Ռուս խաղաղապահներ, հայկական բնակչություն և ադրբեջանական բանակ․ ո՞ւմն է Բերձորը
Անհայտ է Բերձոր քաղաքի՝ ղարաբաղյան գոտու առանցքային կետի հետ կապված իրավիճակը, քանի որ դրանով է անցնում Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։
Ըստ Արցախում հրադադարի մասին եռակողմ համաձայանգրի (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան), ինչպես նաև վերջին նորությունների՝ Բերձորում պետք է լինեն միայն ռուս խաղաղապահներ և հայկական բնակչություն։
Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 3-ին քաղաքում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Իսկ նախագահ Իլհամ Ալիևը դրանից երկու օր առաջ ասել է, որ Բերձորն Ադրբեջանին է վերադարձվելու։
Եվ ուրեմն ո՞վ է այժմ վերահսկում Բերձորը
Արցախյան երկրորդ պատերազմը սկսվել է 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին և դադարեցվել է 45 օր անց՝ նոյեմբերի 10-ին, այն բանից հետո, երբ Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը հրադադարի համաձայնագիր են ստորագրել։ Դրա համաձայն՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել Լեռնային Ղարաբաղին հարող երեք շրջան։ Տարածաշրջանում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։
Ի՞նչ է արձանագրել նոյեմբերի 10-ին Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագիրը, և ի՞նչը դեռ պարզ չէ
Համատեքստ․ ի՞նչ է «Լաչինի միջանցքը»
Քաշաթաղի շրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել դեկտեմբերի 1-ին և երեք շրջաններից մեկն էր, որոնք պետք է ադրբեջանական կողմին փոխանցվեին եռակողմ համաձայնագրի պայմաններով։
Այս շրջանը մյուս երկուսից տարբերվում էր նրանով, որ դրանով էր անցնում Արցախի մայրաքաղաքը Հայաստանի տարածքին կապող միակ ճանապարհը։
Հենց դա է այսպես կոչված «Լաչինի միջանցքի» ստեղծման պատճառը։
Ըստ եռակողմ համաձայնագրի՝ «Լաչինի միջանցքը» 5 կմ լայնությամբ տարածք է, այնտեղ չպետք է մուտք գործեն ադրբեջանցի զինվորականներ, այն պետք է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ լինի։
«Միջանցքի» մեջ ներառված է ոչ միայն ճանապարհն, այլ նաև Բերձոր շրջկենտրոնն ու մի քանի գյուղ, որով այն անցնում է։
Ըստ համաձայնագրի՝ այս պայմանները պետք է գործեն երեք տարի, այդ ընթացքում պետք է նոր ճանապարհ կառուցվի Ստեփանակերտից դեպի Հայաստան՝ շրջանցելով Շուշի քաղաքը։
Պատճառն այն է, որ Շուշին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է գտնվում, իսկ «Լաչինի միջացնքն» անցնում է քաղաքի կողքով։
Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ողջ մայրուղու երկայնքով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դիտակետեր են տեղակայվել։
Այդ ճանապարհով Արցախի հայկական բնակչությունը, որը լքել է այդ տարածքն արցախյան երկրորդ պատերազմի օրերին, վերադառնում է իրենց տներ, հիմնականում՝ Ստեփանակերտ։
Հայկական բնակչությունն անվտանգության երաշխիքներ է ստացել և չի լքել Բերձորը
Դեկտեմբերի 1-ից՝ ադրբեջանական բանակի մուտքից մի քանի օր առաջ հայկական բնակչությունը սկսել էր դուրս գալ Քաշաթաղի շրջանի գյուղերի մեծ մասից։
Բերձոր քաղաքի և «Լաչինի միջանցքում» տեղակայված գյուղերի ճակատագիրն անհայտ էր մինչև նոյեմբերի 27-ը։ Այդ օրը հայտարարվեց, որ այդ բնակավայրերի բնակիչները կարող են մնալ ռուս խաղաղապահների կողմից անվտանգության երաշխիքով։
Հայտնի է, որ, համենայնդեպս, դեկտեմբերի մեկի դրությամբ հայկական բնակչությունը չի լքել Բերձորը։
Սակայն ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 30-ին ռուս խաղաղապահները հանել են հայկական դրոշը քաղաքապետարանի շենքի վրայից։
Ադրբեջանական բանակն, այնուամենայնիվ, մտնո՞ւմ է Բերձոր։ Տեսանյութ
Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «Ադրբեջանական բանակը մտնում է Լաչին քաղաք» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել։
Ու այս տեսանյութի ոչ մի պարզաբանում չի տրամադրվել՝ չնայած նրան, որ դա հակասում է «Լաչինի միջանցքի» մասին համաձայնագրի կետերին։
Սակայն, դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլ մեկնաբանություն էր ներկայացրել այն բանի մասին, թե ով է վերահսկելու Բերձորը։
Ադրբեջանի նախագահը՝ Բերձորի մասին
«Այժմ բոլորին լավ հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով, այն այդ միջանցքի մեջտեղում է։ Ես Ռուսաստանի նախագահի հետ զրույցների ընթացքում ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի։
Այդ պատճառով էլ առաջարկում ենք երթուղի մշակել և նոր միջանցք կառուցել, որը կկապի Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը։
Նշվել է [նոր ճանապարհի շինարարության] ժամկետ՝ երեք տարի։ Սակայն ես կարծում եմ, որ կարող ենք դա ավելի շուտ էլ անել։
Նոր միջանցքի չափանիշների հստակեցումից հետո Լաչին քաղաքը նույնպես մեզ կվերադարձվի», — ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 1-ի իր ուղերձում։
Եռակողմ համաձայնագրի վերանայո՞ւմ
Եռակողմ համաձայնագրում խոսվում է «Լաչինի միջանցքի» շրջանակում նոր ճանապարհի շինարարության մասին, սակայն ոչինչ չի խոսվում Բերձոր քաղաքի մասին։
Այդ պատճառով էլ որոշ փորձագետներ այս հարցով Ալիևի խոսքերը գնահատել են որպես «հայտարարության պայմանների վերանայում»։