Ո՞ւմ ձեռքերում է Ամերիկան
Դուր է գալիս ինչ-որ մեկին, թե՝ ոչ, սակայն Դոնալդ Թրամփն Ամերիկայի 45-րդ նախագահն է և մոտակա 4 տարիներին Սպիտակ տունը ղեկավարելու է նրա աշխատակազմը: Ովքե՞ր են այդ մարդիկ՝ Թրամփի թիմի անդամները:
Մենք հակիրճ տեղեկատու ենք ներկայացնում նրանց համար, ովքեր չեն կարծում, որ Ամերիկայի ներքին գործերը մեզ չեն վերաբերում:
Մայք Փենս, փոխնախագահ, 58 տարեկան
Ինդիանա նահանգի գուբերնատոր, վետերան կոնգրեսմեն: Ամերիկացիների մեծ մասը նրա գոյության մասին իմացել է 2015թ-ին, երբ գուբերնատոր Մայք Փենսը սկանդալային «Կրոնական ազատության վերականգնման մասին» ակտ է ստորագրել: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ինդիանա նահանգի մասնավոր հատվածի ցանկացած ներկայացուցիչ կարող էր չսպասարկել ԼԳԲՏ ներկայացուցչին, քանի որ դա հակասում է իր կրոնական պատկերացումներին: Այդ օրենսդրական ակտի վերաբերյալ նախագահ Օբաման մի անգամ կատակել է. «Ես ու Ջոնը (Բայդեն) վերջերս այնպես ենք մերձեցել, որ Ինդիանա նահանգի ռեստորաններում մեզ հրաժարվում են պիցցա տալ»: Արդյունքում Փենսը մեղմացրել է այդ հարցին իր մոտեցումը, քանի որ Հանրապետական կուսակցությունում ակտին դեմ հանդես եկողներ են ի հայտ եկել:
Մեջբերում. «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ինդիանայի Սահմանադրությունները ճանաչում են կրոնական ազատությունը, սակայն հավատացյալներից շատերը վախենում են, որ նրանց կրոնական ազատությանը սպառնում են հենց կառավարության գործողությունները»:
Ռեքս Թիլերսոն, պետքարտուղար, 64 տարեկան
1975թ-ից աշխատող «Էքսոն Մոբիլ» նավթային ընկերության ղեկավար:
Պետական քարտուղարի պաշտոնը դաշնային կառավարության ամենահեղինակավոր պաշտոնն է նախագահից հետո: «Էքսոն Մոբիլ» խոշորագույն նավթային ընկերության ղեկավարը երբեք պետական ծառայող չի եղել, դիվանագիտական փորձ նույնպես չունի: Այն փաստը, որ Թիլերսոնը որպես «Էքսոն Մոբիլի» ղեկավար երկար տարիների ընթացքում սերտորեն համագործակցել է Ռուսաստանի հետ, դարձել է Սենատում նրա թեկնածության ամենաերկար սակայն ժամանակավոր արգելափակման պատճառ: Ռեքս Թիլերսոնը անձամբ նախագահ Պուտինի կողմից պարգևատրվել է ռուսական Բարեկամության շքանշանով: ԱՄՆ պետքարտուղարը հայտնի է իր դիրքորոշմամբ, նա Ռուսաստանի դեմ պաշժամիջոցները չեղարկելու կողմնակից էր: Դա հասկանալի է. հենց հակառուսական պաժամիջոցների պաճառով 2014թ-ին «Էքսոն Մոբիլն» ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս կրեց: Չնայած դրան՝ Սենատում նրա թեկնածության դիտարկման ժամանակ Թիլերսոնը համաշխարհային դիվանագիտության ոլորտում բավականին տեղեկացված մարդու տպավորություն թողեց և Ռուսաստանի հանդեպ ավելի քննադատական տրամադրվածություն դրսևորեց, քան նրանից սպասում էին: Թիլերսոնը հայտարարեց, որ Ռուսատսանն իրավունք չունի Ղրիմը յուրացնել:
Մեջբերում. «Ես կխուսափեի օգտագործել այդ եզրույթը», - այսպես է նա պատասխանել սենատոր Մարկո Ռուբիոյի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է: Նրան են պատկանում հետևյալ խոսքերը. «Մենք ու Ռուսաստանը հավանաբար ընկերներ չենքա դառնա: Նրանք չեն ճանաչի մեր արժեքները»:
Ջեյմս Մեթիս, պաշտպանության նախարար, 66 տարեկան
