Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության (ISFED) նախագահ Նինո Դոլիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը խնդիր է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի համար: Ահա թե ինչու են նրանք ամեն կերպ փորձում միջոցներ ձեռնարկել քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար։
Daily Newsroom-ի եթերում Նինո Դոլիձեն կարծիք է հայտնել, որ եթե ամերիկյան օրենքի՝ FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) անալոգը Վրաստանում կիրառվի այնպես, ինչպես ԱՄՆ-ում, ապա այն չի տարածվի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների վրա։ Ըստ նրա՝ եթե Վրաստանի կառավարությունն այդ օրենքը կիրառի ընդդեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների, դա կլինի ոչ թե ամերիկյան FARA-ն, այլ «Իվանիշվիլիի FARA»-ն։
Ըստ Սոցիալական արդարության կենտրոնի՝ FARA-ի ողջամիտ մեկնաբանությունը լրատվամիջոցներին և ՀԿ-ներին դուրս կբերի այս օրենքի իրավասության դաշտից, սակայն «Վրացական երազանքն» այն դիտարկում է հատկապես մամուլի և ոչ կառավարական հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համատեքստում: Կազմակերպությունը նշում է, որ 1938 թվականին FARA-ի ընդունման համատեքստը, դրա էվոլյուցիան, ինչպես նաև դրա կիրառման վարչական և դատական պրակտիկան ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում FARA-ն չի կարգավորում ինքնավար հասարակական և մեդիա կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, այլ միայն թշնամական օտարերկրյա տերությունների գործակալների գործունեությունը:
«Միացյալ Նահանգներում այս օրենքը չի տարածվում անկախ հասարակական կամ մեդիա կազմակերպությունների վրա, որոնք գործում են իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան:
Եվ մենք կարծում ենք, որ այն իր էությամբ և բովանդակությամբ Վրաստանում նույնպես չի տարածվում մեզ վրա` ոչ ISFED-ի, ոչ էլ այլ հասարակական կամ մեդիա կազմակերպությունների: Մեր նպատակը Վրաստանի ժողովրդավարական զարգացումն է, ուստի կարծում ենք, որ դա մեզ չի վերաբերում»,- ասել է Դոլիձեն։
Նա հիշեցնում է, որ «Վրացական երազանքն» այս օրենքն ընդունելու իր մտադրությունը բացատրում է նրանով, որ այս թեմայով այլ օրենսդրական ակտերը չեն գործել։ Ըստ Դոլիձեի՝ սա ևս մեկ վկայություն է այն բանի, որ «Երազանքի» նպատակն է FARA-ն օգտագործել Վրաստանի քաղաքացիական հասարակության դեմ:
«Իհարկե, մենք կշարունակենք մեր գործունեությունը և չենք սահմանափակի կամ կասեցնի այն մեզ չվերաբերող օրենքի պատճառով: Մենք չենք վախենում այս կամ որևէ այլ օրենքից, որովհետև մեր գործունեությունը բարեխղճորեն ենք իրականացնում:
Եթե մեզ հետապնդեն մի օրենքի հիման վրա, որը մեզ չի վերաբերում, ապա դա կլինի քաղաքական հետապնդում և օրենքի չարաշահում: Եվ մենք չպետք է բացառենք նման հնարավորությունը»,- նշել է Նինո Դոլիձեն: