Ո՞ւմ անունը չի կարելի տալ
Հայաստանում ցավալի տարելից է. 16 տարի է անցել Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից, որը գլխատեց այն ժամանակների իշխանությունը՝ սպանվեցին վարչապետը, խորհրդարանի նախագահը, 2 փոխխոսնակները, 3 պատգամավոր ու օպերատիվ հարցերով նախարարը:
Չնայած բոլոր հետաքննություններին, Հայաստանում մինչ օրս ոչ ոք չի կարող ասել քաղաքացիներին, թե ով է այդ սպանությունների հետևում կանգնած: Խորհրդարանի ներկայիս խոսնակ Գալուստ Սահակյանն ասաց, որ հավատում է՝ հանցագործությունը մի օր անպայման բացահայտվելու է, պարզապես իրավական հիմքեր են պետք… Սակայն այս հայտարարությունը կարելի է ընկալել որպես դիվանագիտական հնարք. չէ՞ որ խորհրդարանի նախագահը չէր կարող ասել, որ իրականում այս խնդիրը ոչ թե իրավական է, այլ քաղաքական, և որ հետաքննությունը չէր կարող այդպես էլ չնշմարել, թե ինչ ուժեր են հրահրել ահաբեկչությունը. պարզապես այդ մասին բարձրաձայն չեն խոսում:
Դատապարտված են հանցագործության միայն անմիջական կատարողները՝ 7 հոգի: Նրանցից 5-ը ներխուժել են խորհրդարանի նիստերի դահլիճ ու կրակ բացել: Բոլոր 7 հոգին մեղադրանք է առաջադրվել՝ հայրենիքի դավաճանություն և ահաբեկչություն հոդվածներով: Վեցին դատապարտել են ցմահ, մեկին՝ 14 տարվա ազատազրկման:
Մեղադրյալներից 3-ը տարբեր ժամանակ բանտում մահացել են. մեկը ինքնասպան է եղել սեփական բանտախցում, եկրորդը՝ հոսանքահարվել է բանտախցում, երրորդը պարզապես «հանկարծամահ է եղել»: Այս գործով մեղադրվում էր նաև խորհրդարանի մի պատգամավոր, որին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և ձերբակալեցին, սակայն, քանի որ նրա մեղքն ապացուցել չհաջողվեց, ազատ արձակեցին: Եվ շուտով նա նույնպես մահացավ ավտովթարի հետևանքով:
Ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանը պնդում էր, որ բանդայի հետևում ոչ ոք կանգնած չէ, և որ նրանց գլխավոր թիրախը Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանն էր, որը, նրանց կարծիքով, գլխավոր չարիքն էր: Նրան ոչնչացնելով՝ ահաբեկիչներն իբր Հայաստանի ժողովրդին ապահովում էին լավ ապագա ունենալու հնարավորություն:
Սակայն Հայաստանում շատ քչերն են հավատում, որ այդ ահաբեկչությունը ծրագրվել ու իրագործվել է մոլեռանդ խմբի կողմից: Տարբեր վարկածներ են հնչում, բայց շատերը հակված է այն մտքին, որ հանցագործությունը պատվիրվել է արտասահմանից, ոմանց կարծիքով՝ Ռուսաստանի մատն է խառը, ոմանք էլ ԱՄՆ-ի հետքն են տեսնում:
Սպանված Վազգեն Սարգսյանի ընկեր, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը այս օրերին կրկին հիշեցրեց իր վարկածը, որն առաջադրել էր դեռևս 2000թ.:
«Ես փաստեր ունեմ, որ ոճրագործությունից երեք օր առաջ մի պետության ներկայացուցիչ Հայաստանի պետական մի պաշտոնյայի տեղեկացրել է սպասվող հանցագործության մասին: Ես խնդրել եմ, որ մի վստահելի խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի, որը մինչև այժմ ստեղծված չէ»: Մանուչարյանը կարծում է, որ համապատասխան ատյանները, միգուցե նաև արտաքին այն ատյանները, որոնք շահագրգռված չէին, որ այդ հանցագործությունը բացահայտվի, թույլ չեն տվել ստեղծել այն մեխանիզմը, որով կարելի է բացահայտել այս գործը. «Եթե այսօր էլ այդ երկրին, որը շատ բան գիտի, հարցնեն, երևի թե նա կասի` ով էր կանգնած այդ ամենի հետևում և ինչու էր նախապես տեղեկացնում այդ մասին»: