Նորաձևության շաբաթ Երևանում․ հայկական արտադրության հագուստն ապագա ունի՞
Նորաձևության շաբաթ Երևանում
Երևանում առաջին անգամ անցկացվել է նորաձևության շաբաթ։ Ներկայացվել է 60 բրենդ, որոնց թվում եղել են և հայտնի, և սկսնակ դիզայներների հավաքածուներ։ Ցուցադրություններին զուգահեռ տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, մարդիկ գնումներ են կատարել նորաձևության մարկետում:
Ոլորտի գիտակներն ասում են՝ սա պարզապես հավաքածուների ցուցադրություն չէր, այս միջոցառումը նոր էջ բացեց հայկական նորաձևության պատմության մեջ։ Իսկ կառավարության ներկայացուցիչը հենց բացման արարողությանն արդեն խոսեց տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված շոշափելի ներդրումների մասին։
JAMnews-ը զրուցել է մասնագետների հետ՝ հայկական նորաձևության ներկայի ու ապագայի մասին։
- Ոճային հագուստ՝ պարտադիր չէ թանկ
- «Ցածր դիմակայունության նախադրյալներ են ստեղծվում»․ կարծիք Հայաստանի տնտեսության մասին
- Հայաստանում հին շենքերը դարձնում են էներգախնայող ու գեղեցկացնում
Ներդրում՝ հանուն զարգացման
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը բացման արարողության ժամանակ հայտնեց, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների գործակցության արդյունքում Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի զարգացման հիմնադրամ: Գործընթացը սկսվել է դեռ մեկ տարի առաջ։
2011-2020 թվականներին Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանումն աճել է տարեկան ավելի քան 40%–ով։ 2022 թվականին՝ արտահանման ծավալները հատել են 200 մլն դոլարի սահմանը, ինչը 15.7% ավելի շատ է 2021 թվականի համեմատ։ Տենդենցը նկատելով՝ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարություն մշակել, որպեսզի Հայաստանում հագուստի արտադրությունը բարձր դիրքեր գրավի։
Փոխնախարարի խոսքով, ոլորտի զարգացման վրա կներդրվի ավելի քան 30 մլն դոլար:
«Տեքստիլ արտադրությունը մատչելի կդարձնի հայկական արտադրանքը»
Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն ասում է, որ տեքստիլ արտադրություն ունենալը ոլորտի զարգացման հիմքն է։ Դա կօգնի ավելի մատչելի և հասանելի դարձնել հայկական արտադրանքը սպառողի համար։ Ըստ նրա՝ Հայաստանն ունի խնդիրներ հումքի ներկրման հետ կապված, ինչի հետևանով էլ տեղի արտադրանքը թանկ է, իսկ տեքստիլի արտադրությունը միանշանակ կփոխի պատկերը։
«Այս պահին մեր շուկան շատերի համար աշխատուժի մատչելի լինելու տեսանկյունից հետաքրքրիր է։ Գիտեք, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան մի շարք միջազգային բրենդերի համար, ինչպիսին, օրինակ, Moncler-ն է, հագուստ է կարում։ Ապրանքանիշն ուղարկում է Հայաստան հագուստի հումքը, վերահսկում կարի ընթացքը և վերջնական արտադրանքը արտահանում։
Նույնը՝ «Սարտեքս» ընկերության դեպքում է. այստեղ նախորդ տարի Zara և Max Mara էին արտադրում։ Իսկ ունենալ սեփական արտադրություն նշանակում է հումք չներկրել ու ավելորդ գումար չծախսել»,- մանրամասնում է Աննա Սալոմեն։
Նորաձևության մարքեթինգի մասնագետն ասում է, որ նորաձևության շաբաթվա նման իրադարձությունները շատ կարևոր են դիզայներների համար։ Նրանք հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց ամբողջական հավաքածուները, ինչպես նաև ծանոթանալ միջազգային ինֆլյուենսերների ու բլոգերների հետ։ Այս ազդեցիկ հյուրերը գալիս են լուսաբանելու միջոցառումը, գնումներ են կատարում, բրենդի մասին անդրադարձեր են անում իրենց բազմահազարանոց լսարան ունեցող էջերում։
«Յուրաքանչյուր բրենդ նորաձևության շաբաթի արդյունքում վերջնականացրեց իր բրենդի ԴՆԹ-ն։ Հավաքածուների բեմում ցուցադրվելու ընթացքում հստակ ընդգծվում էր, տեսանելի էր դառնում, թե որն է բրենդի առանձնահատկությունը՝ ինչ ձևվածք, կար ու գույներ են նախընտրում»,- նկատում է Աննա Սալոմեն։
«Շուկան փոքր է, սպառողի հնարավորությունները՝ սահմանափակ»
Ոճաբան Մարիամ Մելիք-Բախշյանն ասում է, որ նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացված հայկական բրենդների արտադրությունը կիրառելի էր պոդիումից դուրս, ուներ ժամանակակից ձևվածք, այն համադրելի կլինի պահարաններում։
«Ես այդ հավաքածուների հետևում տեսա ասելիք, տեսա գաղափար, որը մատուցված էր աշխարհին համապատասխան։ Ֆակտուրաների միքսեր կային, կտորների, գույների յուրօրինակ համադրություններ»,- նշում է նա։
Թե ո՞րն է այդ դեպքում պատճառը, որ Made in Armenia պիտակով հագուստները մասայական չեն, Մարիամ Մելիք-Բախշյանն ասում է.
«Պատճառները աշխարհքաղաքական են՝ հումքի բացակայություն, հումքի ներկրման խնդիրներ փակ սահմանների, դեպի ծով ելք չունենալու պայմաններում։ Ես չեմ կարծում, որ մենք զիջում ենք որակով կամ որևէ այլ չափանիշով։ Մեր դիզայներներն անում են ամեն ինչ, որ իրենց բրենդը դառնա մասսայական, պարզապես շուկան փոքր է, սպառողի հնարավորություններն էլ սահմանափակ են։
Կա նաև կապերի խնդիր։ Եկեք հարևան Վրաստանի օրինակով դիտարկենք։ Եթե չլիներ Դեմնա Գվասալիան, որը Balenciaga-ի ստեղծագործական տնօրենն է, որքան էլ ստեղծագործ լինեին իրենց դիզայներները, առանց նրա օգնության այդ ճանապարհը երկու անգամ ավելի երկար կլիներ»։
Ոճաբանի դիտարկմամբ՝ ամենամեծ խնդիրներից մեկը մասնագիտական կրթության բացակայությունն է՝ չկա նորաձևության ոլորտի մասնագետներ պատրաստող կրթական հաստատություն, չկան կար ու ձևի պրոֆեսիոնալ ուսումնական կենտրոններ։
Մասնագետն ասում է, որ մարդիկ ձգտում են հայկական արտադրության հագուստ հագնել, պարզապես պետք է լուծել վերոնշյալ խնդիրները, հետևողական լինել զարգացման ուղղությամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նորաձևության շաբաթ Երևանում