«Ոչ մի ՆԱՏՕ»։ Ինչպե՞ս անցան Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին բանակցություններն անվտանգության հարցերով
Ռուսաստանի և ԱՄՆ բանակցություններն Ուկրաինայի շուրջ
Ռուս-ամերիկյան բանակցություններն անվտանգության հարցերով, որոնք կայացել են Ժնևում, հունվարի 10-ին, առաջինն են, երբ ռուս և ամերիկացի դիվանագետներն անձամբ քննարկել են Ուկրաինայի շուրջ դիմակայությունն ու Ռուսաստանի պահանջները ՆԱՏՕ-ից՝ «հեռու մնալ Արևելյան Եվրոպայից»։
Բանակցությունները տևել են գրեթե ութ ժամ, սակայն, ըստ փորձագետների միահամուռ կարծիքի, խոշոր բեկում տեղի չի ունեցել։ Այն, որ կողմերը միմյանց բացահայտ ներկայացրել են իրենց պահանջները, քննարկումների շարունակման հույս է ներշնչում։ Սակայն նրանց միջև տարաձայնությունները շատ լուրջ են։
Բանակցությունների գլխավոր եզրակացությունները
1.
ԱՄՆ-ն Ռուսաստանին կրկին կոչ է արել թոթափել լարվածությունն ու զորքերը հետ քաշել Ուկրաինայի հետ սահմանից (ենթադրաբար, այնտեղ տեղակայված է մոտ 100 հազար զինվորական), սակայն ոչ մի երաշխիք չի ստացել, որ դա տեղի կունենա։
2.
Ռուսաստանը պահանջել է, որ ՆԱՏՕ-ն անբեկանելի երաշխիք տրամադրի, որ Ուկրաինային և Վրաստանին անդամակցություն չի առաջարկվի, սակայն ԱՄՆ-ն կտրականապես մերժել է դա։
Լավատեսներն ու վատատեսները․ գնահատականներ
Հանդիպման վերաբերյալ լավատես փորձագետներն ասում են, որ բանակցություններն, այնուամենայնիվ, գործնական բնույթ էին կրում, դրանք սկանդալով չեն ավարտվել, և Ռուսաստանը պնդել է, որ չէր պատրաստվում Ուկրաինա ներխուժել։
Սակայն ոմանք էլ հիշեցնում են, որ անգամ նման հայտարարություններից հետո ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, թե դեռևս վստահ չեն, արդյոք Ռուսաստանը մտադիր է այս ճգնաժամին դիվանագիտական լուծում գտնել։
Բանակցություններից հետո․ գնահատականներ Վաշինգտոնից և Մոսկվայից
«Մենք ոչ ոքի թույլ չենք տա ազդել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության վրա, որը դաշինքի համար միշտ կենտրոնական տեղ է զբաղեցրել։ Բացի այդ, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ շփումներում չի պատրաստվում Ուկրաինայի ճակատագրի մասին որոշումներ կայացնել առանց Ուկրաինայի մասնակցության, Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի մասնակցության և ՆԱՏՕ-ի մասին՝ առանց ՆԱՏՕ-ի մասնակցության», — բանակցությունների արդյունքներն է մեկնաբանել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ պատվիրակությունը Կրեմլին զգուշացրել է, «ցանկացած ներխուժում կապված է լինելու զգալի ծախսերի և հետևանքների հետ, որոնք մեծապես գերազանցելու են այն ծախսերը, որոնց Ռուսաստանը բախվել է 2014 թ-ին, երբ բռնակցել է Ուկրաինային պատկանող Ղրիմի թերակղզին»։
Այդ միջոցները կարող են ներառել պատժամիջոցներ առանցքային ֆինանսական հաստատությունների դեմ, արտահանման վերահսկողություն, ՆԱՏՕ-ի ուժերի ամրապնդում դաշնակցային տարածքում և անվտանգության ոլորտում Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացում, ասել է Վենդի Շերմանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը բանակցություններում գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, բանակցությունները գնահատել է որպես «գործնական և պրոֆեսիոնալ», սակայն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ «չթերագնահատի լարվածության ռիսկերը»։
Նա նաև հայտարարել է, որ «Մոսկվայի դիրքորոշումն անհողդողդ է, իսկ փոխզիջումներն ԱՄՆ-ի գործն են»։
Ռուսաստանի դիրքորոշումը, որ «ՆԱՏՕ-ի ոչ մի ընդլայնում դեպի արևելք» չպետք է լինի, ուժի մեջ է մնում։
Եվրամիության անհանգստությունը, որի ներկայացուցիչերը չեն մասնակցել բանակցություններին
Ժնևյան բանակցություններն ԱՄՆ-ի, դաշնակիցների և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև մի քանի հանդիպումներից առաջինն էին։ Հետագա օրերին հանդիպումներ կանցկացվեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում և ԵԱՀԿ մշտական խորհրդում, որի անդամ է Ռուսաստանը։
Քննարկման օրակարգը նույնն է, ինչ 2021 թ-ի դեկտեմբերի կեսերին՝ Ռուսաստանի առաջարկները Եվրոպայում անվտանգության վերաբերյալ։
-
Ի՞նչ է Մոկսվան առաջարկել Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին
Առաջարկներ ԱՄՆ-ինԱՄՆ-ն պետք է պարտավորություն ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումն արևելյան ուղղությամբ, հրաժարվելու դաշինքում ներառել նախկին ԽՍՀՄ պետությունները։ Այս պահանջը նվազագույնը վերաբերում է Ուկրաինային և Վրաստանին, որոնք մշտապես խոսում են դաշինքի անդամ դառնալու ձգտման մասին։
ԱՄՆ-ն չպետք է ռազմական բազաներ ստեղծի նախկին ԽՍՀՄ պետությունների տարածքում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, դրանց ենթակառուցվածքներն օգտագործի ցանկացած ռազմական գործողություն իրականացնելիս, նրանց հետ երկկողմանի ռազմական համագործակցություն զարգացնի։
Ռուսաստանն առաջարկում է փոխադարձաբար հրաժարվել ռազմական ուժեր և սպառազինություն տեղակայել, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, ռազմական միությունների կամ կոալիցիաների շրջանակում, այն շրջաններում, որտեղ նման տեղակայումը մյուս կողմը կընկալեր որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանն, ինչպես նաև զերծ մնալ ծանր ռմբակոծիչների թռիչքներից, որոնք նախատեսված են միջուկային կամ ոչ միջուկային սպառազինությունների համար, ինչպես նաև բոլոր դասերի ռազմանավերի տեղակայումից ազգային օդային տարածքից և ազգային տարածքային ջրերից դուրս, որտեղից դրանք կարող են թիրախներ խոցել Ռուսաստանի կամ ԱՄՆ տարածքում։
Ռուսաստանն առաջարկել է վերադառնալ ազգային տարածքում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումից հրաժարման սկզբունքին։
Մոսկվան առաջարկել է բացառել ազգային տարածքից դուրս միջուկային զենքի տեղակայումը։
Առաջարկներ ՆԱՏՕ-ին
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից զինված ուժերի և սպառազինության չտեղակայում Եվրոպայի բոլոր այլ պետությունների տարածքներում՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն այդ տարածքում էին 1997 թ․ մայիսի 27-ի դրությամբ։
Բացառել միջին և փոքր հեռավարության հրթիռների տեղակայումը շրջաններում, որոնցից դրանք կարող են թիրախներ խոցել մյուս մասնակիցների տարածքում։
Բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումն, այդ թվում՝ Ուկրաինայի և այլ պետությունների անդամակցությունը։
ՆԱՏՕ-ի երկրները պետք է հրաժարվեն ցանկացած ռազմական գործունեությունից Ուկրաինայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի մյուս պետությունների տարածքում։
Սակայն այն փաստը, որ առաջին հանդիպումը կայացել է առանց ԱՄՆ եվրոպացի դաշնակիցների, այդ թվում՝ առանց Ուկրաինայի ներկայացուցիչների, որի ճակատագիրը քննարկվում էր, նրանց մոտ անհանգստություն է առաջացրել։
Նման անհանգստության համար հիմքեր կան։ Մոսկվան ավելի վաղ Վաշինգտոնին բազմիցս առաջարկում էր եվրոպական անվտանգության հարցերը լուծել միմյանց միջև, առանց Եվրոպայի մասնակցության։ Մասնավորապես, 2021 թ-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ Սերգեյ Ռյաբկովը նշել էր․
«Մենք ԱՄՆ-ին առաջարկում ենք երկկողմանի հիմքով բանակցություններ։ Եթե դրանցում ներգրավենք մյուս երկրներին, պարզապես այս ամենը կթաղենք վիճաբանությունների և դատարկախոսության ճահճում»։
Սակայն ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները բազմիցս վստահեցրել են, որ Ուկրաինան, Եվրոպան ու ՆԱՏՕ-ն ներառվելու են ցանկացած որոշումների ընդունման գործընթացում։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորել Ֆոնտելիեսը հայտարարել էր, որ, ըստ իրեն, ռուսական ներխուժման սպառնալիքը դեռ արդիական է։
«Սահմանի մյուս կողմից 100 000 ռուս զինծառայող կա։ Կարծում եմ, որ նրանք չեն մեկնել այնտեղ սուրճ խմելու», — ասել է նա։