Պաշտոնաթող գեներալ, 2011-2013թթ-ին ԱՄՆ միացյալ զինված ուժերի հրամանատար: Մասնակցել է Պարսից ծոցի, Աֆղանստանի, Իրաքի պատերազմներին:
Թրամփի՝ Պենտագոնի ղեկավարի թեկնածու Ջեյմս Մեթիսը «Խելագար շուն» մականունն ունի: Ռազմակական ոլորտի փորձագետները վստահեցնում են, որ այդ մականունը մեծագույն ճանաչման և հարգանքի նշան է իրենց շրջանակներում: Մեթիսը հայտնի է ժուժկալ կյանք վարելով. 66-ամյա գեներալը երբեք ամուսնացած չի եղել: Նրա մասին ասում են, թե նա ամուսնացած է իր ծառայության հետ: Ռազմական թոշակի է Մեթիսն անցել միայն 2013թ-ին, ինչը բյուրոկրատական քաշքշուկներ է ստեղծում նրան Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատելու գարծում. օրենքի համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական անձը, որը ռազմական ոլորտում չի աշխատել 7 տարուց ավել: Մեթիսի թեկնածության հաստատման համար Կոնգրեսը պետք է հատուկ թույլտվություն ստանա:
Մեջբերում. «Սաստիկ զվարճալի է որոշ մարդկանց վրա կրակելը» ("It's fun to shoot some people“):
Ջեֆ Սեշնս, գլխավոր դատախազ, 70 տարեկան
Սենատոր, Ալաբամա նահանգի նախկին գլխավոր դատախազ: Սենատում իր թեկնածության հաստատման ժամանակ նա մի դեպք հիշեց, որը տեղի էր ունեցել Ալաբամա նահանգի դատախազ աշխատելու ժամանակ: Սևամորթ տղամարդուն Լինչի դատաստանի ենթարկելու համար նա Կու-Կլուքս-Կլան խմբավորման անդամի համար մահապատիժ էր պահանջել: Այդ պատմությունը Սեշնսը որպես ապացույց է ներկայացրել այն բանի, որ, չնայած բազմաթիվ անուղղակի ապացույցներին, նա ռասիստ չէ: Նահանգի դատախազ աշխատելու 2 տարիների ընթացքում նա մահապատիժ է պահանջել 40 օրինախախտների համար, որոնց թվում (ըստ «Նյու Յորք թայմսի» տվյալների) հոգեկան շեղումներով անձինք են եղել:
Սեշնսը կիսում է էմիգրանտների ընդունման սահմանափակման վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը, սակայն բացահայտ արտահայտել է մուսուլմանների գրանցման հարցում նախագահի դիրքորոշումից տարբեր դիրքորոշում:
Մեջբերում. «Չեմ կիսում մուսուլմանների, ԱՄՆ-ում կրոնական խմբերի արգելքի վերաբերյալ առաջարկը և դա պարտադիր չեմ համարում»:
Ջոն Քելի, ազգային (ներքին) անվտանգության նախարար, 66 տարեկան
Գեներալ, ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար: Եթե նախագահ Թրամփն իրոք որոշի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել և սահմանափակել ներգաղթյալների մուտքը, այդ որոշումը պետք է իրականացնի հենց պաշտոնաթող գեներալ Ջոն Քելին:
Քելին բացահայտ քննադատում էր բանակում կանանց ծառայության հարցում նախագահ Օբամայի որոշումը: 2010թ-ին Քելիի 29-ամյա տղան զոհվել է Աֆղանստանում արկի պայթյունի հետևանքով: Ջոն Քելին ամենաբարձրաստիճան ամերիկացի զինվորականն է, որի որդին զոհվել է զինվորական ծառայության ժամանակ:
Մեջբերում. «Միայն ֆիզիկական խոչընդոտը ոչինչ չի փոխի: Պաշտպանությունը պետք է բազմաշերտ լինի» (ԱՄՆ և Մեքսիայի սահմանին պատ կառուցելու վերաբերյալ):
Մայք Պոմպեո, Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) պետ, 52 տարեկան
