Ո՞վ է Ֆեթուլլահ Գյուլենը
Ո՞վ է Ֆեթուլլահ Գյուլենն, ում մեղադրում են Թուրքիայում հեղաշրջում անելու համար:
Հուլիսի 16-ին Էրդողանը հայտարարեց, որ ռազմական հեղաշրջման փորձը ղեկավարել է Ֆեթուլլահ Գյուլենը:
«Թուրքիան այն երկիրը չէ, որը տուրք կտա էժանագին ընդվզմանը, և այն պետությունը չէ, որը կարելի է ղեկավարել Փենսիլվանիայից», — հայտարարել է պետական հեռուստատեսությամբ FaceTime հավելվածի միջոցով ելույթ ունեցող Էրդողանը:
Փենսիլվանիայում ապրում է Ֆեթուլլահ Գյուլենը՝ Էրդողանի երդվյալ թշնամին և Թուրքիայում ազդեցությամբ երկրորդ դեմքը (Էրդողանից հետո):
Ո՞վ է Գյուլենը
Նա ծնվել է 1941թ-ին քրդական ընտանիքում Էրզրումից ոչ այնքան հեռու:
. Գյուլենը գրող և նախկին իմամ է, ով սկսել է քարոզել 12 տարեկան հասակում: 1982թ-ին բացվել է նրա առաջին իսլամական դպրոցը: Ներկայումս բնակվում է Փենսիլվանիայում՝ ԱՄՆ:
. Գյուլենը հիմնել է դպրոցների և համալսարանների ցանց ողջ աշխարում (դրանց թիվը 1000 անցնում է, առկա են 160 երկրներում):
. 2008թ-ին միջազգային Prospect և Foreign Policy ամսագրերը նրան ճանաչել են որպես ամենաազդեցիկ ինտելեկտուալ: Time ամսագիրը նրան ներառել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ անձանց» ցուցակում:
. Գյուլենն ու Էրդողանը միշտ ընկերներ և քաղաքական համախոհներ են եղել: 1999թ-ին նրանց հարաբերությունները վատացան: Գյուլենը մեկնեց ԱՄՆ բուժման և չվերադարձավ Թուրքիա:
. Դրանից հետո Էրդողանը հետապնդումներ սկսեց Գյուլենի և նրա կողմնակիցների նկատմամբ:
. Գյուլենը ղեկավարում է «Հիզմեթ» շարժումը, որը միլիոնավոր համակիրներ ունի ոչ միայն Թուրքիայում: Դրա գաղափարակիցները առկա են թուրքական իրավապահ մարմիններում, բանակում և այլ պետական գերատեսչություններում: Իր ելույթներից մեկում Էրդողանն այն անվանել է «պետություն պետության ներսում»:
. 2000թ-ին Գյուլենի դեմ քրեական գործ հարուցվեց, սակայն հետագայում այն կարճվեց ապացույցների բացակայության պատճառով:
. Վերջին երկու տարիներին Էրդողանի և Գյուլենի դիմակայությունն առանձնակի սրվեց: Էրդողանը պարբերաբար կրկնում էր, որ Գյուլենն ու նրա «Հիզմեթ» կազմակերպությունը հեղաշրջում են ծրագրում և ցանկանում են զավթել իշխանությունը:
Գյուլենը մեղադրվում էր այն բանի համար, որ 2013թ-ին սկանդալ էր հրահրել Էրդողանի կառավարման կոռուպցիոն գործողությունների մասին:
. 2014թ-ին դատարանը Գյուլենին ձերբակալելու թույլտվություն էր տվել: Թուրքական կողմն Ինտերպոլից պահանջում էր փնտրել Գյուլենին «կարմիր շրջաբերականով», սակայն Ինտերպոլն անտեսեց այդ պահանջը:
. 2016թ-ի մարտին Էրդողանը Գյուլենին մեղադրեց Թուրքիայի քրդաբնակ հարավ-արևելյան տարածաշրջանում անկարգություններ կազմակերպելու համար:
. 2016թ-ի ապրիլին Թուրքիայի ոստիկանությունը 90 մարդ ձերբակալեց, որոնք կասկածվում էին Գյուլենի հետ կապի մեջ լինելու համար: Մայիսին Իզմիրում նույն մեղադրանքով ձերբակալվեց ևս 29 մարդ:
. Երկու դեպքում էլ հնչեց Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Գյուլենը փորձել է «զուգահեռ պետություն» կառուցել:
. Դժվար է դատել՝ արդյոք Գյուլենը ձգտում է ղեկավարել պետությունը: Նա բացահայտ երբեք չի խոսել այն մասին, որ պատրաստ է իշխանության գալ: Ընդհակառակը, միշտ հերքել է նման ենթադրությունները:
. Թուրք փորձագետների մի մասը Գյուլենին քավության նոխազ է համարում և նրա հետ է կապում շատ խնդիրներ:
. Գյուլենը մի քանի քրոնիկական հիվանդություններ ունի և այլ առողջական խնդիրներ: Նա հազվադեպ է հանրության մեջ հայտնվում և գրեթե չի շփվում լրագրողների հետ:
. Գյուլենը դեմ է արտահայտվում կրոնական էքստրեմիզմին և Իսլամի քաղաքականացմանը: Նա ավանդական թուրքական իսլամ է քարոզում և դիտարկում է այն որպես կարեկցանքի և սոցիալական աջակցության կրոն:
. Նա այլ դավանաքների և այլ տեսակետ ունեցող մարդկանց հետ երկխոսության կողմնակից է:
. Նա ակտիվորեն ներառված է Թուրքիայի ապագայի, ժամանակակից աշխարհի և դրանում իսլամի դերի մասին քննարկումներում: Որպես ելք Գյուլենը համարում է կրթություն ստանալն ու անձնական աճը:
. Գյուլենը կարծում է, որ քիմիայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսումնասիրումը «աստվածահաճո գործ է»:
. Գյուլենի դպրոցները Թուրքիայում համարվում են լավագույնը: Դրանցում սովորաբար թանկարժեք սարքավորումներ կան, երկու սեռի աշակերտներին էլ հավասար մոտեցում է ցուցաբերվում, անգլերենը դասավանդվում է առաջին դասարանից:
. Գյուլենը կարծում է, որ «իսլամ» և «ժողովրդավարություն» հասկացությունները չեն հակասում միմյանց:
. Գյուլենը կանանց և տղամարդկանց միջև հավասարության կողմնակից է, սակայն կարծում է, որ «արևմտյան ֆեմինիզմը, որը լեցուն է տղամարդկանց հանդեպ ատելությամբ, անհաջողության է դատապարտված այնպես, ինչպես բոլոր արմատական հոսանքները»: