Նոր աշխատատեղեր ու ֆինանսական օգնություն․ Հայաստանի աջակցությունն Արցախին շարունակվում է
2021 թ. մարտին Արցախում բացվել 600 նոր աշխատատեղ։ Դա հնարավոր է եղել Հայաստանի օգնության շնորհիվ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաղորդել է, որ կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ Հայաստանի ռեզերվային բյուջեից Արցախի կառավարությանն ավելի քան 4 մլրդ դրամ կփոխանցվի։
Բացի այդ, կառավարության նիստին հաստատվել է համաձայնագրի նախագիծ, ըստ որի՝ հաջորդ տասը տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի Հայաստանն Արցախի բյուջե կփոխանցի 10-ական միլիարդ դրամ։
Այս գումարները կուղղվեն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց կորցրած գույքի փոխհատուցմանը։
Արցախին Հայաստանի ֆինանսական օգնությունը 2020 թ-ի սեպտեմբերից գերազանցել է 50 մլրդ դրամը։
Ձեռնարկություններին փոխհատուցվում է աշխատակիցների եկամտահարկը
2021 թ. հունվարին Արցախում սկսվել է ոչ պետական ձեռնարկությունների աշխատակիցների եկամտահարկի փոխհատուցումը։
«Դրա շնորհիվ՝ ձեռնարկությունները հնարավորություն են ստացել նոր աշխատակիցներ ընդունելու, և մարտին Արցախի մասնավոր հատվածում զբաղվածների թիվն ավելացել է 600 մարդով։ Ներկայիս դրության մեջ սա լավ ցուցանիշ է», — նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Բացի այդ, Հայաստանի ռեզերվային բյուջեից հատկացվելիք 4 միլիարդի հաշվին կշարունակվի Արցախի բնակիչների կոմունալ ծախսերի վճարումը․ խոսքն էլեկտրաէներգիայի, գազի և կապի վարձավճարների մասին է։ Այս ծրագիրը գործարկվել է 2020 թ-ի սեպտեմբերին, և այժմ որոշում է կայացվել շարունակել այն մինչև 2021 թ-ի վերջը։
Ինչի՞ վրա է ծախսվելու ամենամյա 10 միլիարդը
Գումարը կուղղվի 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց կորցրած գույքի փոխհատուցմանը։ Գումարները տրամադրվելու են նրանց, ովքեր կորցրել են հասարակական և արտադրական նշանակության շենքեր, արտադրության միջոցներ, այգիներ, խաղողի այգիներ և անասուն, գյուղանտեսական և այլ տեխնիկա։
Եթե փոխհատուցման գումարը 5 մլն դրամից պակաս է, այն կտրամադրվի միանգամից, իսկ ավելի խոշոր գումարի դեպքում մուրհակներ կտրամադրվեն՝ տարեկան 10% եկամտաբերությամբ։
Տուժածներից յուրաքանչյուրին (լինի ֆիզիկական անձ կամ ձեռնարկություն) պլանավորվում է տրամադրել մինչև 100 միլիոն դրամ։
Արտոնություններ են նախատեսված նրանց համար, ովքեր ապրել են բնակավայրերում, որոնք պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ․
- ֆիզիկական անձանց 100%-ով ներվելու են բանկային վարկերը,
- իրավաբանական անձանց՝ մինչև 50%։
Բացի այդ, մոտակա երեք տարում Արցախի բնակիչներին կօգնեն մասնակիորեն և ամբողջությամբ մարել հիպոթեկը, գյուղատնտեսական և փոքր բիզնեսի վարկերը։
Վարչապետի հաշվետվությունը պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամի աշխատանքի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի բյուջեից ծախսվել է մոտ 120 մլրդ դրամ լրացուցիչ գումար։ 52 միլիարդը տրամադրվել է «Հայաստան» հիմնադրամի բյուջեից։
Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր հայտարարություններն այն մասին, որ հիմնադրամի միջոցներից պարգևավճարներ են տրվել պաշտոնյաներին, չեն համապատասխանում իրականությանը։
1992 թ-ից մինչև 2020 թ-ի սեպտեմբեր հիմնադրամին 247 մլն դոլար է նվիրաբերվել, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 212 մլն դոլար։ Այդ գումարով Արցախում ենթակառուցվածքների և բնակարանի շինարարություն է կազմակերպվելու։
«Ծրագրի արժեքը կազմելու է մոտ 110 մլրդ դրամ, այն կտևի երեք տարի։ Սա ամենախոշոր ծրագիրն է, որը հիմնադրամը երբևէ իրականացրել է Արցախում», — ասել է Փաշինյանը։