինչպե՞ս են նրանք խախտում օրենքները
Վարկերի չվճարման խնդրի լուծման համար ադրբեջանական բանկերը մինչ օրս պայմանագրեր են կնքում պարտքերի հավաքագրման ըներությունների հետ։ Թեև գործունեության այս տեսակն օրենքից դուրս է։ Փաստաբանի խոսքով՝ այդպիսով ֆինանսավարկային կազմակերպությունները խախտում են բանկային գաղտնիքը։ Ինչպե՞ս են բանկերը ելք գտնում իրավիճակից, և ինչպե՞ս կարող է բնակչությունը խուսափել պարտքերի հավաքագրող մասնագետներից։
- Բելառուսի իշխանությունը կալանավորել է ընդդիմադիր ակտիվիստին՝ Մինսկում միջազգային չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո
- Հանքերն՝ ընդդեմ զբոսաշրջության, մարդիկ՝ ընդդեմ հանքերի
- «Նախկինի պես նորմալ կյանք» չի լինելու․ Ադրբեջանում կմեղմեն կարանտինի պայմանները
Միլիարդների խնդրահարույց վարկեր
2021 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանում ժամկետանց վարկերի ծավալը հասել է 918,2 մլն մանաթի [540,1 մլն ԱՄՆ դոլար]։
Ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի տեղեկությունների՝ մեկ ամսում խնդրահարույց վարկերն աճել են 0,1 տոկոսով։
2021 թ-ի սկզբի համեմատ՝ երկրում խնդրահարույց վարկերի ծավալն ավելացել է 2,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել 32,9 տոկոսով։
«Պետությունը լուծել է խնդրահարույց վարկերի հարցը»
JAMnews-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագիտական հարցերի փորձագետ Ալի Ահմեդովը նշել է, որ 2019 թ-ին երկրի նախագահի ստորագրած հրամանագրով՝ ժամկետանց վարկերի հետ կապված հարցերի մեծ մասը լուծվել է։
«Նախագահի հրամանագրով ներվել կամ վերաձևակերպվել է քաղաքացիների պարտքերի մեծ մասը, որոնք գոյացել են 2015 թ-ի արժեզրկումից հետո։ Այդպիսով՝ լուծվել են բանկերում քաղաքացիների ունեցած պարտքերի խնդիրները»,- հայտարարել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ներկա պահին խնդրահարույց վարկերի հիմնական ծավալը բաժին է ընկնում բիզնես-վարկերին, և դրանց վերադարձի հետ կապված լուրջ դժվարություններ կան։
Բանկը պարտքերի հավաքագրման մասնագե՞տ է փնտրում
Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներում ուշադրություն է գրավել վարկային կազմակերպությունում թափուր աշխատատեղի մասին մի հայտարարություն։ Ընկերությունն աշխատակից է փնտրում, որը երկրի շրջաններում կզբաղվի ժամկետանց վարկերի հավաքագրմամբ։
Հետաքրքիր է, որ որպես աշխատավարձ, պոտենցիալ աշխատակցին խոսանում են աշխատանքային առաջին երեք ամսում հավաքագրած պարտքերի ծավալի 5 տոկոսը, իսկ դրանից հետո՝ 20 տոկոսը։
Փաստաբան Աքրամ Հասանովը կարծում է, որ իրականում բանկը մարդ է փնտրում, որը կզբաղվի պարտքերի հավաքագրմամբ։
Ո՞ր օրենքն է այստեղ խախտվում
«Այս հայտարարությունն ուշադիր ուսումնասիրելիս պարզ է դառնոմ, որ աշխատակիցը նորմալ աշխատավարձի փոխարեն ստանալու է միայն բանկի հաճախորդներից հավաքագրած գումարի մի մասը։ Իսկ սա աշխատանքային օրենսդրության խախտում է։ Վարկային կազմակերպությունն օրենք է խախտում՝ ֆիզիկական անձի հետ համագործակցելով առանց աշխատանքային պայմանագրի»,- նշել է փաստաբանը JAMnews-ի թղթակցի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ այդպիսով բանկերն ու մյուս վարկային կազմակերպությունները ձգտում են շրջանցել օրենքները․
««Բանկերի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ արգելվում է բանկային գաղտնիքը երրորդ անձանց փոխանցելը։ Այլ կերպ ասած, բանկերը, պարտքեր հավաքագրողների հետ պայմանագրեր կնքելով, չեն կարող նրանց փոխանցել իրենց պարտապանների մասին տեղեկությունները։ Հետևաբար՝ նրանք փորձում են այդ խնդիրը լուծել նոր աշխատակիցներ ընդունելով, որոնք փաստացի նույն գործունեությամբ են զբաղվում»։
Պարտքեր հավաքագրողների գործունեությունն արգելված է, սակայն…
Ժամկետանց պարտքերի խնդրի լուծման և «Բանկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո իր գործունեությունը դադարեցրել է պարտքերի հավաքագրման ադրբեջանական ընկերությունների մեծ մասը։ Սակայն դեռ շարունակում է աշխատել BOA պարտքերի հավաքագրման խոշորագույն ընկերությունը։
JAMnews-ի թղթակցի հեռախոսազանգին պատասխանելով՝ գործակալության աշխատակիցը հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատել, պայմանագրեր են կնքում բանկերի հետ՝ վարկառուների պարտքերի վերադարձի պահանջի նպատակով։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք գործակալության գործունեությունը կապված չէ բանկային գաղտնիքի խախտման հետ, աշխատակիցը խոստացել է ավելի ուշ զանգահարել՝ ընկերության իրավաբանների հետ պատասխանը հստակեցնելով, սակայն դրանից հետո նրա հետ կապ հաստատել այլևս չի հաջողվել։
«Ներկայանում են որպես պետական գերատեսչության աշխատակիցներ»
Փաստաբան Աքրամ Հասանովը նշում է, որ պարտքերի հավաքագրման մասնագետների գործունեությունն ուղղակիորեն խախտում է օրենքները, այդ պատճառով էլ նրանք ստիպված են կիրառել խարդախության տարրեր․
«Օրինակ, նրանք զանգահարում են հաճախորդին և ներկայանում որպես մտացածին պետական կազմակերպության աշխատակիցներ՝ փորձելով վստահություն ներշնչել։ Սակայն իրականում, ցանկացած վարկառու կարող է դատարան դիմել և բանկին մեղադրել բանկային գաղտնիքի խախտման համար»։
Ըստ Հասանովի՝ ոչ մի այլ միջոցով հավաքագրողները չեն կարող օրենքի առջև լեգիտիմություն ապահովել․
«Մի քանի տարի առաջ բանկերը նրանց հետ սկսեցին պայմանագրեր կնքել՝ որպես դատարանում վարկային կազմակերպության ներկայացուցչի։ Սակայն փաստաբանների աշխատանքի վերաբերյալ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելուց հետո դա անհնար է դարձել։ Ցանկացած բանկ կամ իրավաբանական անձ կարող է դատարանում ներկայացված լինել միայն փաստաբանի միջոցով»։
Ի՞նչ անեն քաղաքացիները
«Եթե բանկին քաղաքացու պարտքը պահանջում է ոչ թե բանկը, այլ երրորդ անձ, նա պետք է անհապաղ դիմի դատական ատյաններ։ Այս առումով բոլոր օրենքները քաղաքացիների կողմից են»,- հայտարարել է փաստաբանը։
Սակայն ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն միջամտում այս հարցին և չեն կանխում պարտքեր հավաքագրողների գործունեությունը։ Հասանովն այս հարցին պատասխանել է․ «Այստեղ խորհրդավոր ոչինչ չկա։ Պարտքեր հավաքագրողների մեծ մասը ժամանակին նույնպես իրավապահ մարմինների աշխատակից է եղել, և նրանց գործունեության վրա որոշակի առումով աչք են փակում։ Սակայն դատարանում այս կանոնն արդեն չի աշխատում»։