Կոնգրեսմեն Կանզասից՝ մեծ ռազմական փորձով: Վեսթ-Փոինթի ռազմական ակադեմիայի և Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Մայք Պոմպեոն Կոնգրեսում Կանզասն էր ներկայացնում 2011թ-ից: Զինվորական ծառայության ժամանակ մասնակցել է Պարսից ծոցի պատերազմում: Մայք Պոմպեոն հանդես էր գալիս Գուանտանամոյի բանտի փակման դեմ և կողմ էր արտահայտվում հարցաքննման կոշտ ձևերին, այդ թվում՝ waterboarding-ին՝ ջրով կտտանքներին: Չնայած որ նոր պաշտոնին իր թեկնածության առաջադրումից հետո հայտարարել է, որ փոխել է իր վերաբերմունքը կտտանքներին: Ի տարբերություն Թրամփի՝ Պոմպեոն պնդում է, որ լրջորեն է վերաբերվում ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին տեղեկատվությանը և անպայման կհետաքննի այդ գործը ԿՀՎ տնօրենի պաշտոնում:
Մեջբերում. «Բացարձակապես պարզ է, որ Ռուսատսանի կողմից փորձ է արվել ճնշում գործադրել ամերիկյան ժողովրդավարության վրա... Դա ագրեսիվ գործողություն էր, որն իրագործել են ռուսական կառավարության բարձրաստիճան աշխատակիցները»:
Բեթսի Դևոս, կրթության նախարար, 59 տարեկան
Բեթսի Դևոսը ղեկավարել է Wind Quiest ներդրումային ընկերությունը: Այն աշխատում է այլընտրանքային էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դևոսի ընտանիքը կապված է Amway-ի կոռուպցիայի հետ:
Բեթսի Դևոսը միլիարդատեր է: Նրա ունեցվածքը գնահատվում է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Նա Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ դեմքերից է: Նախկինում նա գլխավորել է Միչիգանում հանրապետականների գրասենյակը: Քննադատները պնդում են, որ Դևոսը բացարձակ գլուխ չի հանում կրթության ոլորտից: Նրա դեմ է գործում այն փաստը, որ ինքը Դևոսը կրթություն է ստացել բնակչության բացառապես ունևոր խավի համար նախատեսված մասնավոր ուսումնական հաստատությունում:
Դևոսի մայրը հիմնադրամ ուներ, որն աղմկոտ սկանդալի հետ էր կապված: Հիմնադրամին մեղադրում էին ԼԳԲՏ ամուսնությունների դեմ բողոքող և համասեռականներին «բուժել» պահանջող կազմակերպությունների ֆինանսավորման համար: Պաշտոնական փաստաթղթերում Բեթսին որպես հիմնադրամի փոխնախագահ է նշվում, չնայած այժմ պնդում է, որ դա սխալմունք է և ինքը ոչի մի կապ չի ունեցել այդ հիմնադրամի հետ: Դևոսը կրթական հաստատություններում զենք կրելու կողմնակից է:
Սթիվեն Մնուչին, ֆինանսների նախարար, 54 տարեկան
Goldman Sachs-ի ղեկավարներից մեկն է: Մնուչինը երբեք չի աշխատել պետական հատվածում: Goldman Sachs-ում 20-ամյա կարիերային զուգահեռ ակտիվորեն ֆինանսավորել է քաղաքական թեկնածուներին ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից: Այն ընկերությունները, որոնք նա ղեկավարել է, նկատվել են հարկային վճարումները թաքցնելու համար օֆշորային գոտիների օգտագործման մեջ: Թրամփի աշխատակազմում նրա գործառույթը ֆինանսական շուկաներում կառավարական վարկերի մենեջմենթն է: Մնուչինը նաև ներգրավվելու է հարկային օրենսգրքի խմբագրման, ինչպես նաև ԱՄՆ արտաքին թշնամիների հանդեպ ֆինանսական պատժամիջոցների հաստատման/չեղարկման աշխատանքում: Սենատում նրա թեկնածության քննարկման ժամանակ մինչև վերջին պահն անհրաժեշտ փաստաթղթերում բացակայում էր նրա ունեցվածքի մասին տեղեկատվությունը, որը 100 մլն դոլար է գնահատվում: Ինքը Մնուչինը դա բացատրել է տեխնիկական խնդրով:
Մեջբերում. «Գիտեի, որ այս պաշտոնում աշխատելուց զատ ստիպված եմ լինելու շատ այլ բաներով ևս զբաղվել, այդ թվում՝ ամեն ինչի վաճառքով: Սակայն պարզվում է, անհրաժեշտ էր մի քանի էջ լրացնել: Պարզվեց՝ «շշպռելու» աշխատանք է:
Ռայնս Պրիբուս, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, 44 տարեկան
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնին Ռայնս Պրիբուսը տեղափոխվում է Հանրապետական կուսակցության Ազգային հանձնաժողովի նախագահի աթոռից: Երիտասարդ կուսակցական աշխատակից է, ընդունակ հռետոր: Նա մոտ է Հանրապետական կուսակցության առաջնորդների հետ: Համարվում է ամենաազդեցիկ հանրապետականի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի թիմի անդամ: Պրիբուսի գլխավոր գործառույթը Թրամփի առավել կոշտ որոշումների չեզոքացումն է և դրանց փոխակերպումը Հանրապետական կուսակցության համար ընդունելի ակտերի:
Սթիվեն Բենոն, նախագահի գլխավոր խորհրդական, 66 տարեկան
Սթիվ Բենոնը Breitbart News սկանդալային ուլտրաաջ մեդիապարբերականի ղեկավարն է: Այդ պարբերականն, ինչպես և ինքը Բենոնը, հայտնի է իր ռասիստական, սեքսիստական, հակասեմիտական և ազգայնական արտահայտություններով ու հրապարակումներով: Ճիշտ է, պաշտոնի համաձայն, Բենոնն ընդամենը կարող է խորհուրդներ տալ նախագահին, սակայն ինքը Թրամփը հայտարարել է, որ Բենոնը չի սահմանափակվի միայն այդ պաշտոնով, նա նաև նույն իրավունքները կունենա, ինչ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Մեջբերում. «Ոչ ոք չի մեղադրի, եթե սեփական կնոջը սիրուց դրդված ծեծես»:
Ջարեդ Քուշներ, նախագահի ավագ խորհրդական, 36 տարեկան
Ամենահայտնի նյույորքյան ընտանիքներից մեկի ներկայացուցիչ, հայրական բազմամիլիոնանոց շինարարական բիզնեսի շարունակող և Իվանկա Թրամփի ամուսինը Թրամփի ավագ խորհրդականը կլինի: Քուշներն ակտիվորեն մասնակցել է Թրամփի նախընտրական արշավին և, ինչպես պնդում են նրան մոտ գտնվող անձինք, աներոջ վրա բավականին լուրջ ազդեցություն ունի: Նրա աշխատանքի տեղավորվելը Սպիտակ տանը կարելի է համեմատել լաբիրինթոսի հետ. այդքան բարդ էր բյուրոկրատական և իրավաբանական խոչընդոտներ հաղթահարելը:
Բացի այն, որ նա նախագահի փեսան է, երիտասարդ բիզնեսմենը տասնյակ ընկերություններում բաժնեմասեր ունի, որոնք մի քանի շաբաթների ընթացքում ստիպված է եղել վերաձևակերպել:
Քելիեն Քոնուեյ, խորհրդական, 50 տարեկան
Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի մենեջերը, նրա վստահությունը վայելող խոսնակն ու փորձառու քաղաքագետն այսօր արդեն «Սպիտակ տան դեմքն է». այդպես է նրա պաշտոնը բնութագրում ԱՄՆ նոր նախագահը:
Ամերիկյան հեռուստաալիքներում հենց նա է Թրամփի թիմից առավել հաճախ հյուրընկալվում: Թրամփի աշխատակազմում նրա դերն ավելի լավ հասկանալու համար նշենք, որ Քելիենին հաճախ շեկ Օլիվիա Փոուփ են անվանում հայտնի «Սկանդալ» սերիալից: Քոնուեյը կապի ռազմավարություն է մշակում, լրատվամիջոցների հետ հարաբերություններ է ձևավորում, ագրեսիվ և սադրիչ ձևով պաշտպանում է Թրամփին բոլոր քննարկումներում: Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ Քոնուեյի «այլընտրանքային փաստեր» արտահայտությունը Թրամփի նախագահության առաջին շրջանի լեյտմոտիվ դարձավ:
Մեջբերում (լրագրողին). «Այդքան դրամատիկ մի՛ եղիր, Չակ: Դու ասում ես, որ նրանք իրավացի չեն, ստում են: Սակայն նրանց մեր մամուլի քարտուղար Շոն Սփայսերն ընդամենը այլընտրանքային փաստեր է ներկայացրել»: