Թե ինչպես էր Թբիլիսցի մեր բլոգերը փեսացու փնտրում
Մինչ JAMnews-ի բլոգեր Նինո Նատրոշվիլին փեսացու էր փնտրում, պարզեց, որ ամուսնանալն, ինչպես պարզվում է, հայրենասիրական գործ է Կարդացեք նրա պատմությունը
______________
Միայն ընտանիք կազմելու համար
Մի անգամ Ֆեյսբուքը սովորության համաձայն իր հիշողության խորքերից մեկ տարվա հնության լուսանկար պեղեց՝ բանկոմատին կպցրած փոքր գովազդային հայտարարություն. «Առաջարկում ենք կյանքի ընկեր գտնել և երջանիկ լինել»:
Զանգահարեցի նշված հեռախոսահամարով:
— Ողջույն:
— Ողջույն, — պատասխանեց տղամարդու ձայնը:
— Ամուսնանալու համար ծանոթույունների կենտրո՞նն է:
— Այո:
— Ինձ ձեր օգնությունն է պետք: Ի՞նչ անեմ:
— Ի՞նչ է ձեր անունը:
— Նինո:
— Տարի՞քը:
— Շուտով՝ 33:
— Խնդիր չէ: Գրանցվելու համար համեցեք Բակրաձե փողոց: Չմոռանաք անձը հաստատող փաստաթուղթ վերցնել ու մի լուսանկար:
— Ի՞նչ լուսանկար:
— Ձեր ընտրությամբ, որ մեծ լինի: 9х13 կամ 10х15:
— Արժե՞քը:
— Մեկ տարով գրանցումն արժե 70 լարի:
— Եվ կարող եմ վստահ լինել, որ թեկնածու կգտնե՞ք ինձ համար:
— Մենք բավականին մեծ բազա ունենք: Ձեզ անկետաներ, լուսանկարներ ցույց կտանք և կընտրեք նրան, ով ձեզ դուր կգա: Հետո կզանգահարենք այդ մարդուն, կպատմենք Ձեր մասին, և եթե նա համաձայնի, կծանոթացնենք ձեզ:
— Գումարը միանգամի՞ց ենք վճարում:
— Երբ ընտանիք են կազմում, սեր են փնտրում, փողի մասին չեն խոսում: Գրանցվելուց 10 օր անց պետք է բանկում վճարում կատարեք:
— Պարզ է:
— Ընդ որում, եթե չեք աշխատում և սոցիալապես անապահով եք, կարող ենք զեղչ անել:
— Ոչ, շնորհակալություն, ցտեսություն:
Որոշեցի փորձարկումս մինչև վերջ հասցնել: Երկրորդ անգամ եմ անցնում Բակրաձեն: Նախորդ դարի 80-ականներին խորհրդային ոճով կառուցված և օդորակիչներով պատված շենքը հեռվից է երևում: Վերելակից դուրս գալիս հայտնվում եմ կիսախավար միջանցքում, դռներից մեկի մոտ նկատում եմ գովազդային լուսանկարը: Զգուշությամբ թակում եմ:
Սենյակում երիտասարդ կին է նստած, ժպիտով է դիմավորում: Հասցնում եմ շուրջս նայել, քանի դեռ Սալոմեն անկետան է պատրաստում:
Բոլորովին այլ կերպ էի ինձ պատկերացնում այս կենտրոնը, նվազագունը՝ ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է: Իսկ այստեղ կարմիր սրտիկների և թմբլիկ կուպիդոնների փոխարեն պատերին դրոշներ են ու նախկին վարչապետի նկարները: Պատին «Կրիստալ» ամսագրի շապիկների ցուցադրություն է: Դրանցից մեկի վրա գրված է «Լքված աղջիկների ուղեցույցները»:
Հայացքս գցում եմ պատի այն հատվածին, որն ամբողջությամբ պատված է լուսանկարներով՝ զույգեր են ժպտում:
«Այս բոլոր մարդկանց ձեր կենտրո՞նն է օգնել», — հարցնում եմ Սալոմեին և փորձում ձայնիս հիացմունք հաղորդել՝ հույսի նրբերանգով:
«Այո, ամբողջ պատն էր պատված լուսանկարներով, չէին տեղավորվում, և մի մասը ստիպված էինք հանել», — հպարտությամբ պատասխանում է նա և տալիս անկետայի լրացման համար առաջին հարցը.
— Ձեր հասակն ու քա՞շը:
Դրան հետևում է ստանդարտ հարցերի շարան՝ իմ հորոսկոպի նշանը, ամուսնացած եմ եղել, թե՝ ոչ, ունեմ արդյոք երեխաներ, ծնողներ, քույր, եղբայր, մասնագիտությունս, աշխատանքի վայրս, արդյոք ունեմ տուն և ավտոմեքենա, արդյոք օգտագործում եմ սպիրտային խմիչքներ, ծխում եմ, թե՝ ոչ:
Մի փոքր սկսեցի ձանձրանալ, հանկարծ հիշեցի խորհրդային մանկությունից մի դրվագ՝ «Գրուզստատի» խորհրդային ոճի շենքը, որտեղ աշխատում էր մայրս և ինձ հետն աշխատանքի էր տանում:
«Ի՞նչ տարիքի տղամարդու հետ կցանկանայիք ծանոթանալ, ստորին և վերին սահմանը նշեք», — ես սթափվում եմ Սալոմեի հարցից:
«Հմ… երբեք այդ մասին չեմ մտածել: Թող լինի մինչև 40 տարեկան», — պատասխանում եմ ես:
Սկսվում է ամենահետաքրքիր մասը: Պետք է թվարկեմ, թե ինչ առավելություններ պետք է ունենա ապագա ամուսինս:
— Բարձրագույն կրթությունը պարտադիր է, չէ՞:
— Սեփական տուն և աշխատանք նույնպե՞ս:
Ամեն ինչին համաձայնում եմ՝ գլխով անելով: Սակայն միշտ չէ, որ զիջումների եմ գնում:
— Կարո՞ղ է բաժանված լինել:
— Ինչպե՞ս եք վերաբերվում ալկոհոլ օգտագործելուն, — հարցեր է տեղում Սալոմեն:
Երբ անթերի տղամարդու կերպարն արդեն պատրաստ էր, Սալոմեն ինձ բանկային հաշվեհամար տվեց: Հենց 70 լարի վճարեմ, կենտրոնն անմիջապես կսկսի փեսացու փնտրել: Սալոմեն հուսադրում է. 1-2 շաբաթ, և երջանկությունը դուռս կթակի, ավելի ճիշտ՝ սկբում բջջայինիս կզանգահարի:
Ամուսնությունն ազգային կարևորության գործ է
Մի քանի օր անց կրկին Բակրաձե փողոցում եմ: Ոչ, ասպետս դեռ չի հայտնվել: Այս անգամ մի կողմ դրեցի հարսի քողն ու այստեղ եկա որպես լրագրող:
Ծանոթությունների կենտրոնն արդեն 16 տարի է գործում է Թբիլիսիում: Այն գտնվում է Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամի ենթակայության տակ: Այդ կառույցի նախագահ Դավիթ Խիզանիշվիլին ասում է, որ հիմնադրամն ազգային կարևորության գործ է անում, նպատակը ազգի ավելացումն է:
«Սա մի գործ է, որն անհրաժեշտ է և՛ մարդկանց, և՛ երկրին: Վրաստանում շատ են չամուսնացածները, ովքեր իրոք օգնության կարիք ունեն: Ազգը ինչ-որ կերպ պետք է, չէ՞, ավելանա», — էմոցիոնալ պատմում է Դավիթ Խիզանիշվիլին:
Հարցազրույցի ժամանակ նրա հեռախոսը գրեթե չի լռում: Հաշվեցի. 30 րոպեի ընթացքում 8 հոգի զանգեց: Նրա խոսքով, օրվա ընթացքում ստիպված է լինում ավելի քան 50 զանգի պատասխանել: Իհարկե լինում են նաև զանգեր պարզապես հետաքրքրասերների կողմից: Դավիթ Խիզանիշվիլին արդեն տարբերում է նրանց. առաջին իսկ նախադասությունից հասկանում է՝ արդյոք մարդն ուզում է ընտանիք կազմել, թե պարզապես հետաքրքրությունից դրդված է զանգում:
«Իսկ ընտանիք կազմելը պարտադի՞ր է: Ընկեր կամ զուգընկեր չի՞ կարելի փնտրել», — հարցնում եմ ես ու կտրուկ բացասական պատասխան ստանում: «Կենտրոն կարելի է դիմել միայն ընտանիք կազմելու նպատակով: Մենք ազգային գործի ենք ծառայում», — նորից կրկնում է Խիզանիշվիլին:
«Իսկ եթե երեխա չեն ուզում կամ չեն կարողանում ունենա՞լ», — շարունակում եմ ես:
«Հավանաբար, այդպես էլ է լինում: Առողջական վիճակի մասին տեղեկանք ոչ ոքից չենք պահանջում», — պատասխանում է նա:
Ստանդարտ ընթացակարգն այսպիսին է. ցանկացողը կենտրոնում ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և հարցաթերթ է լրացնում, որը լրացրել եմ ես: Գրանցման համար բանկում վճարում է տուրքը, և 1-2 շաբաթվա ընթացքում կենտրոնի աշխատակիցները առկա անկետաների միջոցով ընտրում են համապատասխան թեկնածուին: Հանդիպումը կայանում է, եթե թեկնածուն հավանում է Ձեզ:
Կենտրոնի տվյալների բազայում մեկ տարի անկետայի գտնվելն արժե 70 լարի: Սոցիալապես անապահովներն ու գործազուրկներն անվճար են սպասարկվում: Կենտրոնը սպասարկում է միայն Վրաստանի քաղաքացիներին, ովքեր ապրում են Վրաստանում: Դավիթ Խիզանիշվիլին ասում է, որ Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների համար:
Կենտրոնը վիճակագրություն չի վարում կամ չի հրապարակում: Ամեն դեպքում, մեզ հրաժարվեցին նման տեղեկատվություն տրամադրել:
2015թ-ին Վրաստանում գրանցվել է 29 470 ամուսնություն, 2014-ին՝ 30044, սակայն քանի զույգ է ամուսնացել Ծանոթությունների կենտրոնի օգնությամբ՝ հայտնի չէ:
Կենտրոնի ծառայություններից կարող է օգտվել Վրաստանի 20 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացի, չնայած, ընդգծում է Խիզանիշվիլին, իրենց դիմում են հիմնականում 30-40 տարեկան տղամարդիկ:
Այսօր կենտրոնի անկետաների մեծ մասը տղամարդկանց է պատկանում: Նրանք, որպես կանոն, փնտրում են գեղեցիկ, ազնիվ, կիրթ, լուրջ, ընտանիք կազմելու ցանկություն ունեցող կանանց: Հենց այդ որոշիչներն են գերակշռում նրանց լրացրած անկետաներում:
Կանանց լրացրած անկետաներից իմանում ենք, որ նրանք մեծ մասամբ խուսափում են անլուրջ, ինչպես նաև ալկոհոլ օգտագործելուն հակված և գործազուրկ տղամարդկանցից:
Ամուսնանալու համար ծանոթության կենտրոնը միակն է Վրաստանում: Չնայած որ այսօր էլ համացանցի դար է, տարբեր թերթերում և ամսագրերում կարելի է տեսնել «Հանդիպում» սյունակ, որի միջոցով մարդիկ ընտանիք կազմելու հնարավորություն են փնտրում:
Վերջին տարիներին ծանոթության առումով կենտրոնի մրցակիցը սոցցանցերն են դառնում: Չնայած՝ Դավիթ Խիզանիշվիլին զգուշացնում է, որ սոցցանցերն այդ տեսանկյունից այնքան էլ վստահելի չեն:
«Մեզ մարդիկ են դիմում, ովքեր արդեն փորձել են ապագա ամուսին կամ կին գտնել Ֆեյսբուքում, բայց արդյունքի չեն հասել: Կարող ես անլուրջ մեկին հանդիպել, ով կխաբի»: Չնայած դրան, Խիզանիշվիլիի ապագայի պլանները կապված են հենց համացանցի հետ:
Կենտրոնը ծրագրում է առցանց միջավայրի մանրազնին ուսումնասիրություն անել և ընտանիք կազմել ցանկացողների միասնական բազա ստեղծել:
«Վրաստանում չամուսնացած զույգեր չպետք է մնան: Մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ», — կարծում է Դավիթ Խիզանիշվիլին:
* * *
Նստում եմ տաքսի և անմիջապես զանգում ընկերոջս, ով անհանգստանում էր իմ փորձարկման արդյունքների համար: Երբ վերջացրի պատմել և որոշեցի դուրս գալ մեքենայից, վարորդն ամենայն լրջությամբ խորհուրդ տվեց. «Աղջիկ ջան, ամեն դեպքում դու նշանածիցդ առողջության տեղեկանք պահանջիր, թե չէ, ինչ իմանաս, ինչ կարող է լինել»: