«Ո՞վ ավելի շատ կծախսի» մրցման եզրափակիչը
Հեռուստացույց չունեցող ամերիկացիների 9 տոկոսը միայն այդ օրվա համար որոշում է գնել այն, իսկ հետո վաճառել կամ տալ ուրիշի: Հենց այդ օրը վաճառվում է ավելի քան 310 միլիոն շիշ գարեջուր, որի հետ «ուտվում է» մոտ 15.000 տոննա չիփս, 415 միլիոն հատ հավի թևիկ։ Հազարների ու միլիոնների այս շքերթը ես տեսա 2015 թվականին Արիզոնայում: Այս նահանգը հյուրընկալում էր Ամերիկյան Ֆուտբոլի եզրափակիչ խաղը, որը կոչում են Սուպեր Բոուլ:
Երեկոները նայում էի, թե ինչպես են ինքնաթիռները բառացիորեն հերթ կանգնում Արիզոնայի երկնքում՝ վայրէջքի համար: Առավոտները կարդում էի հաղորդագրություններ, թե չարտերային չվերթերով ովքեր են ժամանել Ֆենիքս՝ Արիզոնա նահանգի մայրաքաղաք. Էլթոն Ջոն, Քիմ Քարդաշյան: Նրանց կողքի աթոռների տոմսերը ձեռքի վրա վաճառվում էին 20-ից 50 հազար դոլարով: Մեկ «սովորական» տոմսը 4400 դոլար էր, բայց դա «մեկնարկային» գինն էր:
Սուպեր Բոուլը երես է հանում ամերիկյան ողջ պերճանքը, առանց թշվառության: Խաղին նախորդող երեկոներին, երբ դուրս էի գալիս փողոց՝ մոլորվում էի իմ «հարազատ» Ֆենիքս քաղաքում. փողոցները վերածվել էին առևտրի և զվարճանքի կենտրոնների, շենքերը ծածկվել էին գովազդի պաստառներով, մայթերին ու անցումներին ցույցեր էին անում աթեիստները, ագնոստիկները, աբորտի կողմնակիցները, իհարկե նաև՝ հակառակորդները և բոլորը-բոլորը:
Այսպիսի բան տեսնելուց հետո կարելի է հասկանալ վիճակագրությանը. ամերիկացիների 19%-ը չի գնացել հարազատ մարդու հուղարկավորությանը, իսկ 15%-ը ներկա չի գտնվել երեխայի ծնունդին, որպեսզի մասնակցի Սուպեր Բոուլի եզրափակչին:
Այս ամենը, սակայն, ոչինչ է համաշխարհային բիզնեսի նախապատրաստությունների համեմատ: Այս տարի, փետրվարի 5-ին Թեքսասի մայրաքաղաք Օսթինում գովազդատուները նոր ռեկորդներ խփեցին՝ Սուպեր Բոուլի ընդմիջմանը 30 վայրկյան տևողությամբ գովազդով ներկայանալու համար: Այդ գովազդները պատրաստվում են տվյալ օրվա համար, սովորաբար հեռարձակվում են միայն մեկ օր:
30 վայրկյանի գինը եղել է մոտ 5 միլիոն դոլար, ըստ «Ֆորբս» հանդեսի: Պատրաստման վրա, ըստ նույն աղբյուրի, ծախսվում է ևս մի 7 միլիոն: Այսինքն, 12 միլիոն դոլարը երևում ու կորչում է կես րոպեի ընթացքում: Իսկապես կորչում է, որովհետև «Ֆորբսի» ուսումնասիրությունների համաձայն, դրանց «օգուտը» շատ քիչ է:
Budweiser ապրանքանիշի Anheuser-Busch գարեջուրը Սուպեր Բոուլում գովազդելու համար վերջին 7 տարում 218, 5 միլիոն դոլար է ծախվսել:
Այս տարի ներգաղթյալների պատմություն ունեցող շատ ընկերություններ իրենց գովազդներով «պատասխան են տվել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նույն այդ Anheuser-Busch-ի հոլովակը դասական «գովազդային ապտակ» է բոլոր նրանց, ովքեր դեմ են ներգայղթյալներին:
Anheuser-Busch-ի հոլովակը
[youtube youtubeurl=”7ZmlRtpzwos” ][/youtube]
Audi-ն «շան օրն է» գցել նրանց, ովքեր չեն բողոքում կանանց ավելի քիչ վճարելու դեմ: «Ի՞նչ եմ ասելու աղջկաս» հոլովակը կոչ է աշխարհին… Audi-ի հետ մտածելու սեռերի իրավահավասարության մասին:
Audi-ի հոլովակը
[youtube youtubeurl=”G6u10YPk_34″ ][/youtube]
Բնակարանային վարձակալության հայտնի Airbnb-ն ավելի հեռու է գնացել ու տեղում «մեխել», որ բիզնեսի համար բազմազանություն է պետք: «Մենք ընդունում ենք» հոլովակը, ասում են, պատասխան է Թրամփի ճամփորդական արգելքի որոշմանը:
Airbnb-ի հոլովակը
[youtube youtubeurl=”5qUTYHnLz2g” ][/youtube]
Սուպեր Բոուլը, այսպիսով, դարձել է կես րոպեում ասելիքը տեղ հասցնելու ամենալավ միջոցը։ Ամերիկայում չկա որևէ մի այլ հնարավորություն միաժամանակ մոտ 117 միլիոն մարդկանց հետ «խոսելու» համար։ Ուրիշ բան, որ CBS-ը` գլխավոր հեռարձակողը այդ կարճատև «զրույցի» համար միլիոներ է գանձում։
«Հարվարդ Բիզնես Ռեվյու» պարբերականը (Harvard Business Review) ուղղակիորեն զգուշացնում է, որ այդքան մեծ փողերով եթերաժամանակ առնելը հավասար է փողը վառելուն։ Գովազդատու ընկերություններին նա համեմատում է դեմքին տատու ունեցող գանգստերի հետ՝ միշտ ճանաչվում ես քո վատ կողմով։
Ամերիկացի իրավապաշտպանները այդ միլիոնները ծախսելու հազարավոր ոլորտներ են նշում, քննադատում են սպառողական այսպիսի մոտեցումը, բայց այդ ամենը՝ միայն խաղից հետո։ Խաղի ընթացքում թնդանոթները լռում են, իսկ ընդմիջմանը պտտվում են գովազդները և երգում է անկրկնելի Լեդի Գագան, ում թռիչքը մարզադաշտում լուսավորելու համար 40 անօդաչու սարք է աշխատել։
Ազնիվ խոսք, չգիտեմ, թե ովքեր են այս անգամ խաղացել եզրափակիչոում, և ով է հաղթել ու՝ ինչ հաշվով։ Այսպիսի միլիոների, ամերիկյան ֆուտբոլի բարդ կանոնների, Լեդի Գագայի թռիչքի կողքին այդ հաշիվն այնքան մանր բան է թվում: