Ո՞վ է տապալում Արցախի շուրջ պայմանավորվածությունները․ Հայաստանում և Ադրբեջանում կարծիքները չեն համընկնում
Մարտի 4-ին կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթնաժողովը։ Այդ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»։ Այս հայտարարությունը զայրույթ է առաջացրել Հայաստանում։
Ի՞նչ է Տնտեսական համագործակցության կազմակերպությունը
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) միջպետական տնտեսական կազմակերպություն է, որը կազմավորվել է 1985 թ-ին։ Հիմնադիր երկրներն են Իրանը, Պակիստանն ու Թուրքիան։
1992 թ-ին ՏՀԿ-ին են միացել Ղազախստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը։
ՏՀԿ-ն դիտորդի կարգավիճակ ունի Միացյալ ազգերի կազմակերպությունում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում։
Ի՞նչ է ասել Ալիևը
Գագաթնաժողովին ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահն ասել է․
«2020 թ-ին Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով վերջ է դրել Հայաստանի կողմից մեր հողերի գրեթե 30-ամյա օկուպացիային։ Հայաստանի նկատմամբ մարտի դաշտում տարած հաղթանակը վերջնականապես ապահովվել է քաղաքական եղանակով։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ-ի բանաձևերը, որոնք պահանջում էին անհապաղ և անվերապահորեն դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի տարածքներից, թղթի վրա էին մնում 27 տարի շարունակ։ Ադրբեջանն ինքն է ապահովել այդ բանաձևերի կատարումն ու վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Օկուպանտները վտարվել են Ղարաբաղից, որը հնագույն ադրբեջանական հող է։ 44 օրվա ընթացքում հայկական բանակն ամբողջությամբ ջախջախվել է։ 2020 թ-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը Հայաստանին ստիպել է կապիտուլյացիայի ակտ ստորագրել»։
Այնուհետև Իլհամ Ալիևն անդրադարձել է ճանապարհին, որը կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը դրա էքսկլավ Նախիջևանի հետ։
«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար մենք սկսել ենք քննարկել տրանսպորտային նախագծեր, որոնք միացնում են շատ երկրներ։ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը միասնական դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման վերաբերյալ։ Հայաստանը, եթե իրեն նորմալ պահի, նույնպես կարող է օգուտ քաղել այս գործընթացից։
Այս համատեքստում ուզում եմ նշել, որ տրանսպորտային նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական Զանգեզուրի տարածքով և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է մեր երկրի անբաժանելի մաս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, տրանսպորտային նոր հնարավորություններ է բացելու։ Մենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք օգտվել Զանգեզուրի միջանցքից», — նշել է նա։
«Իլհամ Ալիևը տապալում է Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները»․ Հայաստանի ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը այն մասին, որ Զանգեզուրը՝ Հայաստանի Սյունիքի մարզը, «Ադրբեջանի պատմական տարածք» է։ Ալիևը հայտարարել է, որ նոր տրանսպորտային միջանցքը «միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»։
«Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:
Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը»։
Խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները։ Առաջին փաստաթղթով հրադադար է հաստատվել Արցախում։ Երկրորդը վերաբերում է հրադադարի մասին հայտարարության կետերի կատարմանը։
Նման հռետորաբանությունն, ըստ մամուլի քարտուղարի, հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը։
Նաղդալյանը մեկնաբանել է նաև Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է Ղարաբաղյան խնդիրն ու կյանքի կոչել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այդ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով, կարծում է մամուլի քարտուղարը․
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»։
Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին, ինչպես նշել է Աննա Նաղդալյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն առ այն, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:
«Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են», — հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է փակել «Լաչինի միջանցքը»
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան turkustan.info պարբերականին տված իր հարցազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին․
«Շարունակվում են հանդիպումները՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանների համաձայն։ Պետք է կատարվեն այդ փաստաթղթի բոլոր կետերը։ Պետք է ճանապարհ բացվի Զանգեզուրի տարածքով։ Եթե այն չբացվի, Ադրբեջանը պետք է հայտարարի, որ փակելու է «Լաչինի միջանցքը»։
Այդպիսով մենք կհասկացնենք ռուս խաղաղապահներին, որ կատարվում է հայտարարության մի կետը, իսկ մյուսը չի կատարվում։ Ադրբեջանը պետք է ցուցադրի իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում»։