Ո՞ւմ ձեռքում է Հայաստանի խնդիրների լուծման բանալին։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը
«Հայաստան» դաշինքի ասուլիսին դրա առաջնորդ և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Դաշինքը ստեղծվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նախկին նախագահը վարչապետի թեկնածուն է «Հայաստան» դաշինքից։
Կարճ ասուլիսի ընթացքում Քոչարյանը հայտարարել է, որ իր գլխավորած դաշինքը մտադիր է «մաշեցնել» կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընտրություններից առաջ։ Նախկին նախագահը մեկնաբանել է նաև լարված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։ Իշխանությունն ու ընդդիմությունն այն եզրակացությանն են եկել, որ ընտրությունները կօգնեն լուծել քաղաքական ճգնաժամը, որն առաջացել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
Հայկական կողմի պարտությունից անմիջապես հետո ընդդիմությունը սկսել է պահանջել վարչապետի հրաժարականը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրվել է երկրի բոլոր բնակիչների կամքով և չի հեռանա միայն ընդդիմության կողմնակիցների պահանջով։ Արդյունքում՝ նա խորհրդարանում ներկայացված ընդդիմության հետ պայմանավորվել է արտահերթ ընտրություններ անցկացնել։
- Ընտրություններ առանց ընտրության․ ինչո՞ւ է Հայաստանը կրկնում արդեն անցած ուղին
- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն անփոփոխ է։ Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները
- Հայտ ընտրություններից առաջ․ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը
Փաշինյանի վարկանիշը «մաշեցնելու» պլանը
Նախկին նախագահը խոստովանում է, որ գործող իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը որոշակի վարկանիշ ունեն, և ինքը մտադիր չէ կասկածել սոցհարցումներն անցկացրած մարդկանց ազնվությանը։ Ըստ վերջին տվյալների՝ իշխող ուժի վարկանիշը կազմում է 27 տոկոս։
Եվ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընտրություններից առաջ իր դաշինքը մտադիր է փոխել այդ թիվը․
«Մենք վստահ ենք, որ խորհրդարանում ունենալով 25-30%, հնարավոր չէ կառավարություն վերարտադրել և ձևավորել, եթե խորհրդարանում չկան նրա հետ համագործակցել պատրաստվող ուժեր։ Անգամ եթե մեզ չհաջողվի այդ 30%-ը հասցնել 15-20%-ի, միևնույն է, այդ քաղաքական ուժն ի վիճակի չի լինելու կառավարություն ձևավորել և վերահսկել գործադիր իշխանությունը։ Սա ակնհայտ է։ Սակայն մենք վարկանիշը մաշեցնելու ենք մինչև քոքը»։
Բացի այդ, նախկին նախագահը չի տեսնում ուժեր, որոնք պատրաստ են համագործակցել «դավաճանների հետ և որոնք խորհրդարան կանցնեն»։
Արցախյան հակամարտության լուծման բանալին
Վերջերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախյան հակամարտության լուծման մասին խոսելիս հայտարարել է, որ խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։
Սակայն Ռոբերտ Քոչարյանը, որին շատերը Ռուսաստանի համար վարչապետի ցանկալի թեկնածու են համարում, հայտարարեց, որ համաձայն չէ այդ պնդման հետ։ Նախկին նախագահն ընդունում է Ռուսաստանի առանցքային դերը հակամարտության կարգավորման, մասնավորապես, 2020 թ-ի աշնանը հրադադարի հաստատման հարցում, սակայն ինքն իրավիճակի նման պրիմիտիվ մեկնաբանության կողմնակից չէ․
«Կան կոնֆլիկտի կողմեր, կա եռանախագահություն և Ռուսաստան։ […] Մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված՝ չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։
Համախագահները Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան են։ Մինչև 2020 թ-ի Արցախյան երկրորդ պատերազմը Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններն անցկացվում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։ Հայկական կողմը դրանց վերսկսման կողմնակից է։
Հապճեպ սահմանազատում
Նախկին նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը ծանրակշիռ պատճառներ ունի սահմանազատման հարցում Հայաստանին շտապեցնելու։ Սակայն Հայաստանը չպետք է իր օրակարգը ձևավորի Ադրբեջանի ճնշման տակ, որը նախընտրություններ ունի Հայաստանի ապագա ղեկավարության հարցում․
«Միանշանակ, սահմանազատումն ազդեցություն կգործի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման վրա։ Իհարկե, պետք չէ ընդհանուր առմամբ վախենալ սահմանազատումից։ Սակայն հիմա այն իրականացնելը բավականին խնդրահարույց է»։
Սահմանազատման և սահմանագծման հարցը սրվել է մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինուժն իր դիրքերը մի քանի կիլոմետր առաջ է տարել դեպի Հայաստանի տարածքի խորքը և չի նահանջում՝ չնայած հայկական կողմի պահանջին։ Հայաստանը փորձում է այնպես անել, որ ադրբեջանական զինուժը լքի ինքնիշխան պետության տարածքը խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սակայն դրանք դեռևս առանձնապես փոփոխությունների չեն բերել։ Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է։
Ըստ Քոչարյանի՝ քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից որոշակի ակնկալիքներ ունի, նման ճգնաժամերը կրկնվելու են։ Նա համաձայն է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի, նախևառաջ, բանակցությունների միջոցով, սակայն, եթե Հայաստանը հակառակորդին «ատամները ցույց չտա», այս միջադեպի կարգավորումից հետո նման իրավիճակ կարող է առաջանալ նաև սահմանի այլ հատվածներում։
Ընդ որում, Քոչարյանը կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է լուծի իր խնդիրներն ու քայլեր ձեռնարկի իր սահմանների անվտանգության ապահովման համար, ոչ թե միայն օգնության սպասի։