Ո՞վ է դատելու
Այն մասին, որ Հարավային Օսիայում պետք է Սահմանադրական դատարան լինի, առաջին անգամ խոսք գնաց 15 տարի առաջ, երբ 2001թ-ին ընդունվեց Հարավային Օսիայի Սահմանադրությունը, որի ութերորդ հոդվածում գրված է. «Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության մասին»:
Սակայն այդ կառույցի իրական ստեղծմանը գործը հասավ միայն հիմա: Վերջերս Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը «Հարավային Օսիայի Հանրապետությունում Սահմանադրական դատարանի գործունեության մեկնարկն ապահովելու միջոցների մասին» հրամանագիր է ստորգրել:
Այդ քայլն արժանացավ նախագահի և՛ քաղաքական հակառակորդների, և՛ համախոհների հավանությանը: Մասնավորապես, առաջին խմբին պատկանող, խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարեց, որ հանրապետությունում ստեղծվել է «ամենագլխավոր դատարանը, որն անրհրաժեշտ է քաղաքական տեսանկյունից»: Իսկ երկրորդ խմբին պատկանող «Նիխաս» կուսակցության պատգամավոր Զիտա Բեսաևան հայտարարեց, որ «Լեոնիդ Թիբիլովն իր նախընտրական արշավի ընթացքում խոստացել է, որ Սահմանադրական դատարանն աշխատելու է, և պահեց իր խոստումը»:
Երբ կսկսի աշխատել Սահմանադրական դատարանն ու որտեղ է այն տեղակայվելու, դեռևս պարզ չէ: Այնպես, ինչպես պարզ չեն այդ կառույցի իրական գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր: Իսկ դրանք շատ են՝ Սահմանադրական դատարանի լիազորություններից սկսած, աշխատակիցների ընտրությամբ ավարտած:
Բոլոր այս հարցերի շուրջ հասարակությունն իր առաջարկներն ու կասկածներն ունի:
Ֆինանսները
Զիտա Բեսաևա.
«Սահմանադրական դատարանը միշտ անհրաժեշտություն է եղել, սակայն հնարավորություններ չեն եղել, չէ՞ որ պետք է հասկանալ, որ դրա աշխատանքի համար կադրեր են պետք, տեղ, աշխատակիցներին աշխատավարձ է պետք տալ: Լեոնիդ Թիբիլովը Սահմանադրական դատարանի մասին հրամանը ստորագրել է միայն այն բանից հետո, երբ հաստատվել է Ռուսաստանի կողմից ֆինանսավորումը»:
Լիազորությունները
Անատոլի Բիբիլով.
«Սա դատական համակարգի բարեփոխումների ավարտը չէ: Դեռ պետք է կարգավորել այն հարցը, թե ինչ խնդիրներ է դիտարկելու Սահմանադրական դատարանը, ինչը՝ Գերագույն դատարանը»:
Թիմուր Ցխուրբաթի, քաղաքագետ.
«Սահմանադրական դատարանն է ստեղծում երկրի քաղաքական համակարգը: Այժմ, երբ մեզ մոտ ստեղծվել է Սահմանադրական դատարան, կարելի է հույս ունենալ, որ Հարավային Օսիան ԱՄՆ-ից առաջ կանցնի կյանքի մակարդակով»:
«Ես իրավաբան չեմ և ոչ էլ մեծ մասնագետ այս գործում, սակայն բոլոր այն երկրներում, որոնք կարող են պարծենալ կյանքի բարձր մակարդակով ու բնակչության բարեկեցությամբ, գոյություն ունի Սահմանադրական դատարան:
Եվ դրա բացակայությունն, իհարկե, մեզ վարկաբեկել է միջազգային հանրության աչքերում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ սա դրական քայլ է և, հուսով եմ, որ իր դերը կունենա:
Ի՞նչն է ինձ համար այս հարցում ցուցանիշ: Մենք կարող ենք վատ կամ լավ վերաբերվել Միացյալ Նահանգներին, բայց փաստ է, որ ԱՄՆ-ը աշխարհի առաջատար երկիրն է: Կարող ենք խոսել աշխարհի երկբևեռության և այլ բաների մասին, սակայն այն միևնույնն է միաբևեռ է, և Միացյալ Նահանգներն առաջատարն է այդտեղ:
ԱՄՆ քաղաքական համակարգը ձևավորել է հենց Սահմանադրական դատարանը: Այնտեղ հայտնվող մարդիկ ընտրյալներ էին, նրանց կրկին ընտրել հնարավոր չէր, նրանք ստեղծում էին համապատասխան օրենքներ, և մենք տեսնում ենք, որ այդ երկիրը բարգավաճում է: Ես հուսով եմ, որ Հարավային Օսիան կյանքի մակարդակով շուտով առաջ կանցնի ԱՄՆ-ից»:
Պատմում է քաղաքագետ Թիմուր Ցխուրբաթին
Արհեստավարժ աշխատակիցներ
Սահմանադրական դատարանի դատավորները հինգն են և ընտրվում են 10 տարի ժամկետով:
Երկու թեկնածուներին նախագահն ինքն է նշանակում, երրորդին` ներկայացնում է խորհրդարանի հաստատմանը: Մյուս երկու թեկնածուներին Սահմանադրական դատարան է ներկայացնում խորհրդարանը:
«Մեր ընտրությունը Օսիան է» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Ալան Ջուսոև.
«Այժմ շատ են խոսում միջգերատեսչային համաձայնագրերրի մասին: Սահմանադրական դատարանը գնահատական է տալու այդ բոլոր փոստաթղթերին, թե որքանով է Ռուսաստանի և այլ երկրների հետ մեր պայմանագրային բազան համապատասխանում Սահմանադրությանը: Մեր պաշտոնյաները նվազագույնը պետք է ավելի կիրթ ու պատասխանատու դառնան, առաջին հերթին, դա վերաբերում է ներքին գործերի նախարարությանը, դատախազությանը, քննչական մարմիններին ու տեղի ղեկավարությանը»:
Զիտա Բեսաևա.
«Այսօրվա դրությամբ, կարծում եմ, մենք կարող ենք հույս դնել երեսունհինգից բարձր տարիքի իրավաբանների վրա, ովքեր բուհն ավարտելուց հետո լավ պրակտիկա են ունեցել»:
Սոցցանցերի քննարկումներից.
«Հին ու չարքչրքված կադրերին նոր տեղերում կնշանակեն: Բայց պետք է նոր որոկավորման կոլեգիա ստեղծել Սահմանադրական դատարանի ապագա անդամների գիտելիքների մակարդակի համապատասխանությունը պարզելու համար: Եվ այդ կոլեգիան պետք է բաց գործընթաց դարձնել՝ հեռուստատեսության մասնակցությամբ: Այդպիսի դատարանի ստեղծումն իմաստ ունի, եթե կոմպետենտ մասնագետներ կան»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ.
Հրապարակվել է 22.03.2016