Շուշիի գորգերի պատմությունները՝ աշխարհի ու հենց իրենց մասին
Շուշիի գորգերի թանգարանի հարյուրից ավելի նմուշներն արդեն քանի ամիս ապաստանել են Երևանում։ Դրանք ցուցադրվում են Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում։ Ամեն գորգ մի պատմություն է պատմում՝ յուրօրինակ նախշի ու թաքնված իմաստների միջոցով։ Ու ամեն գորգ իր սեփական պատմությունն ունի։
44–օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը միշտ համարվել է Արցախի մշակութային կենտրոնը։ Վերջին տասնամյակներում այստեղ 5 թանգարաններում և մի շարք այլ ցուցասրահներում արվեստի հազարավոր նմուշներ էին ցուցադրվում։ Բայց Շուշիի գորգերի թանգարանը միակն է, որ պատերազմի ընթացքում կարողացել է տարհանել իր նմուշների գոնե մի մասը։
- Ռուսական գործոնը՝ թուրքական սպառնալիքի դեմ. ով «կփրկի» Հայաստանը
- Արցախյան երկրորդ պատերազմից հետո․ հոգեբանական հաղթահարման փուլ
- Պարտության պատճառները․ Արցախյան երկրորդ պատերազմի միֆերն ու իրականությունը
Թամանյանի անվան թանգարանի աշխատակիցները հպարտությամբ են ասում՝ աշխարհի ոչ մի այլ ցուցասրահում յուրաքանչյուր այցելուի հետ անգամ շարքային աշխատակիցները չեն շրջի, չեն պատմի։ Իսկ այստեղ դա անում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը՝ յուրաքանչյուր այցելուի համար, առանց հոգնելու ու տրտնջալու։
«Գորգերն, իհարկե, շատ գեղեցիկ են, բայց ինձ համար շատ կարևոր է, որ այստեղ մտնող յուրաքանչյուր մարդ ոչ միայն տեսնի դրանց գեղեցկությունը, այլև ծանոթանա իմաստին ու բովանդակությանը, որ ամփոփված են այս գորգերի մեջ։ Սրանք Արցախի, մեր պատմության ձեռագործ մատյաններն են։ Մենք հայրենիք ենք կորցրել, և ես ուզում եմ, որ այս պատմությունները մնան մեզ հետ, որպեսզի մշակույթն ու հիշողությունն էլ չկորցնենք», — ասում է նա։
Թանգարանում հավաքված են գորգեր Արցախի բոլոր բնակավայրերից, դրանց մի մասն այստեղ է հասել աշխարհի տարբեր ծայրերից՝ ընտանիքներից, որոնց արմատը Արցախում է եղել։
«Ինձ համար պարտադիր պայման է, որ գորգը գնելիս հանդիպեմ այն ընտանիքի հետ, որին այն պատկանել է։ Սա անհրաժեշտ է ոչ միայն գորգի պատմությունն իմանալու համար, այլև՝ հենց ընտանիքի, որովհետև ես համարում եմ, որ այստեղ ներկայացված ցանկացած նմուշի դեպքում պարտադիր է, որ հայտնի լինի նաև դրա ծագման հստակ վայրը», — ասում է Վարդան Ասծատրյանը։
Գորգերի թանգարան հիմնելու գաղափարը ծնվել է Արցախյան առաջին պատերազմից հետո ու իրականություն դարձել 2011 թվականին․
«Խորհրդային Միության տարիներին շատ էր պատահում, որ ադրբեջանցիները շրջեին գյուղից գյուղ ու գորգեր գնեին հայերից։ Դրա մասին բոլորը գիտեին։ Երբեմն դա անում էին նաև հայ վաճառականների միջոցով։ Անգնահատելի գանձեր էին հեռանում Արցախից՝ մոռացնելով պատմության շատ կարևոր դրվագներ։
Ապացուցված բան է, որ գորգագործությունը նստակյաց ազգերի մենաշնորհն է, քոչվորները դրանով չեն զբաղվել երբեք։ Արցախյան գորգերը իրենց ստեղծման վայրերից տանելով՝ ադրբեջանցիներն ուզում էին դրանք վերագրել իրենց պատմությանն ու մշակույթին», — ասում է Վարդան Ասծատրյանը։
Մշակութային ժառանգությունը փրկելու համար երիտասարդ տարիքից նա որոշեց ինքը շրջել գյուղից գյուղ, գտնել դրա փշուրներն ու հավաքել մեկ հարկի տակ։ Տարիներ տևած այս որոնումները գրեթե 20 տարի հետո ամփոփվեցին Շուշիի գորգերի թանգարանում։
«Ընդհանուր առմամբ թանգարանում շուրջ 300 գորգ ունեինք։ Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 31–ին, մեծ դժվարությամբ կարողացա տարհանել գորգերի մի մասը՝ շուրջ 150 հատ։ Այդ ժամանակ չգիտեինք, որ Շուշին կընկնի, բայց ես արդեն կանխազգում էի սպասվող աղետը ու որոշեցի փրկել այն, ինչ կարող եմ։ Թանգարանի մուտքի մոտ երկու զինվոր էին կանգնած, օգնեցին դուրս բերել գորգերը։ Գորգերը դուրս եկան Շուշիից, զինվորները՝ չէ», — հիշում է Ասծատրյանը։
Թանգարանում պահվող մի քանի գորգեր պատմում են աշխարհի արարման մասին։
Այս փոքր «կտավների» վրա հայ վարպետները ներկայացրել են աշխարհի ստեղծումն ու դրախտից վտարումը։ Դրանց վրա տղամարդը, որին Աստված առաջինը ստեղծեց, չափերով ավելի մեծ է, իսկ կինը, որ ստեղծվեց տղամարդու կողից, ավելի փոքր։ Գորգերի վրա նաև կենաց ծառն է, որի պտուղը նրանց հավերժական դրախտից վռնդելու առիթ դարձավ։
Իսկ «Անդրաշխարհ» գորգը պատկերում է դժոխքի աստիճաններն ու գեհենի դարպասները հսկող կարիճներին։
«Գիշեր-ցերեկը» պատմում է Մետաքսի ճանապարի մասին, որն անցել է նաև Արցախով։
«Հայկական և մասնավորապես Արցախյան գորգերի մեջ շատ է սիմվոլիզմը, առասպելական պատումները։ Օրինակ՝ մեղվի զարդանախշով շատ գորգեր կան, որտեղ մեղուն Մայր Աստվածուհու սիմվոլն է և խորհրդանշում է հայկական ընտանիքներում մոր պաշտանմունքը, նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը», — պատմում է Վարդան Ասծատրյանը։
Արցախյան գորգերը ոչ միայն առասպելական նշանակություն ունեն, այլև խիստ կենցաղային․ դրանցով ընտանիքներն իրենց նորապսակ աղջիկների օժիտն են կապել, «աղաքսակներում» պահել հայկական ընտանիքներում սրբություն համարվող աղը, իսկ ճամփորդելիս անհրաժեշտ իրերը տեղավորել զարդանախշ խուրջիններում։
Թանգարանում շատ են հանդիպում նաև երկու կտորից բաղկացած գորգերը։ Ակնհայտ է, որ մի ժամանակ ամբողջական գորգը կիսվել է և միայն թանգարանում կրկին ամբողջացել։ Ասծատրյանը բացատրում է․
«Այս գորգերը, որպես կանոն, ընտանիքներում նախատեսված են եղել օժիտի համար։ Սոցիալական պայմաններից ելնելով՝ ընտանիքը, հաճախ, մեծ գորգերը կտրել և օժիտ է տվել մի քանի աղջիկների։ Հենց այդ պատճառով գորգերը հիմնականում ժառանգվել են հենց աղջիկների միջոցով»։
«Մի գորգ ունենք, որը շատերի նման կիսված է։ Մի կտորը գտնելուց հետո ընտանիքից հետաքրքրվեցի, թե որտեղ է մյուսը։ Ասացին՝ մեծ տատի քրոջ տանն է, կողքի գյուղում։ Գնացի մյուս կտորի հետևից։ Պարզվեց՝ մեկ օր առաջ Երևանից եկել են, գնել գորգը։ Մյուս կեսը փնտրեցի տարուց ավելի։ Պարզվեց՝ գորգը վաճառել են Շվեդիայում ապրող մի կոլեկցիոների։ Համոզեցի, որ գինն ասեն ու ավելին վճարեցի, միայն թե այդ կեսն էլ գնեմ։ Այդպես, մեկ տարի հետո գորգի երկու կեսերը գտան իրար», — պատմում է թանգարանը ստեղծողը։
Նաև գաղտնիք է բացում՝ հայ վարպետների գործած բոլոր գորգերի վրա խաչեր կան, անգամ, եթե առաջին հայացքից դրանք չեն նկատվում։ Ուշադիր զննելիս հաստատ կտեսնեք թաքնված խաչը։
Երևանյան թանգարանում գորգերի այս յուրօրինակ ցուցադրությունը կտևի այնքան, քանի դեռ այցելողներ կան, սակայն դրանց վերջնական հանգրվանը Վարդան Ասծատրյանը միայն Շուշին է համարում․
«Ես Շուշի վերադառնալու հույս չունեմ, ես Շուշի վերադառնալու նպատակ ունեմ»։
Ցուցադրության վերջում էլ նա ներկայացնում է աստղազարդ գորգը և բացատրում․
«Դրա գույներն ասում են, որ ամենամութ գիշերներից հետո լույս է բացվում»։