Ո՞վ է Ահմեդ Չատաևը, որին ենթադրաբար սպանել են Թբիլիսիում
Թբիլիսիում մասշտաբային հատուկ գործողության արդյունքում ենթադրաբար սպանվել է Ահմեդ Չատաևն՝ աշխարհում ամենաորոնվող ահաբեկիչներից մեկը: «Նովայա գազետան» հիշեցնում է այսպես կոչված Իսլամական պետության ռազմական առաջնորդներից մեկի կենսագրությունը
Նոյեմբերի 21-ի երեկոյան Թբիլիսիի Իսանի թաղամասի թաղերից մեկը շղթայվել էր ուժային կառույցների կողմից. բազմաբնակարան բնակելի շենքի երրորդ հարկում զինված զինյալներ էին ամրացել:
Հատուկ նշանակության ծառայության և ոստիկանության մի քանի ստորաբաժանում, զրահատեխնիկա, բնակիչների տարհանում, ինչպես նաև՝ մոտակա դպրոցի:
Բանակցությունների փորձ, այնուհետև գրոհի փորձ, հետո կրկին բանակցություններ, հետո կրկին գրոհ: Հրդեհ մի քանի բնակարանում: Այդպիսի ռազմական գործողություններ խաղաղ Թբիլիսին վաղուց չէր տեսել:
Հատուկ գործողությունը մեկ օր տևեց: Արդյունքում՝ 4 հատուկջոկատային վիրավորվեց, նրանցից մեկն ավելի ուշ մահացավ հիվանդանոցում, զինյալներից մեկն ավելի վաղ էր ձերբակալվել, երեքը սպանվեցին:
Նոյեմբերի 23-ին վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ, հաղորդեցին, որ սպանվածների թվում էր Ահմեդ Չատաևը՝ «Կովկասի իմարաթի» առաջնորդ Դոկու Ումարովի մոտ համախոհն ու Իսլամական պետության ղեկավար ալ-Բղդադիի մերձավորն ու «Հյուսիսային Կովկասում համար մեկ համաշխարհային թշնամին» (հենց այսպես է 2015թ-ին նրա մասին խոսել ամերիկյան սենատոր, անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մաքքոլը):
Ահմեդ Չատաևը ծնվել է Չեչնիայի Վեդենո բնակավայրում 1980թ-ին: Մասնակցել է երկրորդ չեչենական պատերազմին, որի ընթացքում կորցրել աջ ձեռքը և ստացել Միձեռնանի մականունը: 2000-ականների սկզբին ընտանիքով Եվրոպա է փախչել: Ռուսաստանը Չատաևի հանդեպ Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել, սակայն 2003թ-ին նա կարողացել է Ավստրիայի իշխանություններին համոզել իրեն քաղաքական ապաստան տալ (ըստ որոշ տեղեկության, նա հայտարարել է, որ իր ձեռքի բացակայությունը ռուսական ուժայինների կողմից կտտանքների հետևանք է): Բոլոր հետագա տարիներին նա շրջագայում էր Եվրոպայի տարբեր երկրներով որպես Դոկու Ումարովի պաշտոնական ներկայացուցիչ:
Չատաևի ճակատագրի մասին կարելի է գրքեր գրել և արկածային ֆիլմեր նկարել: Վերջին տասը տարվա ընթացքում նրան կալանավորել են 5 անգամ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Շվեդիայում և Վրաստանում զենքի պահպանման կամ ահաբեկիչների հետ կապերի համար կասկածների պատճառով: Եվ ամեն անգամ նա հաջողացնում էր ազատ արձակվել: Նրան ազատ էին արձակում «մեղքը չապացուցված լինելու» պատճառով, և միշտ գտնվում էին ազդեցիկ քաղաքական գործիչներ կամ միջազգային կազմակերպություններ, որոնք պաշտպանում էին նրան՝ քաղբանտարկյալին, որին իբր հետապնդում են ռուսական շխանությունները:
2012թ-ի օգոստոսին Չատաևի ազգանունը հայտնվում է Դաղստանի սահմանին գտնվող Լապանկուրի վրացական լեռնային գյուղի մոտ անցկացրած սկանդալային հակաահաբեկչական գործողության կապակցությամբ: Վրացական ՆԳՆ պաշտոնական վարկածի համաձայն՝ Դաղստանի կողմից Վրաստան էր ներթափանցել 20 հոգուց բաղկացած լավ զինված խումբ: Դրա նպատակը «երկրում իրավիճակի ապակայունացումն էր» (այդ ընթացքում Վրաստանում խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում): Սակայն արդյունքում այդ վարկածն արժանահավատ չէր: Հատուկ գործողության արդյունքում լիկվիդացվել էր 11 զինված տղամարդ, նրանք բոլորը կիստինցի էին՝ ծնունդով Վրաստանի Պանկիսիի կիրճից: Ըստ որոշ տվյալների՝ երիտասարդները մի քանի ամսվա ընթացքում ռազմական ուսուցում են անցել Պանկիսիում, այդ թվում՝ Չատաևի ղեկավարությամբ: Խումբը պլանավորվում էր Ռուսաստան ուղարկել «Կովկասի իմարաթի» շարքերը լրացնելու համար:
