ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծանր է։ Այս հանգամանքը, սակայն, պաշտպանների խոսքով, չի խանգարել որոշում կայացնողներին Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Չարչյանը քրեակատարողական հիմնարկից «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 24-ին։ Նույն օրը սուր ինֆարկտ էր տարել։ Բացի այդ, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրենն ունի առողջական լուրջ խնդիրներ․ զարկերակային հիպերտոնիա III աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։
«Քրեակատարողական հիմնարկի կողմից պարտականությունների կատարումն ավելի քան պատշաճ է, սակայն Չարչյանի առողջական վիճակը լավ չէ։ Նա մեծ քանակությամբ ինսուլին է ստանում, սակայն իր բնավորության համաձայն՝ չի պնդում, որ տեղափոխվի մասնավոր բժշկական հիմնարկ, բայց պետության պոզիտիվ պարտավորությունն է դա ապահովելը», — Չարչյանին տեսակցելուց հետո լրագրողներին է հայտնել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Տեսակցությունից առաջ «Հայաստան» դաշինքի անդամներն ի նշան բողոքի հավաքվել էին «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ։ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ բժիշկների խոսքով՝ Չարչյանի դեպքում գործ ունենք կյանքի և մահվան ջրբաժանի հետ։ Ըստ փաստաբանի՝ ստեղծված իրավիճակի միակ լուծումը խափանման միջոցը փոխելն է․
«Այս իրավիճակներում պետք է մարդասեր լինել. նպատակը ո՞րն է՝ մարդու առողջական վիճակը քայքայե՞լը։ Ես որքան գիտեմ՝ բժիշկները բավարար չեն համարել Չարչյանի առողջական վիճակը, որպեսզի նրան ՔԿՀ տեղափոխեն»։
Չարչյանի մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն դիմել են ՔԿՀ վարչակազմին և խնդրել, որ Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն ստանալու համար դիմեն բժշկական հանձնաժողով։
«Դա ստանալուց հետո ՔԿՀ–ն պետք է դիմի դատարան և հայտնի, որ կալանքն անհամատեղելի է հիվանդության հետ, և դատարանը պետք է նիստ անի ու որոշում կայացնի», — նշեց Ալեքսանյանը։
Չարչյանն օրական 92 միավոր ինսուլին է ստանում։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ կառավարության 825-Ն որոշման համաձայն՝ հիվանդության այդ տեսակն անհամատեղելի է կալանքի հետ։
Հայտնի բժշկի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 1-ին։ Նրա առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ պաշտպաններն օրեր առաջ արդեն դատարան էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն։ Մինչ այս պահը պատասխան չի ստացվել, թե երբ է լինելու միջնորդության քննությունը։ Պաշտպան Ալեքսանյանի խոսքով՝ հրատապ նիստ հրավիրելու ժամկետներ օրենքով նախատեսված չեն։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին, երբ համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանն իր աշխատակիցներին հորդորում մասնակցել գալիք ընտրություններին։
Եվ քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել էր քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ, պրոֆեսորը կալանավորվել էր։ Հուլիսի 21-ին, մեկ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Արմեն Չարչյանն ազատ էր արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։