Ո՞վ է Ջեք Շեֆերդը՝ ինտերպոլից Վրաստանում թաքնվողը
Նոր անունը Վրաստանի տեղեկատվական դաշտում է հայտնվել մի քանի օր առաջ։ Խոսքը Ջեք Շեֆերդի մասին է՝ բրիտանացու, որը Վրաստան է եկել անցյալ տարվա մարտին։ Նրան բազմաթիվ զբոսաշրջիկներից մեկը կհամարեին, եթե չլիներ մի հանգամանք․ նրան փնտրում է ինտերպոլը։ Հայրենիքում Շեֆերդը մեղադրվում է սպանության համար։ Նա արդարադատությունից թաքնվում էր Վրաստանում։
JAMnews-ը հակիրճ ներկայացնում է նրա պատմությունը։ Թե ով է նա և ինչու է Վրաստանում հայտնվել։
Ո՞վ է Ջեք Շեֆերդը
Հունվարի 23-ին Վրաստանի իրավապահ մարմիններին է հանձնվել ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Ջեք Շեֆերդը (Jack Shepherd), որը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Հայրենիքում Շեֆերդը մեղավոր է ճանաչվել ոչ դիտավորյալ սպանության համար և դատապարտվել 6 տարվա ազատազրկման։ Նրան կես տարի փնտրում էր բրիտանական ոստիկանությունը։
Պարզվել է, որ 2018թ-ի մարտից Շեֆերդն ապրել է Վրաստանում, բնակարան վարձակալել Թբիլիսիի կենտրոնում, ազատ տեղաշարժվել, բավականին շատ ճամփորդել ողջ Վրաստանով, շատ ժամանակ անցկացրել սրճարաններում, հանդիպել վրացուհու հետ, և այդ ողջ ընթացքում ոչ մի անգամ չի գրավել տեղի ոստիկանության ուշադրությունը։
Իրավապահ մարմիններին հանձնվելուց առաջ Ջեք Շեֆերդը հարցազրույց է տվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, և հեռուստաըննկերության միացրած տեսախցիկների առջև էլ՝ հանձնվել վրացական ոստիկանությանը։
Ճակատագրական երեկո
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջեք Շեֆերդը 31 տարեկան է։ Մասնագիտությամբ վեբ-դևելոփեր է։ Անցյալ տարի բրիտանական արդարադատությունը նրան մեղավոր է ճանաչել 24-ամյա Շարլոթա Բրաունի ոչ դիտավորյալ սպանության համար։
Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել 2015թ-ի դեկտեմբերի 8-ին։
Ջեք Շեֆերդը Շարլոթա Բրաունի հետ ծանոթացել էր համացանցում։ Նրան աղջիկը դուր էր եկել, և նա Շարլոթային հրավիրել էր սեփական մոտորանավակով Թեմզա գետով զբոսանքի։ Դա նրանց առաջին և վերջին հանդիպումն էր։
Ջրային զբոսանքի գնալուց առաջ երիտասարդ զույգը երկու շիշ գինի էր խմել։ Չնայած նրան, որ Շեֆերդի մոտորանավակն այնքան էլ սարքին չէր, նա, այնուամենայնիվ, աղջկան էր վստահել դրա կառավարումը։
Մոտորանավակը ողջ ուժով հարվածել էր սուզագերանին և շրջվել։ Երիտասարդներն ընկել էին ջուրը։ Շարլոթա Բրաունին չէր հաջողղվել փրկել։
Շեֆերդին մեղադրել էին անտարբերության և ոչ դիտավորյալ սպանության համար ու ազատ էին արձակել։ Սակայն նշանակված ժամին Շեֆերդը դատարան չէր եկել, և, ինչպես պարզվել էր, անհետացել էր դատական նիստից երեք օր առաջ։
Դատարանը Շեֆերդին մեղավոր էր ճանաչել անսթափ վիճակում տրանսպորտային միջոց կառավարելու համար և դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ հետախուզում հայտարարելով ինտերպոլի գծով։
«Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում Շեֆերդը հայտարարել է, որ դատարանի վրա ճնշում է գործադրել մահացած Շարլոթա Բրաունի հայրը, և սկզբնական մեղադրանքը վերաորակավորվել է։
Ըստ Շեֆերդի՝ մահացած աղջկա հայրը հայտնի պաշտոնյա է քրեակատարողական համակարգում։ Նրա ազդեցության աստիճանի մասին է խոսում այն փաստը, որ նա անձամբ է հանդիպել Թագավորության ներքին գործերի նախարարի հետ և նրան իրազեկել կատարվածի մասին, ինչպես նաև մեծ իրարանցում առաջացրել բրիտանական մամուլում․ ողբերգությունը լրատվամիջոցները լուսաբանել են անհամեմատ մեծ ակտիվությամբ և հետաքրքրությամբ, ասում է Շեֆերդը։
«Ես զգում էի, որ նրա հսկայական ազդեցության պատճառով բանտն ինձ համար անվտանգ չի լինի, այդ պատճառով էլ որոշեցի փախչել Մեծ Բրիտանիայից», — ընդգծել է Շեֆերդը «Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում։
Ինչպե՞ս է Շեֆերդը Վրաստանում հայտնվել
Վրաստանում թաքնվելու որոշումը Շեֆերդը բացատրում է ազատականացված վիզային ռեժիմով և նրանով, որ ինքը վաղուց էր ուզում այստեղ լինել։
Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված էր արդարանալ նրա համար, որ լրագրողները հանգամանքների բերումով հանդիպել են ինտերպոլի կողմից հետախուզվող Շեֆերդի հետ իրավապահ մարմիններից առաջ։
Ներքին գործերի նախարարությունն այսօր ասում է, որ Շեֆերդը հատել է Վրաստանի սահմանը 2018թ-ի մարտին, երբ դեռ միջազգային հետախուզման մեջ չի եղել, այդ պատճառով էլ նրան ձերբակալելու ոչ մի հիմք չի եղել։
Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն քննել է Շեֆերդի գործն ու արտահանձնումից առաջ նրան եռամսյա կալանքի դատապարտել։ Նիստի ընթացքում պարզվել է, որ Շեֆերդը մեղադրվում է նաև մեկ այլ գործով՝ մարդու գլխին շշով հարվածելու համար։
Նիստի ընթացքում դատախազը հաղորդել է, որ Ջեք Շեֆերդը ընկճախտի և սուիցիդալ հակումներ ունի։ Դրա հետ համաձայնել է Շեֆերդի վրացի փաստաբան Մարիամ Կուբլաշվիլին, որն իր պաշտպանյալի հոգեբանական վիճակն ուսումնասիրելու համար միիջազգային փորձագետների մասնակցություն է պահանջել։
Շեֆերդի գործն՝ արտասահմանյան լրատվամիջոցներում
Տեղեկություններն այն մասին, որ Շեֆերդը հանձնվել է Վրաստանի իրավապահ մարմիններին, արագ հայտնվել է արտաահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում։ Մեծ իրարանցում է առաջացել բրիտանական մամուլում, շատ լրատվամիջոցներ Վրաստան են ուղարկել իրենց թղթակիցներին։
Բրիտանական մամուլը Շեֆերդին «մարդասպան» և «հանցագործ» է անվանում։ Գործի մանրամասներից բացի բրիտանացի լրագրողներն առանձին հրապարակումներ են նվիրել Շեֆերդի վրացի փաստաբանին, ինչպես նաև նրա վրացի ընկերուհուն։
Պարբերականներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Շեֆերդին երիտասարդ կին է պաշտպանում, որը նախկին մոդել է և «Պարում են աստղերը» մրցույթի հաղթողը։ Նրանցից ոմանք հրապարակել են նաև Մարիամ Կուբլաշվիլիի լուսանկարները։