Հատուկ գործողության ընթացքում Ահմեդ Չատաևը վիրավորվել էր և մի քանի օր անց հանձնվել իշխանություններին: Բիձինա Իվանիշվիլիի կրկին ընտրված կառավարությունն ազատ էր արձակել Չատաևին սկզբում՝ գրավով, ավելի ուշ՝ նրա վրայից հանելով բոլոր մեղադրանքները: Ընդ որում, պաշտոնական վարկածի համաձայն, հատուկ գործողության վայրում նա հայտնվել էր Սահակաշվիլիին հավատարիմ վրացական ուժայինների հրավերով բանակցություններին միջնորդ լինելու համար:
Համաներումից հետո Չատաևը տեղափոխվել էր Թուրքիա: Իսկ 2015թ-ի փետրվարին հայտնի դարձավ, որ նա մեկնել է Սիրիա, որտեղ հավատարմության երդում է տվել ԻՊ ղեկավար ալ-Բաղդադիին: ԻՊ-ում նա միանգամից զգալի պաշտոն է զբաղեցրել՝ դառնալով մեկ այլ հայտնի կիստինացու և իր վաղեմի ծանոթ Թարխան Բատիրաշվիլիի (ԻՊ շարքերում հայտնի է որպես Աբու աշ-Շիշանի) մերձավորը, որն այդ ժամանակ ղեկավարում էր այսպես կոչված «պատերազմի նախարարությունը»:
Չատաևը գլխավորեց «Յարմուկ» գումարտակը՝ ԻՊ ստորաբաժանումը, որը չեչեններից էր կազմված: Սակայն մարտական գործողություններին նա չէր կարող մասնակցել. երկրորդ չեչենական պատերազմի ընթացքում կորցրած աջ ձեռքից բացի նա կորցրել էր ձախ ոտքը Վրաստանում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում: Ռազմական նախարարությունում նա սկսեց զբաղվել գործողությունների պլանավորմամբ, ինչպես նաև ղեկավարել ֆինանսները (Չատաևն այնքան լավ էր կատարում իր պարտականությունները, որ 2016թ-ի ամռանը Բատիրաշվիլիի մահից հետո ժամանակավորապես կատարում էր նրա պարտականությունները):
2015թ-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն Չատաևի որպես ահաբեկչի հանդեպ հետախուզում հայտարարեց և նրան ներառեց պատժամիջոցային ցուցակներում, որոնք ենթադրում են ԱՄՆ տարածքում բոլոր ակտիվների և գույքի սառեցում: Ավելի ուշ Չատաևի հանդեպ նման նախաձեռնությամբ հանդես եկավ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը:
2016թ-ի հունիսին Ստամբուլի միջազգային օդանավակայանում խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ, որի արդյունքում 43 մարդ զոհվեց, մոտ 240-ը վիրավորվեց: Ողբերգությունից մի քանի օր անց սենատոր Մաքքոլը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ահաբեկչության կազմակերպիչ է համարում Ահմեդ Չատաևին, հենց նա էր համակարգում երեք մահապարտներին, որոնք պայթել էին օդանավակայանում:
2015թ-ին Ահմեդ Չատաևը Սիրիայից վրացական իշխանություններին սպառնալիքներով աուդիոձայնագրություն էր ուղարկել: Նա պահանջում էր ազատ արձակել Պանկիսիի գյուղերից մեկի նախկին իմամ Այուբ Բորչաշվիլիին, որը ձերբակալվել էր վրացի ուժայինների կողմից ԻՊ հետ կապ ունենալու կասկածանքով: Այդ պահանջը չկատարելու դեպքում Չատաևը սպառնում էր ահաբեկչություն կազմակերպել Վաստանի տարածքում: Դատաքննության ընթացքում Բորչաշվիլին խոստովանեց, որ ԻՊ ներկայացուցիչն էր Պանկիսիում, հավաքագրում էր երիտասարդներին և ուղարկում կռվելու «Խալիֆաթի» հողերում: Այժմ Բորչաշվիլին 14 տարվա պատիժ է կրում բանտում:
Թե ինչպես էր աշխարհում ամենաորոնվող ահաբեկիչներից մեկն՝ Ահմեդ Չատաևը, հայտնվել Վրաստանի տարածքում, հայտնի չէ մինչև այսօր: Վրաստանի իրավապահ մարմիններում «Նովայա գազետայի» աղբյուրների համաձայն՝ ուժայինները հետևում էին Չատաևին և նրա մարդկանց և նույնիսկ հատուկ գործողության ժամանակ փորձում էին նրան կենդանի վերցնել՝ նրա հետ բանակցություններ վարելով:
Սպանվածների անձը մինչև հիմա պաշտոնապես հաստատված չէ: