Ո՞վ է հիշեցնելու ողջ-ողջ այրվածների մասին
“6 ամիս է անցել իմ ցմահ բանտարկությունից. այս ընթացքում աշխարհում այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, կարծես՝ Ալլահն ավելի հաճախ է սկսել բոլորին ասել՝ սթափվե՛ք, ես ամեն ինչ տեսնում եմ: Բայց շատերը դեռ քնած են: Մինչ այս պահը ես ոչ ոքի հետ չեմ կիսվել կատարվածի մասին մտքերով, բայց ես պարզապես ամաչում եմ այն քաղաքացիների փոխարեն, ովքեր ուրախանում էին Ֆրանսիայում ու Ռուսաստանում կատարվող դեպքերով: Մի բան հաստատ իմացեք. եթե երբևէ հանկարծ կորցնեք ձեր երեխային, դուք կարտասվեք օդանավակայանում պատուհանից նայող երեխայի նկարի պատճառով, եթե նույնիսկ նա հայ է: Մարդկայնությունն ազգություն չունի: Այս 6 ամիսների ընթացքում մեր երկիրն էլ շատ բան ապրեց: Ամեն ինչ վաղ թե ուշ իր տեղն է ընկնում: Չնայած մենք ոչինչ չգիտենք իմ Այխանի մահվան համար մեղադրվողների մասին, հրդեհի պատճառների ու մեղավորների մասին, ես հավատում եմ, որ աստծո անեծքը նրանց գտնելու է: Այն ամենն, ինչ ես զգում եմ, նրանք ամբողջությամբ կվերապրեն: Ես անպայման տեսնելու եմ այդ օրը: Նրանք պատասխան են տալու վախի ու անելանելիության ամեն վայրկյանի համար, որն ապրել է իմ Այխանը:
Բաքվում 2015 թ. մայիսին 19-ին Ազադլիգ պողոտայի 16-հարկանի շենքում տեղի ունեցած սարսափելի հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 63-ը: Հրդեհի պատճառը պոլիուրեթանային սալիկն է եղել, որով երեսպատված էր շենքը: Կրակը տարածվել է վայրկենական: ԱԻՆ աշխատակիցները կարողացել են հանգեցնել հրդեհը 4 ժամվա ընթացքում:
Օգնություն տուժածներին
Սոցկայքերի օգտատերերն անմիջապես սկսեցին ուտելիք ու հագուստ հավաքել տուժածների համար, նախաձեռնությանը միացավ Կարմիր խաչը, որը սկսեց կարգավորել մթերքի ու հագուստի տնօրինման հարցը:
Այնուհետև հայտարարվեց, որ պետությունը տուժածներին բնակարանով կապահովի, կտրամադրի անվճար բժշկական օգնություն, ինչպես նաև կփոխհատուցի նյութական վնասը, ինչը և արվեց: Այս պահի դրությամբ տուժածների մեծ մասը վերադարձել է իրենց բնակարաններ:
Հետևանքները
Մայրաքաղաքի բնակիչները բոլորը սգում էին մահացածների կորուստը և պահանջում պատժել մեղավորներին: Մարդիկ ծաղիկներ էին բերում այրված շենքի մոտ՝ ի հիշատակ զոհերի:
Իսկ քաղաքում ևս 800 շենք կա, որոնք երեսպատված են նույն վտանգավոր պոլիուրեթանով: Հրդեհից հետո այդ շենքերի բնակիչները, չսպասելով իշխանությունների նախաձեռնությանը, ինքնուրույն սկսեցին պոկել սալիկները պատերից: Մայրաքաղաքի իշխանություններն իրենք էլ նման որոշման հանգեցին. ողջ քաղաքում արտահերթ կարգով պոլիուրեթանային սալիկն ապամոնտաժվում էր: Բոլոր այն շենքերի մոտ, որտեղ ապամոնտաժումը դեռ չէր սկսվել, հերթապահում էին հրշեջ մեքենաները:
Հետաքննությունը
Պատկան մարմինները քրեական գործ են հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 3 հոդվածով: Ձերբակալվել են շենքերի երեսպատման համար պատասխանատու պաշտոնյաներ: Դրանից հետո հետաքննության ընթացքի կամ արդյունքների մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել:
Այսօր
Նոյեմբերի 15-ին ուղիղ կես տարի է, ինչ հրդեհը 15 կյանք է խլել: ԶԼՄ-ները լռում են: Որոշ ֆեյսբուքցիներ այս օրը նշել են սգո նկարներով ու գրառումներով:
«Այսօր լրանում է Բաքվում մայիսին տեղի ունեցած հրդեհի կես տարին: Այդ հրդեհում մեր քաղաքացիների թանկարժեք կյանքերից զատ այրվել է նաև կառավարության կողմից ժողովրդի հանդեպ որևէ արդարություն դրսևորելու քաղաքացիների հույսը: Ես ապշած եմ ոչ այնքան ցինիզմի, եսասիրության անմարդկայնության, ագահության, որքան անվախության վրա: Ես հասկանում եմ, որ նրանք չեն խուսափում մեզնից՝ մանկամիտ, անվճռական ու ինչ-որ ծանծաղ ցանցերից մերթընդմերթ խոսող մարդկանցից: Բայց մայրական անեծքների ու ցավի էներգիայից չվախենալը անվախության գագաթնակետն է: Կամ անխոհեմության»: